Գլխավոր / Դատարան / Աշխատավայրում մահացածի գործը վերաբացվել է․ հայրը բողոքում է գործատուի դեմ

Աշխատավայրում մահացածի գործը վերաբացվել է․ հայրը բողոքում է գործատուի դեմ

Դատարանը բավարարել է 2014 թվականի ապրիլին աշխատավայրում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Լևոն Հունանյանի հոր՝ Դավիթ Հունանյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերաբացել կարճված քրեական գործը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Դավիթ Հունանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։

Տուժող կողմը դա համարում է փոքր հաղթանակ՝ աշխատանքի վայրում մահվան պատասխանատուներին դատապարտելու ճանապարհին։ Հունանյանի գործով դատական նիստերն անցել են մարդաշատ դահլիճում․ դրանց մասնակցում են ոչ միայն հարազատները, այլև Հունանյանի ընկերները։

Տուժողի իրավահաջորդները գտնում են, որ տղան մահացել էր իր գործատուի՝ «Զևս ստուդիա» ընկերության կողմից աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնների խախտման հետևանքով, ուստի պետք է այդ հանցագործությունները սահմանող քրեական հոդվածներով մեղադրանք առաջադրվեր ընկերության տնօրեն Հարություն Մուրադյանի նկատմամբ։

Քննիչները, սակայն, երկու անգամ կարճել են գործը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Ըստ քրեական գործի նյութերի՝ Լևոն Դավիթի Հունանյանը 2014թ-ի ապրիլի 13-ին (ոչ աշխատանքային օր՝ կիրակի), ժամը 16:00-ի սահմաններում Երևանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության տարածքում, պատասխանատու անձի կողմից աշխատանքի անվտանգության կանոններ ոչ պատշաճ կերպով հրահանգավորելու հետևանքով, ընկել է ընկերության 3-րդ մասնաշենքի հատակին, որից հետո անգիտակից վիճակում տեխափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։

Լիպարիտ Սիմոնյանի բողոքում նշված է, որ «Զևս ստուդիա» տնօրենը չի Լևոն Հունանյանին հրահանգավորել աշխատանքի անվտանգության կանոնների մասին, որի կետերից մեկի (Հրահանգ 2.4.1) համաձայն, արգելվում էր բարձրանալ տանիք և մետաղական կոնստրուկցիաների վրա առանց ադմինիստրացիայի թույլտվության։ Այդ «Հրահանգը» ընդունվել է Հունանյանի աշխատանքի ընդունվելուց 28 օր հետո, դեպքից՝ 8 օր առաջ։

Այլ աշխատակիցներ իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք էլ այդ անվտանգության կանոնի մասին իրազեկված չեն եղել, և շատերն էկն բարձրանում տանիք։

Քննիչը գործը կարճել էր՝ հիմք ընդունելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ճարտարագիտատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, փորձագետ Ա.Բադեյանի ցուցմունքները։ Փորձագետը, մասնավորապես, ասել էր, որ քանի որ Հունանյանն ուներ բարձրագույն կրթություն, նրան անվտանգության մասին իրազեկելը անհրաժեշտ չէր։ Ըստ Սիմոնյանի՝ փորձագետը շատ է նման կամայական եզրակացություններ արել իր ցուցմունքներում, ուստի անհրաժեշտ էր կրկնակի փորձաքննություն նշանակել, ինչը անելու փոխարեն՝ քննիչը կարճել է քրեական գործը։

Փաստաբանը նշում է, որ Հունանյանի և «Զևս ստուդիա»֊ի միջև կնքված պայմանագրում Հունանյանի ստորագրությունը կեղված է։ Բացի դա, նրա խոսքով, «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքում վտանգավոր օբյեկտների առկաությունը բացատրվում է նրանով, որ դա կառուցվել է առանց համապատասխան քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման․ փաստորեն, քաղաքաշինական գործունեությունն իրականացվել է ինքնակամ։