Home / Բնապահպանություն / Ինչպես են Սյունիքի հանքերն ազդում բնակչության վրա․ բժիշկն ու բնապահպանը տարակարծիք են

Ինչպես են Սյունիքի հանքերն ազդում բնակչության վրա․ բժիշկն ու բնապահպանը տարակարծիք են

Կապանում աշխատող բժիշկը և բնապահպան ակտիվիստը տարբեր գնահատականներ են տվել՝ կապված մարդկանց և շրջակա միջավայրի վրա հանքերի ազդեցության հետ։

Սյունիքի մարզում 2017 թվականի ապրիլի դրությամբ շահագործման իրավունք ունեն մոտ 4 տասնյակ հանքավայրեր, որոնցից 14-ը մետաղական են: Հայաստանի տարածքում ամենաշատ հանքավայրերը գտնվում են հենց Սյունիքում, որոնք սփռված են մարզի ողջ տարածքով: Ամենամեծ թվով պոչամբարները նույնպես գտնվում են այդ մարզում:

Տարիներ շարունակ ակտիվիստների, բնապահպանների կողմից բարձրաձայնվում է բնության և մարդկանց առողջության վրա հանքերի թողած ազդեցությունը: «Կապանի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկաբույժ Արարատ Հարությունյանը հանքերի թողած ազդեցություններն և մարդկանց հիվանդություններն ուղղակիորեն իրար հետ չի կապում:

Նրա խոսքով՝ իր բժշկական պրակտիկայի 5 տարիների ընթացքում իրեն հանդիպած մանկական հիվանդությունները չեն կապվել հանքերի թողած հետևանքների հետ։ Հարությունյանը նշում է, որ երեխաների շրջանում հիմնականում հանդիպում են վիրուսային վարակներ։ Իր աշխատանքի ընթացքում բժիշկը հիշել է միայն մեկ արատով երեխայի ծնունդ։ Նրա հավաստամամբ՝ «աննորմալ» երևույթների դեպքում ինքը կահազանգեր Երևան:

Հանքերով հարուստ Սյունիքում, բժշկի վստահեցմամբ, պակասել են երեխաների թերսնուցումը և թերաճը, քանի որ պետության կողմից ճիշտ քաղաքականություն է վարվում սննդի կազմակերպման մասով։ Բացի դրանից, մայրերի շրջանում բարձրացել է իրազեկման մակարդակը և կրծքով կերակրելու պատրաստակամությունը։

Չնայած նրան, որ Հարությունյանին հայտնի չէ՝ արդյոք մարզում արվել է հետազոտություն, որը կբացահայտեր հանքերի թողած հետևանքները մարդկանց առողջության վրա, բժիշկն այն կարծիքին է, թե առհասարակ ամբողջ աշխարհում ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը․ «Չեմ գտնում, որ սա կապված է հանքերի հետ։ Իհարկե, հանքերի շահագործում էկոլոգիական ինչ-որ վիճակներ ստեղծում է, բայց չեմ կարող ասել, որ դա ազդել է մեր երեխաների առողջության վրա․․․ Այնպիսի հանճարեղ երեխաներ Մեղրիում, Քաջարանում կարող եք տեսնել, էդ էլ չեք ասի, որ ռադիոակտիվ ինչ-որ ազդեցության արդյունք է»։

Արդյոք Կապանի տարածաշրջանում կա քաղցկեղի աճի դինամիկա․ բժշկի խոսքով՝ իրեն բացարձակ չի հետաքրքրում դա, քանի որ իր բնագավառը չէ․ «Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Դա ինձ աբսալույտնի պետք չի։ Ես էդ մասնագետը չեմ, և ոչ էլ ուզում եմ դոկտրսկի թեզ գրել, ինչ-որ բնապահպանական գործունեություն ծավալել»։

«Հանքերի թեման շահարկման թեմա է դարձել։ Հանքեր միշտ եղել են Կապանում, Քաջարանում, Մեղրիում», – պնդել է Հարությունյանը։

Կապանում գործող «Զբոսավարներ հարավից» զբոսաշրջության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանի կարծում է, որ բժիշկները չեն կարող տեղյակ չլինել հանքերի թողած ազդեցությունների մասին․ «Ըստ իս՝ հնարավոր չէ, որ տեղյակ չլինեն, կարծում եմ, լավ էլ տեղյակ են, քանի որ մասնագիտությունից ելնելով՝ ինչ-որ տեղ տեսնում են՝ ինչ հետևանքով է այդ մարդու մոտ հիվանդույթունը, կարծում եմ՝ այս կամ այն պատճառով չեն ուզում բարցրաձայնել»։

Թե ինչ վերաբերմունք ունեն մարզի բնակիչները հանքերի և նրանց թողած ազդեցությունների հանդեպ, այս առումով բնապահպանը քաղաքացիներին երեք խմբի է բաժանում՝ ըստ նրա՝ բնակիչների մի մասի շրջանում կա գիտակցական մակարդակի խնդիր։ Նրանք չեն հասկանում հանքաարդյունաբերության հնարավոր վտանգները և հետևանքները, մի մասը գուցե տեղյակ է, սակայն անտարբեր է, մարզի բնակիչների մի մասն էլ աշխատում է հանքերում և կաշկանդված է խոսել խնդիրների մասին։

«Չեմ կարծում, որ հանքարդյունաբերության ոլորտի աշխատողներից որևէ մեկն առողջ լինի։ Նրանք մտածում են, որ կան աշխատատեղեր, իրենց ընտանիքներն են պահում։ Բայց այն գերշահույթները, որ ունենում են հանքարդյունաբերողները, մի մասը գոնե չեն ուղղում առողջապահական ծրագրերին։ Ասում են, որ ունեն փաթեթներ, իրենց աշխատողներն անվճար բուժվում են», – նշել է Հակոբյանը։

Վերջինիս խոսքով՝ հանքերի աշխատողները ստանում են 200-300 հազարին մոտ աշխատավարձ և համարում են, որ դա բարձր է, այնինչ իրականում նրանք այդ աշխատանքի համար ավելի մեծ գումար պետք է ստանան․ «5000-6000 եվրո պետք է ստանան, քանի որ հանքը շահագործները ունեն այդ հնարավորությունը»։

Բացի գործող հանքավայրերից, որոնք տարեցտարի մեծացնում են իրենց տարածքները, նոր շահագործվող հանքավայրերը նույնպես խնդիրներ են ստեղծում։

««Մազրայի» հանքավայրը, որն անմիջականորեն «Շիկահող»-ի արգելոցի պահպանվող գոտուն է կպած, իմ կարծիքով, հենց պահպանման գոտում է։ Քանի որ եթե կա արգելոց, արգելոցից 200-300 մետր հեռավորությունը չի նշանակում, որ դա արգելոցի հետ կապ չունի։ Հենց այս պահին էլ այնտեղ հետազոտական աշխատանքներն են անում։ Լիճքի և Տաշտունի ոսկու հանքավայրերը սկսել են շահագործել և դրանց բացասական ազդեցությունը կզգանք շրջապատի վրա»,- Հակոբյանը նշել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին ժամանակին պատկանող «Լեռ֊Էքսը», այժմ փաստացի չի գործում, բայց իր գործունեության կարճ ժամանակում «հաջողել է» բավական աղտոտել Գեղի գետի ավազանը և ձորը։ Դրա հետևանքները ակնհայտ են և անդառնալի։

2012-2013 թվականներին մարզում գործող բնապահպանները, ակտիվիստները, քաղհասարակության անդամները քաղաքացիական նախաձեռնությամբ են հանդես եկել կոնկրետ «Լեռ-էքս»-ի գործունեության դեմ համախմբվելու, սակայն այդպես էլ չի հաջողվել։ Հակոբյանը նշում է անհաջողության պատճառները․ «Բնապահպանական կոչված ՀԿ-ների մի մասն, ըստ էության, սնվում է հենց հանքարդյունաբերությունից, դրա համար մեզ չհաջողվեց։ Կարծում եմ՝ այս ենթադրությունը ճիշտ է։ Բայց մենք փոքր խմբով, այնուամենայնիվ, շատ քայլեր արեցինք օրենքի սահմաններում՝ այնքան հույս չդնելով և՛ Բնապահպանության նախարարության, և՛ իրավասու մարմինների վրա։ Բայց մենք արեցինք ինչ-որ փորձեր, ինչ-որ տեղ անհագստացրեցինք նրանց, ինչ-որ տեղ խանգարեցինք նրանց։ Չեմ ասում, որ մենք հաղթանակեցինք, պարզապես այդ պռոյեկտը փակվեց․ այնտեղ չի շահագործվում, բայց հետևանքները ակնհայտ են»։

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնն ուսումանասիրել էր Հայաստանի 10 համայնքների դպրոցների ու մանկապարտեզների ծորակներից վերցված ջրի նմուշները։ (Արարատի մարզի Արարատ քաղաքում, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա քաղաքներում և Արմանիս գյուղում, Սյունիքի մարզի Ագարակ, Կապան, Քաջարան քաղաքներում, Արծվանիկ, Աճանան, Սյունիք գյուղերում): Համաձայն հետազոտության, բոլոր այդ համայնքների դեպքում հողում արսենի, պղնձի պարունակությունը մտահոգության տեղիք է տալիս։

Սյունիքի մարզի Կարճևան գետի՝ Ագարակին մոտ ընկած հատվածում ջուրը գնահատվել էր «անբավարար» կամ «վատ» որակի՝ պայմանավորված երկաթի, նիկելի, պղնձի, քրոմի և մանգանի բարձր կենտրոնացումով:

Մարզի տարածքում հոսող Արծվանիկ գետի գետաբերանի ջուրը գնահատվել էր «վատ» որակի՝ պայմանավորված մանգանի, և «անբավարար» որակի՝ պայմանավորված երկաթի և նիկելի բարձր կենտրոնացումով: Կավարտ գետի ջուրը գնահատվել է «վատ» որակի՝ պայմանավորված երկաթի, նիկելի, պղնձի և մանգանի բարձր կենտրոնացումով: Ողջի գետի վերին և ստորին հոսանքների ջուրը «Միջին» և «Անբավարար» աղտոտվածության է եղել։