Home / Ազգային ժողով / «Բիզնես չունեցող» օլիգարխ պատգամավորը գուցե հարկեր է թաքցնում․ «ՀԺ»

«Բիզնես չունեցող» օլիգարխ պատգամավորը գուցե հարկեր է թաքցնում․ «ՀԺ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն։ Գրեթե որևէ հետաքրքրություն չներկայացնող այս այցը, որը լրահոսում երևաց զուտ որպես պաշտոնական տեղեկատվություն, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանի, իրականում սկանդալային իրադարձություն է։

Վարչապետին «Ալեքս տեքստիլում» ուղեկցել է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը (ԱԺ պատգամավորն իրավունք չունի ձեռնարկատիրությամբ զբաղվել ֊ խմբ․)։ Իրավական տեսանկյունից Ալեքսանյանը որևէ առնչություն չունի «Ալեքս տեքստիլի» հետ։ Այդ ընկերությունը պաշտոնապես պատկանում է նրա դստերը։ Իսկ Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ չունի բիզնես։

Բացի դա, Գևորգյանն ընդգծում է, որ «Ալեքս տեքստիլը», ըստ ամենայնի, խուսափում է հարկերից, ինչը լրագրողը դուրս է բերում իր վերլուծությունից։

Այս տարվա առաջին երեք ամիսներին ընկերությունը վճարել է 7․3 միլիոն դրամի եկամտային հարկ։

«Հաշվի առնելով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը, պետք է արձանագրենք, որ եթե «Ալեքս տեքստիլում» աշխատում է 300 մարդ, ապա նրանցից յուրաքանչյուրի միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 28 հազար դրամը։ Եթե աշխատում է 500 (այդ թիվը նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ) մարդ, ապա աշխատավարձը 20 հազար դրամ է։ Եթե մի պահ պատկերացնենք, «Ալեքս տեքստիլում» աշխատողների միջին աշխատավարձը ասենք 100 հազար է, և նրանք բոլորը միասին վճարել են 7․3 միլիոն դրամի եկամտային հարկ, ապա կստացվի, որ այնտեղ աշխատողների թիվը 100-ից էլ պակաս է։ Իսկ եթե աշխատողների թիվը իրոք 300 է (այդ թիվը նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ), ու նրանց ստացած իրական աշխատավարձը գոնե 100 հազար դրամ է, ապա այդ դեպքում եկամտային հարկի ընդհանուր ծավալը պետք է կազմեր ոչ թե 7․3 միլիոն, այլ ավելի քան 20 միլիոն։ Իսկ եթե 500 հոգի է աշխատում 100 հազար դրամ աշխատավարձով, ապա վճարած եկամտային հարկի ծավալը պետք է կազմեր ավելի քան 35 միլիոն դրամ։ Այսինքն՝ «Ալեքս տեքստիլը» միայն այս տարվա առաջին եռամսյակում բյուջեից թաքցրել է 13-ից մինչև 18 միլիոն դրամ», -գրում է Գևորգյանը։

Ըստ լրագրողի՝ անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել՝ կա՛մ «Ալեքս տեսքստիլում» գլուխ են գովել, առնվազն երեք անգամ ուռճացրել են աշխատողների թիվը ու խաբել են Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին, կա՛մ «Ալեքս տեքստիլը» աշխատում է ստվերում, Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը գիտեն այդ մասին, բայց հաճույքով այցելում են ստվերում աշխատող ընկերություն և այդպիսով հովանավորում են։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում