Home / Բնապահպանություն / Հանքն ուսումնասիրում են չշահագործելու համա՞ր․ գյուղերի բնակիչներն ընդդեմ «Վայկ մետալի»

Հանքն ուսումնասիրում են չշահագործելու համա՞ր․ գյուղերի բնակիչներն ընդդեմ «Վայկ մետալի»

Չնայած Բնապահպանության նախարարությունը դեռևս անցած տարի մերժել էր Վայոց ձորի Գլաձոր և Վերնաշեն համայնքների մոտ գտնվող բազմամետաղային հանքի շահագործման հայցը, սակայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը թույլատրել է «Վայկ մետալ» ընկերությանը հանքի տարածքում հետազոտություններ անել։ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ հանքի ուսումնասիրությունը ինքնանպատակ չի կարող լինել․ «Նրանք աչքերը փակ չեն գալիս, նրանք տասնյակ տարիներ կատարած ուսումնասիրությունների արդյունքով գալիս են հանքը շահագործելու»։

Վերնաշեն գյուղից 5.5 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած Թեքսարի մոտ գտնվող հանքավայրի հանդեպ հետաքրքրությունը ծագել է դեռևս խորհրդային տարիներին։ Այդ շրջանում հանքը մի քանի անգամ ուսումնասիրվել է, սակայն վերջում հանքի շահագործման բացասական եզրակացություն է տրվել։ Հանքի նկատմամբ հետաքրքրությունը կրկին առաջացացել է մի քանի տարի առաջ՝«Վայկ մետալ» ընկերության կողմից։

Ընկերությունը էլեկտրոնային ռեգիստրում գրացված է Արթուր Տեր-Սիմոնյանի անունով, որը Կառավարության վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն պետ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդին է։ Հանքի հետ կապված՝ ընկերության նախագծի մեջ նշվում է, որ դրա շահագործումն իրականացվելու է բաց եղանակով, 2 տարի ժամանակով, ապա փակ՝ ստորգետնյա եղանակով։ Ըստ «Վայկ մետալ»֊ի, անհրաժեշտության դեպքում ճանապարհները ծածկվելու են խճաքարով, մեքենաները բեռը տեղափոխելու են տենդով ծածկված, կառուցվելու են բիոզուգարաններ, ստեղծված նոր աշխատատեղերը կվարձատրվեն 150 հազար դրամ մինիմալ աշխատավարձով:

2016 թվականի սեպտեմբերի 14-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ի դեմս նախարար Լևոն Յոլյանի, թույլատրել է «Վայկ մետալ»-ին ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարել։ Ամիսներ անց՝ դեկտեմբերի 6-ին, Գլաձորում բաց հանքի շահագործման հետ կապված անցկացվել էին հանրային լսումներ, որի ժամանակ 165 ներկաներից 159-ը դեմ էր քվեարկել հանքի շահագործման առաջարկին: Դեկտեմբերի 15-ին, Բնապահպանության նախարարությունը հանքը շահագործելու ծրագիրը մերժել էր։

Հանքը ուսումնասիրելու թույլտվությունից հետո «Վայկ մետալ»-ը տեխնիկա էր կենտրոնացրել Գլաձորի «Արկյազ» կոչվող հանդամասում։ Դրանից հետո Գլաձորի և Վերնաշենի բնակչությունը բողոքի ակցիաներ էին սկսել՝ թույլ չտալով հանքի տարածքում աշխատանքներ անել։

Մեզ հետ զրույցում Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանը պատմել է, որ «Վայկ մետալ»֊ը պատճառաբանում է, թե ճիշտ է՝ Բնապահպանության նախարարությունը մերժել է ընկերության հանքը շահագործելու հայցը, սակայն իրենք մեկ այլ նախարարության կողմից ունեն այնտեղ ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն։

«Երկրաբանական ուսումնասիրությունները կատարվում են հետագա արդյունահանման նպատակով, ուստի ընկերության կողմից մի գործողությունը մյուսի հետ չկապակցելը ճիշտ չէ», -նշել է Մովսիսյանը։

2016-ի ամռանը, երբ Epress.am֊ի լրագրողներն այցելել են Վերնաշեն, գյուղի բնակիչները մտահոգություն էին հայտնում, որ հանքի շահագործման դեպքում տարածաշրջանի խմելու և ոռոգման ջրերը կաղտոտվեն, քանի որ մոտակա համայնքների ջրերը գալիս են Թեքսարից։ Հանքի շահագործման դեպքում տեղի բուսականությունը, կենդանական աշխարհը կվերանա, քանի որ ջուրը արդեն հարուստ կլինի այնպիսի ծանր մետաղներով, ինչպիսիք են ցինկը ու կապարը, ինչպես նաև ուրանը։ Բացի դրանից` այն մարդկանց և կենդանիների մոտ կառաջացնի բազմապիսի հիվանդություններ՝ սկսած չբերությունից և քաղցկեղից։ Բնակիչներն ընդգծում էին, որ իրենց «Վայկ մետալ»֊ի ստեղծած աշխատատեղերը հարկավոր չեն, առողջությունն ավելի թանկ է։

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով էլ՝ հանքաքարի հանման և վերամշակման ընթացքում առաջանալու են հսկայական քանակությամբ թափոններ, որոնք իրենց մեջ պարունակելու են ծանր մետաղներ և այդ տարածքը օգտագործման համար հավերժորեն դառնալու է ոչ պիտանի․ «Փաստորեն, եթե հանքը շահագործվի, ամբողջ հովիտը աստիճանաբար մեռնելու է։ Եվ բնակավայրը, կենդականական աշխարհը վերանալու է»։

Հանքի տարածքում ուսումնասիրությունները խոչընդոտելու պատճառաբանությամբ՝ «Վայկ մետալը» Գլաձորի համայնքապետի դեմ դիմել էր դատարան։

Այս տարվա հունիսի 16-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հենրիկ Դարբինյանի նախագահությամբ բավարարել էր «Վայկ մետալ»-ի հայցը։

Ընկերությունն իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ այն հանգամանքը, թե Բնապահպանության նախարարությունը հանքի շահագործման բացասական եզրակացություն է տվել, հիմք չի կարող հանդիսանալ համայնքի ղեկավարի կողմից ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրականացմանը խոչընդոտելու համար։

«Քանի որ ռեգիոնալ բնույթի ուսումնասիրության դեպքում շրջակա միջավայրի ազդեցության և անվտանգության փորձաքննություններ չեն պահանջվում, նաև ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության ժամանակ լեռնահատկացման ակտ և ընդերքօգտագործման իրավունք չի պահանջվում, քանի որ այդ դեպքում առայժմ հողի հատկացման խնդիր չկա․․․Հետևաբար համայնքի ղեկավարը իրավասու չէ նման պայմաններում խոչընդոտներ ստեղծել ընկերության համար»։

Ըստ այդմ՝ ընկերությունը պահանջել էր, որ Գլաձոր համայնքի ղեկավարը համաձայնություն տա համայնքի հողատարածքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար։

Իր վճռում դատարանը նշել էր, որ Գլաձորի համայնքապետի այն հիմնավորումը, թե 165 մասնակիցներից 159-ը դեմ են քվեարկել հանքի շահագործման առաջարկին, հիմնավոր չէ, քանի որ քվերակության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը բացակայում է կամ դատարան չի ներկայացվել։ Նշենք, սակայն, որ փաստաթուղթը էլեկտրոնային տարբերակով առկա է Վայոց ձորի մարզպետարանի կայքում։

«Հստակ երևում է, որ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնության և պայմանագրի շրջանակներում հայցվոր ընկերությունը պատրաստվում է իրականացնել միայն ու միայն ուսումնասիրության աշխատանքներ դեռևս», – իր վճռում գրել է դատարանը։

Անդրադառնալով դատարանի այդ հիմնավորմանը՝ Սանասարյանն ընդգծել է.

«Հայաստանի Հանրապետությունում մետաղական հանքավայրերը պատկանում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ թե ովքեր են ներկայանում որպես հանքատեր, դա արդեն երկրորդական է: Նույն պաշտոնյաները չեն բավարարվում իրենց կողմից կատարած ժողովրդի ունեցվածքի կողոպուտից ու բնական միջավայրի թունավորումից ու ոչնչացումից: Նրանց ձեռքի տակ է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի ու հանքերևակումների ամբողջ փաստաթղթերը և նախկինում կատարված ուսումնասիրությունները ունենալով՝ կեղծավորաբար ասում են, թե նոր ուսումնասիրություններ են կատարելու: Հետևաբար նրանց ասած «ուսումնասիրությունը» պետք է հասկանալ «շահագործել»։

Epress.am-ի հետ զրույցում Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանն ասել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։