Home / Առողջապահություն / Գևորգ Սաֆարյանի ոտքի ցավերն ավելի են ուժեղացել, ահազանգում է փաստաբանը

Գևորգ Սաֆարյանի ոտքի ցավերն ավելի են ուժեղացել, ահազանգում է փաստաբանը

2 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի ոտքի հետ կապված խնդիրները չեն լուծվում։ Նրան չի տրամադրվում համապատասխան բուժզննություն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

«Քայլելիս ոտքը ցավում է, իսկ Գոռ Ղլեչյանի (Քրեակատարողական վարչության ներկայացուցիչ ֊ խմբ․) պնդումը, որ ախտորոշումը պարզ է և Գևորգը ստանում է բուժում ճիշտ չէ, որովհետև այդ ախտորոշումը այլ հիվանդության հետ է կապված։ Ցավերի պատճառով ոտքը գետնին դնել չկարողանալու ախտորոշումը պարզ չէ, և խնդիրը հասկանալու համար պետք է գործիքային զննություն անցնի»,- նշել է փաստաբանը։

Հայրապետյանի փոխանցմամբ՝ վերջին դատական նիստի ժամանակ ոտքի ցավերի պատճառով Սաֆարյանն անգամ չի կարողացել կանգնել, և դատավորը նրան թույլ է տվել նստած պատասխանել հարցերին․ «Հիմա միայն հարազատների կողմից բերված քկսուկներն է քսում, որ ցավը մի քիչ մեղամանա, որովհետև մինչև ախտորոշումը պարզ չլինի, ոչինչ չենք կարող աել»։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ գործիքային ստուգումն անցնելու և դրա հիման վրա համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու պահանջով իրենք երկու ամիս առաջ դիմել էին Քրեակատարողական վարչություն, սակայն 2 ամիս է պատասխան չեն ստացել։

Նշենք, որ ապրիլին, երբ Սաֆարյանի պաշտպանը բարձրաձայնել էր նրա ոտքի հետ կապված խնդիրների և հետազոտման արդյուքների չտրամադրման մասին, Քրեակատարողական վարչությունը մեզ գրություն էր ուղարկել՝ պնդելով, որ Սաֆարյանը կամ նրա փաստաբանը չեմ դիմել հետազոտության պատճեները ստանալու համար, այլապես իրենք կտրամադրեին դրանք։