Գլխավոր / Դատարան / Արդյոք ամբաստանյալը կացինով էր շրջում․ կնոջ սպանության գործով նիստը՝ ոչ թափանցիկ

Արդյոք ամբաստանյալը կացինով էր շրջում․ կնոջ սպանության գործով նիստը՝ ոչ թափանցիկ

Մոտ մեկ տարի առաջ կացնահարված Մանսուրյանների ընտանիքի գործով դատական նիստերն ընթանում են ոչ թափանցիկ. լրագրողները, նիստին ներկաները հիմնականում չեն լսում, թե ինչ է կատարվում նիստերի դահլիճը բաժանող ապակուց այն կողմ:

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստի ընթացքում հարցաքննվել են Մանսուրյանների հարևանները՝ ամուսիններ Լիլիթ Հարությունյանը և Սամվել Գրիգորյանը։ Հենց նրանք են առաջինն օգնություն ցույց տվել 2016 թվականի հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանի նախկին ամուսնու՝ Վլադիկի կողմից կացնահարված Թագուհուն և նրա ծնողներին։ Կացնի հարվածներից Թագուհու մայրը՝ Կարինե Մանսուրյանը, տեղում մահացել էր։

Դեռևս իր նախաքննական ցուցմունքում Վլադիկ Մարտիրոսյանը ասել էր, որ կացինը պատկանել է ոչ թե իրեն, այլ Թագուհու հորը՝ Վաչագան Մանսուրյանին։ Վլադիկի խոսքով՝ հենց նախկին աներն էր կացինը ձեռքին իրեն մոտեցել, որ վնասի, ինքն ուղղակի ինքնապաշտպանվելու համար կացինը խլել է և հարվածներ հասցրել։

Ամբաստանյալի փաստաբան Լիանա Գասպարյանը վկաներին տված իր հարցերով փորձում էր ամեն կերպ բացահայտեր կացնի «պատկանելությունը»․ արդյոք հարևանները Մանսուրյանների տանը կացին նկատե՞լ են, թե ոչ, կամ առհասարակ, դեպքի օրվանից բացի, Վլադիկի ձեռքին կացին տեսե՞լ են։

Փաստաբան Լիանա Գասպարյանը և Վլադիկ Մարտիրոսյանը

Նիստի ավարտից հետո Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Էդուարդ Դանիելյանը փաստաբանի վերջին հարցի հետ կապված նշել է, որ նման բան հարցնելն անտրամաբանական է և ծիծաղելի, քանի որ ոչ-ոք էլ կացինը ձեռքին փողոցում չի շրջում։

Վկաները նշել են, որ ո՛չ Մանսուրյանների տանն են կացին նկատել, ո՛չ էլ առհասարակ Վլադիկի ձեռքին են կացին տեսել։ Նշենք՝ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Վլադիկ Մարտիրոսյանը, իմանալով, որ ոստիկանական բաժանմունքում ցուցմունք տալուց հետո Թագուհին ու մայրը վերադառանալու են տուն, վերցրել է կացինը և թաքնվել մուտքում։

Մանսուրյանների հարևանները երեկվա իրենց ցուցմունքում նշել են, որ մոտ հարաբերություններ չեն ունեցել Թագուհու և նրա ընտանիքի հետ․ ինչքան ճանաչել են նրանց, այնքան էլ ճանաչել են նախկին փեսա Վլադիկին։

Սակայն հատկանշական է, որ երեկվա ցուցմունքում հարևաններն ավելի դրական էին արտահայտվում Վլադիկի մասին, քան գրել էին իրենց նախաքննական ցուցմունքներում։

Երեկ ամբաստանյալը հարցեր էր տալիս վկաներին «իր բնավորության» մասին՝ արդյոք ինքն ի՞նչ տպավորություն է թողել նրանց վրա, ընտանեկան վեճերի ժամանակ ո՞վ է եղել հրահրողը, ըստ հարևանների՝ արդյոք ինքն ընդունա՞կ էր նման բան անելու: Այդ հարցերին Սարգիս Գրիգորյանը պատասխանել է. «Ճիշտն ասած, չէի մտածում, էդ աստիճանի կհասնի, բայց դե եղավ, էլի, չգիտեմ: Ինչքան տեսել եմ՝ նորմալ ես եղել»:

Դատարանում տված ցուցմունքում Գրիգորյանը հակասական բաներ էր ասում, որոնք էականորեն տարբերվում էին նախաքննական ցուցմունքից։ Այն հարցին, թե եթե ինքը չհասներ, Վլադիկը կսպանե՞ր Թագուհուն և հորը, Գրիգորյանն ասել է, որ չի կարծում։ Մինչդեռ իր նախաքննական ցուցմունքում վերջինս նշել էր, որ երբ տեսել է Վլադիկին՝ կացինը ձեռքին և փորձել է նրան հեռացնել դեպքի վայրից, վերջինս ասել է․ «Թո՛ղ, սրանց սաղին պետք է մորթեմ», «Ձեր սենցը, ստացեք, սպանելու եմ»։ Այն ժամանակ նա նշել էր, որ եթե ինքը դուրս չգար իր բնակարանից, Վլադիկը կսպաներ Վաչագանին և Թագուհուն։

Երեկ վկան պնդել է, որ այդ ցուցմունքն ինքն է գրել, բայց չի հիշում, որ ամբաստանյալն ասել է, թե պիտի բոլորին մորթի:

Մեզ հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը տարօրինակ է համարել այն, որ իրենց երկար տարիների հարևանները նշել են, թե մոտ չեն իր ընտանիքի հետ։ Կինն ասել է, որ իրենք «տալ-առնել են ունեցել, իրար Նոր տարի են շնորհավորել»։

Երեկվա դատական նիստի ընթացքում ցուցմունք են տվել նաև երկու ոստիկաններ՝ Դավիթ Փանոյանը և Նորայր Աբրահամյանը։

Սպանությունից մեկ օր առաջ՝ հուլիսի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում Մարտիրոսյանը հերթական անգամ գնացել էր կնոջ տան մոտ երեխային տեսակցելու հետ կապված «հարցերը լուծելու»: Նորից վիճել են. Թագուհու ընտանիքն իր հերթին, Վլադիկը՝ իր, զանգահարել են ոստիկանություն՝ միմյանց մեղադրելով ծեծի մեջ։ Վլադիկն անգամ զանգել էր շտապ օգնություն և խնդրել իրեն բուժօգնություն ցուցաբերել՝ պնդելով, որ այդ կռվի ընթացքում վատացել է իր ինքնազգացողությունը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններ Փանոյանին ու Աբրահամյանին էլ Մարտիրոսյանն ասել է, որ չի կարող բաժին գնալ ցուցմունք տալու, քանի որ սպասում է շտապ օգնության մեքենային, իսկ ոստիկանություն կգնա առավոտյան։

Դատարանում հարցեր են հնչեցվել, թե ինչու ոստիկանները չեն ստիպել Վլադիկին իրենց հետ գնալ ոստիկանություն։ Իրավապահներն ասել են, որ արտաքինից Վլադիկ Մարտիրոսյանը ագրեսիվ չէր և վտանգ չէր ներկայացնում, ու իրենք մտածել են, որ վտանգավոր բան չկա։

«Այստեղ հերթական անգամ երևում է, որ մեր ոստիկանները կյանքի իրավունքին ուշադրություն չեն դարձնում, մարդ պաշտպանված չի», — մեզ հետ զրույցում ոստիկանների արարքը մեկնաբանելով՝ ասել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հատկապես Վլադիկի դեպքում ոստիկաններն այդպես իրավունք չունեին վարվելու, քանի որ վերջինս երեխայի տեսակցելու հարցի հետ կապված միշտ վիճել է Թագուհու հետ և այդ պատճառով հաշվառված է եղել ոստիկանությունում։ Բացի դրանից, Վլադիկը մեկ դատվածություն արդեն ուներ։

Իրավապաշտպանն անդրադարձել է նաև դատարանի դահլիճի պայմաններին․ «Դռնբաց դատական նիստ է, բայց թափանցիկ չի կարելի համարել, քանի որ այն, ինչ կատարվում էր, լսելի չէր դատարանի դահլիճում ներկաներին»։

Նշենք, որ Շենգավիթի դատարանի հենց այդ դահլիճում են լսվել բազմաթիվ աղմկահարույց գործեր․ մասնավորապես, Մարտի 1-ից հետո քաղբանտարկյալների գործեր, Վարդգես Գասպարիի դատը, իսկ այժմ այնտեղ են ընթանում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստերը։