Home / Մարզեր / Հրազդանի քաղաքապետի որդին հետիոտնին վրաերթի է ենթարկել և փախուստի դիմել․ Shamshyan.com

Հրազդանի քաղաքապետի որդին հետիոտնին վրաերթի է ենթարկել և փախուստի դիմել․ Shamshyan.com

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա անչափահաս որդին այսօր՝ 12։30-ի սահմաններում, Հրազդանում վրաերթի է ենթարկել 58-ամյա Վալերի Թորոսյանին և, ավտոմեքենայի համարանիշերը հանելով, դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ հետիոտնը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։

«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, իսկ ավտոմեքենան վարել է նրա որդին՝ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը», – գրում է կայքը՝ հավելելով, որ քաղաքապետի որդին վարորդական իրավունքի վկայական չունի։ Դրա համար Հրազդանի քաղաքապետը փորձում է մեկ ուրիշին ներկայացնել որպես վարորդ։

Ավտոմեքենայի համարանիշները հայտնաբերվել են, այս պահին որոնվում է քաղաքապետի որդին և մեքենան։