Home / Բանտ / ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կկայացնի Արարատ Խանդոյանի գործով. փաստաբան

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ որոշում կկայացնի Արարատ Խանդոյանի գործով. փաստաբան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը` Արարատ Խանդոյանին ապօրինի կալանավորման դեմ դիմումը, և շուտով Հայաստանի դեմ ևս մեկ որոշում կկայացվի: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Խանդոյանի գործով նիստին ասել է վերջինիս փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ դատարանին տեղեկացնելով, որ ինքն այսօր երեկոյան մեկնելու է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:

Ղարաբաղյան պատերազմի վետերան Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը): Նրա հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն այն պատճառով, որ նա Արայիկ Խանդոյանի եղբայրն է։

Այսօր դատարանում Ղարագյոզյանը ներկայացրել է իր բավական ծավալուն պաշտպանական ճառը, որի ժամանակ ընդգծել է՝ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ իր պաշտպանյալը կատարել է հանցագործություն և միջնորդել է Արարատ Խանդոյանին ճանաչել անմեղ ու նրան դատական նիստերի դահլիճից ազատ արձակել:

«Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով չի ապացուցել, որ իմ պաշտպանյալը որևէ մեկին հարվածել է ոտքով, ձեռքով կամ փորձել է ոստիկանից խլել վահանը: Եթե նման գործողություններ կատարաված լինեին, բնական է, որ սույն քրեական գործով պետք է լինեին նաև տուժողներ, ում նկատմամաբ կատարվել են այս գործողությունները, սակայն այս դեպքում չկա տուժող, ով ցուցմունք կտա, որ Արարատ Խանդոյանը իրեն ոտքով կամ ձեռքով հարվածել է, կամ վահան է խլել»,- , մասնավորապես, նշել է պաշտպանը:

Արարատ Խանդոյանը դատարանից 10 օր ժամանակ է խնդրել, իր ելույթը պատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 27-ին: