Home / Բնապահպանություն / Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում․ ՀԲՃ

Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում․ ՀԲՃ

Կապան քաղաքի մոտ գտնվող 1975 թվականից լքված պղնձի հանքավայրը, բաց մնալով, չուսումնասիրվելով և չռեկուլտիվացվելով, այս տարիների ընթացքում աղտոտել է Կավարտը` Ողջի գետի ավազանի գետերից։ Կավարտի ջրից վերցված փորձանմուշի քննությունը ցույց է տվել ավելի վատ պատկեր, քան կանխատեսում էին հետազոտությունը նախաձեռնած «Հայկական բնապահպանական ճակատ» շարժման բնապահպանները։

Դրանց համաձայն, ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ, իր հերթին, առաջ է բերել ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։ Այսպես` տարրալուծված 10 ծանր մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցել են ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Ողջի գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։

Կադմիումի պարունակությունը 220 անգամ, նիկելինը՝ 11 անգամ, կոբալտինը՝ մոտ 2000 անգամ, իսկ մանգանինը՝ 62 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը, պղնձի կոնցենտրացիան գերազանցված է 1897 անգամ, իսկ ցինկինը՝ 233 անգամ։ Սուլֆատ-SO4 և քլորիդ-Cl իոնների պարունակությունների դեպքում՝ սահմանային չափը գերազանցված է մոտ 37 անգամ։

«Բաց է մնում միայն այն հարցը, թե պետական լիազոր մարմինները ե՞րբ են հասկանալու էկոլոգիական անվտանգության կարևորությունը և իրականացնելու նմանատիպ խնդիրների լրջագույն մասնագիտական գնահատում, վտանգների կանխարգելում, աղտոտման աղբյուրների և արդեն իսկ աղտոտված տարածքների վնասազերծում։ Իսկ այս բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն հատուկ այդ նպատակների համար ստեղծված դրամագլխին մետաղական հանքեր շահագործող ընկերությունների կողմից կատարած վճարումների հաշվին։

Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): Ուղղակի մեկ անգամ ևս նայեք փոքրիկ Կավարտի հանքի ջրերի աղտոտման մակարդակը և մտովի պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի դեպքում տարեկան նախատեսվում է արդյունահանել և վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար, իսկ բացահանքը, դատարկ ապարների լցակույտն ու ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը զբաղեցնելու են մի քանի հարյուր հեկտար տարած։ Սակայն ՀՀ կառավարությունը, չգիտես ինչու, առանց լրջագույն մասնագիտական անկախ գնահատում և վտանգների մոդելավորում իրականացնելու, թույլատրել է այս ծրագրի իրագործումը», ֊ ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։

Հայկական բնապահպանապան ճակատը ավելի վաղ մանրամասներ էր հայտնել Կավարտի հանքի մասին․ «Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 18-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերեից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոնդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18թթ անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ․ այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1975 թ․ գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ․ Գևորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարացվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական Դինո Գոլդ Մայնինգ (ներկայումս Դանդի Փրիշս Մեթալս) ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և և այսպիսի վիճակում թողել մեզ»։