Home / Ոստիկանություն / 2016-ի հուլիսյան օրերին ոստիկանական գործողությունների հետևանքով 8 մարդ աչքը կորցրել է․ զեկույց

2016-ի հուլիսյան օրերին ոստիկանական գործողությունների հետևանքով 8 մարդ աչքը կորցրել է․ զեկույց

Նախորդ տարվա հուլիսի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում՝ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալներից քաղած տեղեկությունների՝ ձերբակալվել է 725 մարդ, 8 քաղաքացի կորցրել է աչքը, 27 լրագրող տուժել է, որոնցից 19 ֆիզիկական բռնության է ենթարկվել, բազմաթիվ քաղաքացիներ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել են մարտական նռնակներ։ Այդ օրերին մարդու իրավունքների խախտումներին այսօր «Մեդիա կենտրոն»ում զեկույցով անդրադարձել են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հուլիսյան դեպքերի ժամանակ՝ հատկապես 20-ին Խորենացի փողոցում և 29-ին՝ Սարի թաղում ու Խորենացի փողոցում, ցուցարարների և տեղի բնակիչների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել։

Ասուլիսի մասնակից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Հայաստանի օրենսդրությունը ենթադրում է, որ խաղաղ հավաքների ժամանակ հատուկ միջոցներ կիրառել չի կարելի։ Նրա խոսքով՝ եթե խաղաղ հավանքերի ժամանակ ինչ-որ ցուցարար ոչ խաղաղ պահվածք է ցուցաբերում, այդ անձին պետք է մեկուսացնել, ոչ թե բոլորի նկատմամբ կիրառել հատուկ միջոցներ։ Նախորդ տարվա հուլիսին կիրառված հատուկ միջոցներից են եղել ձեռնաշղթաները, մահակները, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակները։

Իոաննիսյանը կենտրոնացել է հատկապես վերջին երկու միջոցների վրա։ Նրա խոսքով՝ այդ օրերին հնչել է 100 կրակոց՝ 3 դեպքում կիրառվել է արցունքաբեր գազ, 97 դեպքում բաց են թողնվել լուսաձայնային նռանակներ։

2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում կիրառվող հատուկ միջոցները․

Իոաննիսյանը նաև ասուլիսին իրեղեն ապացույց է ներկայացրել՝ լուսաձայնային նռնակի գիլզա։

«Հատկանշական է, թե ինչպես են այսպիսի գիլզաները հայտնվել մեր ձեռքում։ Ոստիկանները կրակելուց հետո գիլզաները վերցրել և շպրտել են ցուցարարների ուղղությամբ, որպես հավելյալ ահաբեկում», -պատմել է իրավապաշտպանը։

Վերջինս անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ բացի նրանից, որ չէր կարելի խաղաղ ակցիայի մասնակիցների դեմ հատուկ միջոցներ օգտագործել, անգամ կիրառելու դեպքում էլ խախտվել են հատուկ միջոցների կիրառման մի շարք կանոններ, որոնք սահմանավում են Առողջապահության նախարարության նորմերով։ Օրինակ՝ վերը նշված զենքերով չի կարելի կրակել, եթե մարդիկ կամ մարդկանց խումբը 100 մետր հեռավորությունից մոտ է։ Այնինչ, նշում է Իոաննիսյանը, այդ նռնակներով փոքր հեռավորությունների վրա թիրախավորվել են մարդիկ։

Նա նշել է նաև, որ լուսաձայնային նռնակներից կան առանձնակի վտանգավորները, որոնք անգամ Առողջապահության նախարարի հրամանում նշված չեն, քանի որ դրանք ոչ այնքան հատուկ միջոց են, այլ ավելի շուտ մարտական զենքեր։

Իոաննիսյանը կարծիք է հայտնել, որ այդ հատուկ միջոցները կիրառվում էին ոչ այնքան հավաքը ցրելու, այլ ավելի շուտ մարդկանց պատժելու նպատակով։

«Եթե նայենք մարդկանց ստացած վնասվածքներին, ապա այն տպավորությունը կլինի, որ մենք կարդում ենք ռազմաճակատից սվոդկա։ Քաղաքացի կա, որի մարմնից 75 բեկոր է հանվել։ Դա անգամ պատերազմի գոտում ամեն վիրավորի չի հասնում։ 8 քաղաքացի աչքից է զրկվել ոստիկանական այս գործողույթունների արդյունքում», – ասել է նա։

Իոաննիսյանը նշել է, որ շատ հաճախ այդ օրերին քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։ Նա օրինակ է բերել հուլիսի 29-ը, երբ օգնություն էր ցուցաբերվում նախ և առաջ տուժած ոստիկաններին։ Ընդ որում՝ այդ ոստիկանները թունավորվել էին իրենց իսկ գործընկերների կողմից արձակված արցունքաբեր գազից։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանն իր հերթին անդրադարձել է այն հարցին, թե որքանով էին իրավաչափ ոստիկանական գործողություններն այն պարագայում, երբ գրավված ՊՊԾ գնդի շուրջ 5 կմ շառավղով սահմանափակվել էին մարդկանց որոշակի ազատությունները, մասնվորապես, տեղաշարժի ազատությունը։

«Տվյալ դեպքում իրավաչափության մասին խոսք լինել չի կարող։ Եթե նման անհրաժեշտություն կար, ոստիկանությունը կարող էր արտակարգ իրավիճակ հայտարարել, գործեր արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններով։ Բայց քանի որ նման իրավիճակ չի հայտարարվել, ավելին՝ հայտարարություն էր արվել, որ ոստիկանությունը գործում է բնականոն կարգով… Այս համատեքստում արդեն 5 կմ շառավիղը ոչ մի իրավաչափ նպատակ չէր հետապնդում», – ասել է Ռևազյանը։

Հուլիսյան օրերին մոտ 23 հավաք և երթ է իրականացվել, որոնց ժամանակ ոստիկանները հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություն են կիրառել, դրսևորել անմարդակային վերաբերմունք։ Հավաքի մասանակիցներն այդ օրերին բերման են ենթարկել ոչ միայն ոստիկանության բաժիններ, այլ նաև Ոստիկանության ակադեմիայի շենք, որտեղ բոլորը պահվել են ընդահանուր դահլիճում։ Ռևազյանը փոխանցել է ականտեսների խոսքերը՝ մարդիկ ինքնաձիգերի ներքո են եղել, այնտեղ նրանց ծեծել են, թույլ չեն տվել օգտվել սանհանգույցից կամ ջրից։

Այդ օրերին նաև բավական մեծ թվով լրագրողներ են բռնությունների, հետապնդումների ենթարկվել, խոչընդոտվել է նրանց մասնագիտական գործունեությունը։

Համաձայն զեկույցի՝ 27 լրագրող և օպերատոր են տուժել, նրանցից 19 ենթարկվել է ֆիզիկական բռնության և 8-ի գործունեությունը խոչնդոտվել է առանց ֆիզիկական բռնության։ Լրագրողների վկայությամբ՝ իրենց հավաքել են մի տեղ, թիրախավորել և հատուկ միջոցներ կիրառել իրենց դեմ։

Այդ մասով առ այսօր ընդամենը 8 անձանց նկատմամբ կան դատական վճիռներ, ընդ որում՝ նրանցից ոչ մեկը ոստիկան չէ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը պատմել է, որ վերոնշյալ վճիռները քննվել են արագացված դատական կարգով․ «Ինչը նշանակում է, որ դատարանում գործի հանգամանքները որևէ ձևով չեն ներկայացվել․ ովքեր են այդ անձինք, ինչպես են հայտնվել այդ վայրում, ինչի են որոշել այդ լրագրողների նկատմամբ այդպիսի գործողություններ իրականացնել»։

Հարությունյանը պատմել է, որ դատապարտված 8 անձանցից մեկն ասել է, որ առհասարակ չի իմացել, թե այդ օրերին ինչ է տեղի ունենում Երևանում։ Նա նշել է, որ Սարի թաղում պատահական է հայտնվել, քանի որ նպատակ է ունեցել մեքենայի պահեստամասեր գնել և Մալաթիայում վերավաճառել․ «Չգիտես՝ ինչպես հայտնվել է այդ բազմամարդ հավաքի մեջ և, տեսնելով, որ լրագրողները նկարում են իրեն, որոշել է, որ պետք է արգելի իր վերաբերյալ տեսանյութի տարածումը, հարվածել է լրագրողին, վնասել նրա գործիքները»։

Փաստաբանի խոսքով՝ նրանք բոլորը տուգանվել են 200 հազար դրամի չափով։ «Մենք խորը կասկածներ ունենք, որ իշխանության կողմից և հովանավորությամբ են այդ գումարները վճարվել», – եզրափակել է Հարությունյանը։