Home / Հայաստան / Զորացրված զինվորի մայրը հացադուլ է սկսել ՀՀ կառավարության շենքի մոտ

Զորացրված զինվորի մայրը հացադուլ է սկսել ՀՀ կառավարության շենքի մոտ

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում զինվորական ծառայությունից հիվանդություններով վերադարձած Արթուր Հասանյանի մայրը՝ Ասլի Հասանյանը, իր անչափահաս դստեր հետ հացադուլ է սկսել Կառավարության շենքի մոտ։ Նա պահանջում է, որպեսզի Պաշտպանության նախարարությունը հոգա որդու բուժման ծախսերը։ Արթուր Հասանյանը ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար և տուն վերադարձել այս տարվա մարտին։

Մինչ Կառավարության մոտ գալը, Հասանյանը գնացել էր Նախարարություն։ Մոր խոսքով՝ նրան ընդունել է մի գեներալ։

«Նրա ասածից ես հասկացա, թե «ձեր երեխան Կարմիր Խաչում պառկած է, ինչքան կապրի, կապրի»։ Ես առողջ զինվոր եմ տվել, հետ տվեք իմ զինվոր որդուն»,֊ ասել է Ասլի Հասանյանը։ Կառավարության շենքի մոտ կանգնած երկու ոստիկաններ մոտեցել են և խնդրել կնոջը ներս գնալ՝ պաստառներով չնստել շենքի դիմաց։

«Ձեզ պետք է ընդունեն ընդունարանում», ֊ ասել է ոստիկաններից մեկը։

«Արդեն 3 ամիս ես՝ Կառավարությանը գրել եմ, պատասխան չեն տվել։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա, մինչև իմ որդուն չբուժեն»,֊ ասել է մայրը։ Նա նշել է, որ պարտքով փող է վերցրել Գյումրիից Երևան հասնելու համար, որ միջոցներ չունի որդուն բուժման տանելու և այս ամենից հետո հրաժարվում է կրտսեր որդուն էլ ուղարկել բանակ։

Հասանյանների գանգատների մասին Epress.am-ը գրել էր երկու շաբաթ արաջ։ Պաշտպանության նախարարությունը նամակ էր ուղարկել մեզ՝ նշելով, որ Հասանյանի մոտ ախտորոշվել էր «սպինալ ամիոտրոֆիա՝ հեմիատրոֆիկ տիպ: Էրոզիվ գաստրիտ, բուլբիտ` կլինիկական ռեմիսիայի շրջանում: Ձախակողմյան վարիկոցելլե II-IIIO», որը ժառանգական հիվանդություն է։

Միևնույն ժամանակ ՊՆ֊ն ընդունում է, որ հիվանդությունը ի հայտ է եկել զինվորական ծառայության ընթացքում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության առաջին արտահայտությունը ի հայտ է եկել և ախտորոշվել է ծառայության ընթացքում, զինվորական ծառայության հետ պատճառական կապը որոշվել է՝ այո, ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում: Զինվորական ծառայության հետ հիվանդության պատճառական կապի որոշման ընթացքում մեծ դեր է ունեցել նաև այն հանգամանքը, որ Ա. Հասանյանը զորակոչվել և մեկ տարուց ավելի ծառայել է՝ չունենալով նյարդաբանական խնդիրներ…

Հասանյանի ծնողը բազմիցս դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով որդու բուժումը կազմակերպել արտերկրում, ինչի վերաբերյալ զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարարին և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի կողմից դիմումատուին տրվել գրավոր պատասխան առ այն, որ որ «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից բացառապես օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, իսկ Ա.Հասանյան մոտ առկա հիվանդությունը կապված չէ մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում ստանալու հետ», ֊ գրել են ՊՆ֊ից։