Home / Բանակ / «Սպանության մեջ մեղադրվող անպաշտպան զինվորին ստիպում են խոստովանել չկատարած հանցանքը»

«Սպանության մեջ մեղադրվող անպաշտպան զինվորին ստիպում են խոստովանել չկատարած հանցանքը»

Սպանության մեջ մեղադրվող զինվորին ահաբեկում են բանտում, ստիպում իր վրա վերցնել չկատարված հանցանքը, պնդում է «Խաղաղության երկխոսություն» կազմակերպությունը։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թունիյանը հունիսի 23-ին հանձնարարական է տվել Էրեբունու ոստիկանության բաժնի պետին քննություն կատարել հետևյալ «փաստով»՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր ոմն Խաչատուր Զոհրաբյան հաղորդում է տվել այն մասին, թե իբր Դավիթ Դումիկյանի (մեղադրվում է ժամկետային զինվորական ծառայության ընթացքում երկու համածառայակիցների սպանության մեջ) խցակից 4 կալանավորներ ցանկանում են սպանել նրան՝ «ակնկալելով», որ սպանվածներից մեկի հորից՝ պատվիրատուից (Հերմոն Ավետիսյան), կստանան 50 000 ԱՄՆ դոլար։ Ընդ որում, քննիչ Թունիյանը, ստանձնելով դատավորի դեր, քր. գործի նյութերից «պարզել» է, իբր հենց Դումիկյանն է սպանել Հերմոն Ավետիսյանի որդուն՝ Գրիգորին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը, որի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը զբաղվում է Գրիգոր Ավետիսյանի գործով և պնդում է, որ Դավիթ Դումիկյանը կապ չունի Ավետիսյանի սպանության հետ։

Սպանության վերաբերյալ Ռուբեն Մարտիրոսյանի հունվարին տված հարցազրույցը

«Քննիչը մեզ անհայտ ճանապարհով «պարզել» է նաև, իբր սպանվածի հայրը «համոզված» է, որ իր որդուն սպանողը հենց Դումիկյանն է, այդ պատճառով էլ, ըստ քննիչի ակնարկների, պատվիրել է որդուն սպանողի սպանությունը», ֊ նշված է հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական կրակակետում սպանվել են ժամկետային զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանը և Սուրեն Արամյանը։ Ռուբեն Մարտիրոսյանի խոսքերով՝ գործով կատարվել և կատարվում է միակողմանի, կեղծ քննություն։

«Դրա արդյունքը դարձավ այն, որ 04/03/2017թ.-ին նախաքննական մարմինը գործով կայացրեց ապօրինի որոշում՝ գործից մաս անջատելու և այն դատարան ուղարկելու վերաբերյալ: Միաժամանակ, նույն մարմինը շարունակում է քննություն կատարել Սուրեն Արամյանի սպանության գործով։

Դատարան ուղարկված գործով Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվում է Դավիթ Դումիկյան անուն-ազգանունով նախկին զինծառայողը, ով տուժողի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչ Մարտիրոսյանի խորին համոզմամբ բացարձակապես անմեղ է, սպանություն չի կատարել», ֊ ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«Խաղաղության երկխոսությունն» ընդգծում է՝ փաստերի համադրությամբ հասկանալի է դառնում, որ Խաչատուր Զոհրաբյան անունով անձն, ինչ-որ մեկի ցուցումով, ակնհայտ կեղծ հաղորդում է տվել։ Տուժող կողմը համոզված է, որ այս կեղծիքը տրամաբանական շարունակությունն է երկու զինվորների սպանության կեղծման և, որ պատվերն ստացվել է ՔԿ-դատախազություն համակարգի հանցավոր ղեկավարներից: Փաստերի վերլուծությունից հասկանալի է դառնում նաև, որ այս գործողությունն ուղղված է ոչ թե սպանված զինվորի հոր, այլ Դումիկյանի դեմ․ նա կտրականապես հրաժարվում է իր վրա վերցնել ուրիշների կատարած սպանությունները։ «Խաղաղության երկխոսություն»-ը գտնում է, որ այս կերպ փորձ է կատարվում ճնշում գործադրել Դումիկյանի վրա, ահաբեկել անպաշտպան զինվորին, ստիպել, որպեսզի խոստովանի իր չկատարած հանցանքը։

«Անհանգստացած ենք, որ եթե Դումիկյանը չկատարի հանցավոր այս պահանջը, ապա իրոք կարող է սպանվել, սակայն ոչ թե սպանվածի հոր՝ Հերմոն Ավետիսյանի, այլ գործը կոծկել ցանկացողների հրամանով։

Ելնելով վերոհիշյալից՝ հայտարարում ենք, որ եթե Դումիկյանի հետ որևէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունն ընկնում է հենց նշված իշխանությունների, դրա մասը կազմող կոնկրետ անձանց վրա», ֊ եզրափակում է «Խաղաղության երկխոսությունը»։