Home / Առողջապահություն / Շաքարի գործարանի մահացած աշխատակցի ընտանիքն ապրում է վագոն-տնակում

Շաքարի գործարանի մահացած աշխատակցի ընտանիքն ապրում է վագոն-տնակում

Հունիսի 3-ին աշխատանքի ընթացքում մահացած Շիրակի մարզի Ախուրյանի շաքարի գործարանի աշխատակից, Այգաբացի բնակիչ Արմեն Թովմասյանը կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ ապրում էր վագոն-տնակում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Թովմասյանի քեռակինը՝ Հասմիկը։

Վերջինս նշել է, որ Արմենը երկար տարիներ շաքարի գործարանում աշխատել է որպես բանվոր և ծանր աշխատանք կատարել․ «Ինչ-որ ապրանք էր գալիս, թափում էին իրենք»։

Թե ինչ պայմաններում է մահացել Թովմասյանը, հարազատները կոնկրետ չգիտեն, միայն տեղեկացել են, որ բարձր վագոնի վրայից է ընկել։

Հարազատնների տեղեկություններով՝ ևս մեկ հոգի ծանր վնասվածքներ է ստացել և վիրահատվել․ «Փառք Աստծո, գոնե փրկվել է։ Ինքն էլ թող ինվալիդ մնար, բայց փրկվեր, այդ դեպքը չլիներ»։

Հասմիկի տեղեկություններով՝ գործարանի ղեկավարությունից մինչ օրս ոչ-ոք չի այցելել մահացածի տուն և օգնություն առաջարկել։

«Նրանք ապրում են շատ վատ պայմաններում, միակ աշխատողը նա էր։ Երեխաները 12 և 6 տարեկան են։ Փոքրն այս տարի դպրոց է գնալու», – պատմել է Հասմիկը։

Նշենք, որ Ախուրյանի շաքարի գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։

«Ցայգ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյան ասել է, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: