Home / Դատարան / Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին մեղադրում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին մեղադրում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

Խուլիգանության և դանակահարության մեջ մեղադրվող Գ.Գ.-ի ծնողներն իրենց որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով՝ 2015թ. հունիսին 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս. Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը։ 2015թ. հուլիսի 1-ին Գ.Գ-ն կալանավորվել, ապա դատի է տրվել: Ինչպես պաշտոնական հաղոդագրության մեջ նշում է ՀՀ դատախազությունը, այս մասին ապացույցներ են հավաքագրել Հատուկ քննչական ծարայության քննիչները, ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ։

Պաշտոնական վարկածի համաձայն, մեղադրյալ Գ.Գ.-ի ծնողները Վարդենիսի բնակիչ Հ.Կ-ի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Մ-ի միջոցով գործով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 23.000 ԱՄՆ դոլար կաշառք՝ իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու, նույն գործով մեղադրյալ՝ իրենց դստեր ամուսին Մ.Կ-ին պատասխանատվությունից ազատելու նպատակով: Պետրոսյանը 2016թ. մարտի 18-ին կայացրել է պայմանավորված դատական ակտը:

Գործով մեղադրող դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անօրինական և անհիմն լինելու պատճառաբանությամբ բեկանել է նշված դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

«Բացի դա, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զ.Գ-ի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը նշված քաղաքացու ամուսնուց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ստացել են 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վ.Վարդանյանը կայացրել է պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը:

Քրեական գործով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ Կ.Գ.-ն, Մ.Գ.-ն, Գ.Գ.-ն և վերջին գործով միջնորդ Է.Չ.-ն, ովքեր տվել են խոստովանական ցուցմունքներ: Կաշառք տալուն օժանդակելու համար ձերբակալվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Հ.Կ.-ն և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կ.Կ.-ն: Նույն գործով կաշառք ստանալու համար ձերբակալվել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ս.Շհոյանը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին և դատավոր Վարդանյանին կաշառք ստանալու համար որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ Նախագահին առաջարկ ներկայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազը հունիսի 5-ին միջնորդությամբ դիմել է Արդարադատության խորհրդին, որի՝ նույն օրվա որոշումներով Պետրոսյանի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են», ֊ նշում է դատախազությունը:

Վանիկ Վարդանյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկվելու են այսօր։

Նշված փաստերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի (կաշառք տալը) և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդություն) հատկանիշներով։