Home / Բնապահպանություն / Վարչապետի ներդրումների մոլուցքը հասել է Սևանա լճին․ բնապահպաններն ահազանգում են

Վարչապետի ներդրումների մոլուցքը հասել է Սևանա լճին․ բնապահպաններն ահազանգում են

Կառավարությունը նախատեսում է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3՝ այսինքն օրենքով սահմանվածից 100 մլն մ3 ավել։ Այս մասին ահազանգում է «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը։

Կառավարությունն իր որոշման մեջ նշված է հիմնավորում, որ ջրի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը մինչև 270 մլն մ3 դարձնելը կխնայի էլեկտրաէներգիա, քանի որ այդ ծավալի ջուրն առանց պոմպակայանների գործադրման ինքնահոսի կգնա, և շատ ջրի հոսքը հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։

«Նշենք, որ Բնապահպանության նախարարությունը որոշ առարկություններ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ։ Սակայն հաշվի առնելով վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցած անսահման մոլուցքը ցանկացած միջոցով ներդրումներ ստեղծելու նկատմամբ՝ դժվար է ենթադրել, որ այդ առարկությունները հաշվի կառնվեն վերջնական որոշում կայացնելիս։ Եթե որոշումն այսօր ընդունվի, ապա օրենքի փոփոխությունների այս նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որտեղ ընդունվելու դեպքում նորից վտանգվելու է Սևանա լճի առանց այն էլ երերուն էկոլոգիական հավասարակշռությունը։ Կոչ ենք անում Սևանա լճի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն մեր քաղցրահամ ջրերի պաշարների»,֊ ահազանգում են բնապահպանները։