Home / Համայնքներ / Երևանի ավագանու երկու նիստ անցկացվեց՝ շենքի ներսում և դրսում

Երևանի ավագանու երկու նիստ անցկացվեց՝ շենքի ներսում և դրսում

Երևանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու նիստն այսօր անցկացվել է երկու ճակատով։ Շենքի ներսում ՀՀԿ֊ի և «Ելք» դաշինքի կողմից անցկացվող նիստին զուգահեռ քաղաքապետարանի դիմաց նիստ է անցկացվել ավագանու 5 մանդատ ունեցող «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Ինչու ենք այս նիստը այստեղ վարում, քանի որ մենք չենք ճանաչում այս բռնազավթիչներին որպես օրինական իշխանությունների կրողների։ Նրանց հետ մեր շփումը լինելու է պաշտոնապես, դատարանների և լրագրության միջոցով», – իրենց քայլն այսպես է մեկնաբանել Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ այսօրվանից իր կուսակցությունը սկսում է քաղաքապետարանի գրավումը։

«Այս ապօիրնի իշխանությունները տարիներ շարունակ քանդում են Երևանը, ես կարծում եմ դեռ ամբողջությամբ չեն հասցրել քանդել նրա ժառանգությունը։ Մեր պարտականությունն է թույլ չտալ ամբողջությամբ քանդել այն։ Պետք է հասնել նրանց պատասխանատվության կանչելուն», -իր ելույթում ասել է Փոստանջյանը։

Նա ներկայացրել է իրենց կուսակցության ծրագիրը, որով պետք է առաջնորդվեն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում։ Կուսակցության առաջնային խնդիրներից է լինելու կանխել Երևանի բյուջեի յուրացումը և վատնումը։

Փոստանջյանն ուսումնասիրել է ավագանու այսօրվա նիստի օրակարգը, և ըստ նրա, ոչ մի հարց չկա ներգրավված, որ հետաքրքրում է երևանցիներին։

«Այդ հարցերը հետաքրքում են միայն հանցագործ խմբին, այնտեղ Հանրապետական կուսակցության օրակարգն է, ոչ թե երևանցիների օրակարգը», – ասել է նա։

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի խոսքով՝ օրակարգում ներգրվված են Երևանի քաղաքապետի երդմնակալության հետ կապված կազմակերպչական հարցեր․ «Ինչ կազմակերպչական հարցերի մասին է խոսքը։ Հավանաբար նորից մեր հանրային գումարների մասին է խոսքը»։ Նշենք, որ մայիսի 14-ին պաշտոնական տվյալներով վերընտրված ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հունիսի 12-ին։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն անդրադարձել է Փոստանջյանի քայլին․

«Դա իրենց իրավունքն է, մենք շարունակելու ենք օրենքով սահմանաված կարգով, Երևանի մասին օրենքով, Երևանի ավագանու կանոնադրությամբ», -վերջում Մարգարյանն այնուամենայնիվ հավելել է․ «Ինքը պետք է հարգեր ավագանու ինստիտուտը և ներկա գտնվեր նիստին»։