Home / Հայաստան / «Իսլամական պետությունը» ստանձնել է Թեհրանում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը

«Իսլամական պետությունը» ստանձնել է Թեհրանում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը

Չորեքշաբթի առավոտյան ահաբեկչական երկու հարձակում է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում․ իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, զինված անձինք ու մահապարտ ահաբեկիչներ միաժամանակ հարձակում են գործել Իրանի խորհրդարանի ու այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրա՝ սպանելով առնվազն 12 ու վիրավորելով 39 մարդու։

Խորհրդարանի շենքի վրա, ըստ իրանական ԶԼՄ֊ների, առավոտյան հարձակվել են չորս զինված ահաբեկիչներ, որոնցից մեկը քիչ անց ինքն իրեն պայթեցրել է շենքի չորրորդ հարկում․ մեկ այլ մահապարտ իրեն պայթեցրել է Իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի դամբարանի ներսում։

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը քիչ առաջ ստանձնել է երկու հարձակումների պատասխանատվությունը, հայտնում է «Ալ Ջազիրա»֊ն՝ վկայակոչելով ԻՊ-ին մոտ կանգնած Amaq լրատվական գործակալությունը։

««Իսլամական պետության» մարտիկները հարձակվել են Թեհրանում Խոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա», ֊ մասնավորապես, գրել է Amaq֊ը։ Գործակալությունը նաև հրապարակել է կարճ տեսանյութ խորհրդարանի ներսից, որում պատկերված է զինված անձ ու տղամարդու դիակ։