Home / Բանտ / «Սասնա Ծռեր» խմբի անդամի վիճակը վատացել է, համապատասխան բուժօգնություն չի ստանում․ փաստաբան

«Սասնա Ծռեր» խմբի անդամի վիճակը վատացել է, համապատասխան բուժօգնություն չի ստանում․ փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է։

Epress.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել է, որ Հակոբյանի մոտ աջ թևի և ոտքի շրջաններում այրող ցավեր կան, սակայն պարզ չէ, թե ինչի հետևանք են դրանք, քանի որ մինչև հիմա նա բուժզննում չի անցել։

«Նոր ստուգումներ անցկացնելու պահանջով արդեն դիմել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին և առայժմ սպասում ենք պատասխանի, որպեսզի հասկանանք, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու»,- նշել է Գյուրջյանը։

Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանը բազմիցս բարձրաձայնել է իր գանգատների մասին, սակայն չի նշանակվել նոր ստուգում, և կալանավորը չի ստացել համապատասխան բուժօգնություն․ «Իր հիվանդությունների պարագայում պետք է առնվազն շաբաթը մեկ անգամ ստուգումներ անցկացվեն, հատկապես սրտաբանի և նյարդաբանի կողմից, ինչը չի արվում։ Երկու ամսվա ընթացքում, ինչ Հակոբյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», միայն մի անգամ է համակարգային բուժզննում անցել, ինչը բավարար չէ, և նրա առողջական վիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»։

Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը 2014 թվականին ենթարկվել է վիրահատության՝ հեռացվել է ուղեղի ուռուցքը։ Կալանվայրում գտնվելու ընթացքում Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և 2017 թվականի փետրվարին նրան ուղեղի կաթվածի նախանշաններով տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

ԲԿ-ում մեկ օր մնալուց հետո վերջինս տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»։

Հակոբյանի առողջական վիճակը հաշվի առնելով՝ վերջինիս փաստաբանը դիմել էր դատարան գրավի դիմաց նրան ազատ արձակեու միջնորդությամբ, սակայն Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն մերժել էր դիմումը և անփոփոխ թողել Հակոբյանի խափանման միջոց կալանքը։