Home / Մեդիա / ԶԼՄ֊ները՝ զանգվածային ոչնչացման զենք․ Դավիթ Բարսամյանը Երևանում կխոսի մեդիայի և պրոպագանդայի մասին

ԶԼՄ֊ները՝ զանգվածային ոչնչացման զենք․ Դավիթ Բարսամյանը Երևանում կխոսի մեդիայի և պրոպագանդայի մասին

«ԶԼՄ֊ները սիրում են իրենք իրենց ներկայացնել իբրև օբյեկտիվ, հավասարակշիռ և ազատ որևէ կողմնակալությունից և օրակարգից։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է։ ԶԼՄ֊ները գործում են իբրև «զանգվածային ոչնչացման զենք»։ Այն ամենը, ինչ ներկայացվում է որպես նորություն, երբեմն ծածուկ, երբեմն կոպիտ պրոպագանդա է»։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենահայտնի անկախ լրագրողներից մեկը՝ Դավիթ Բարսամյանը հունիսի 6-ին Երևանում կխոսի մեդիայի, պրոպագանդայի և ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին։

Բարսամյանն ընդգծում է, որ ԶԼՄ֊ները խոշոր համախմբություններ են, որոնք ծառայում են մոբիլիզացնելու պետական ու կորպորատիվ իշխանություններում գերակայող հատուկ շահերը։

«Դեմոկրատական հասարակություններում բնակչությունը չի կառավարվում ուժի միջոցով. այն ենթակա է ավելի կատարելագործված գաղափարական մանիպուլյացիաների։ Անվերջ ստեղծվում և կրկնվում են էմոցիոնալ առումով ազդեցիկ պարզունակեցումներ և անհրաժեշտ պատրանքներ։

Ներկառուցված գաղափարները, ինչպիսին է աշխարհում ամենուր միջամտելու Վաշինգտոնի իրավունքը, ընդունվում են առանց վերլուծվելու և առանց մարտահրավերների։

Համաձայնությունը արտադրված է։ Հանրությունը, որը վերածվել է սոսկ հանդիսատեսի, մարգինալացված է», ֊ անդրադառնալով ժամանակակից աշխարհում մեդիայի դեռակատարմանը՝ նշում է Բարսամյանը:

«Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի կողմից կազմակերպած Բարսամյանի հետ հանդիպումը կկայանա Խնկո֊Ապոր գրադարանում, ժամը 18։30֊ին։ Բանախոսությունը կլինի անգլերեն՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ:

Հունիսի 8-ին՝ ժամը 19։00-ին, «Կոմունայի» գրասենյակում (Հրաչյա Քոչար 13, 33 արվեստանոց) Բարսամյանը խոսելու է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Հունիսի 9-ին, ժամը 18։00-ին, Բարսամյանը Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնում (Արշակունյաց պողոտա 3, 3րդ հարկ) հանդես կգա ևս մեկ դասախսությամբ՝ «Մեդիան, կապիտալիզմն ու շրջակա միջավայրը»։

Դավիթ Բարսամյանն Այլընրտանքային ռադիոյի հիմնադիրն ու տնօրենն է (անկախ
աուդիո ծրագրեր՝ Կոլորադո նահանգի Բոլդեր քաղաքում)։ Լինելով Ամերիկայի
ամենահայտնի և հարգանք վայելող անկախ լրագրողներից մեկը՝ Դավիթ Բարսամյանը
փոխեց մեդիայի պատկերը իր ռադիոծրագրերով և գրքերով՝ Նոամ Չոմսկու, Թարիք
Ալիի, Հովարդ Զիննի, Էդվարդ Սաիդի, Արունդհատի Ռոյի և այլոց հետ։ Իր առաջիկա
գրքերը Բարսամյանը համահեղինակել է Նոամ Չոմսկու և Արունդհատի Ռոյի հետ։ Նա
Մեդիա կրթության մրցանակի (ACLU՛s Upton Sinclair֊ի մրցանակ անկախ լրագրողների
համար) և Լաննան Հիմնադրամի կողմից Մշակութային ազատ ասոցիացիայի հաղթող է։
Այլընրտանքային լրագրության ինստիտուտը նրան անվանել է աշխարհի տասը մեդիա
հերոսներից մեկը։