Գլխավոր / Բանակ / Դատարանը մերժել է զինվորի դիակի արտաշիրիմում անելու միջնորդությունը

Դատարանը մերժել է զինվորի դիակի արտաշիրիմում անելու միջնորդությունը

Դատարանը մերժել է 2013 թվականին երևանյան զորամասերից մեկում մահացած զինվոր Մանուչար Մանուչարյանի դիակի արտաշիրիմում անելու միջնորդությունը։ Բացի դա, դատարանը մերժել է նաև հետքաբանական փորձաքննության ուղարկել Մանուչարյանի տաբատը, ինչը պահանջում է զոհված զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ֊ի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Իրավապաշտպանի այս միջնորդությունները մերժվել են հունիսի 12-ին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից, ինչից հետո Մարտիոսյանն ու զինվորի հարազատները լքել են դատարանի դահլիճը։

Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը պատմել է, որ ավելի վաղ դատական նիստերից մեկում ինքը պահանջել է դիտարկել իրեղեն ապացույցները և, դրանցից վերցնելով տաբատը, այն ցույց է տվել ներկաներին։ Մանուչարյանի տաբատի վրա՝ հետևի կողմից, առկա է 5 մմ֊անոց անցք՝ այվրած շրջանակով, և այդ անցքի տակ արյան չորացած հետք։ Դատարանում տեսնելով տաբատը՝ փորձագետ Ավետիսյանը փորձել է բացատրել՝ ինչու եզրակացության մեջ այդ մասին ինքը չէր գրել՝ ասելով, որ տաբատը իրենք չեն ուսումնասիրել։

Ե՛վ ՀՀ դատախազությունը, որին այդ մասին հաղորդել է Մարտիրոսյանը, և՛ դատարանը հրաժարվել են որևէ քննություն սկսել։ Դատավոր Մկրտչյանը ասել է, որ այդ հակասությանն ինքը կանդրադառնա խորհրդակցական սենյակում։ Մարտիրոսյանի խոսքով՝ դատավորի ասածը հիմնավորում չէ, քանի որ դատավորը հետքաբան չէ։

Մանուչարյանի տաբատի վրա կրակոցի հետքը, ըստ Մարտիրոսյանի, ակնհայտ է դարձնում, որ արձակված գնդակը մխրճվել է սպանված զինվորի ոտքի մեջ։ Այդ կրակոցի առկայությունը խաթարում է նախաքննության ստեղծած վարկածը, քանի որ, ըստ դրա, Մանուչարյանն ինքն իրեն կրակել է գլխի ուղղությամբ։ Բայց տաբատի վրա առկա անցքն ապացուցում է, որ Մանուչարյանը չէր կարող և՛ իր գլխին կրակել, և ոտքին՝ այն էլ հետևից։

Արտաշիրիմումը ևս ոտքին կրակոցի փաստը կարող էր բացահայտել, քանի որ հրազենային վնասվածքը պահպանվում է և կերևա անգամ 5 տարի հետո։

Մանուչարյանի ինքնասպանության վարկածը նախաքննության փուլում առաջ էր քաշել հոգեբան Էլդա Գրինը՝ հիմնվելով մի վկայի ցուցմունքի վրա, թե Մանուչարյանը եղել է տխուր, գլուխը կախ։ Մինչդեռ և՛ այդ վկան, և՛ մյուս վկաները նախաքննության փուլում և դատարանում տվել են տրամագծորեն հակառակ ցուցմունքներ։ «Անցկացվել է դատահոգեբանական և դատաբժշկական նոր փորձաքննություն, որը տևել է 9 ամիս և տվել է 0 արդյունք։ Հոգեբաններն ասացին, որ չեն կարող մտնել իրավական դաշտ»,֊ ասել է Ռուբեն Մարտիրոսյանը։

Մահվանից անմիջապես հետո Մանուչար Մանուչարյանի դիակի հետազոտությանը նրա հարազատները չեն մասնակցել․ ըստ Ռուբեն Մարտիրոսյանի՝ դա պատահական չէ՝ քննիչները որոշել են հենց դիակի ուսումնասիրման պահին հարցաքննության տանել Մանուչարյանի եղբորը։

Համաձայն տուժող կողմին հասած տեղեկությունների, Մանուչար Մանուչարյանը դեպքի օրը վիճաբանություն է ունեցել պահակապետ, կապիտան Մարգարյանի հետ, որը զորամաս է եկել հարբած վիճակում։