Գլխավոր / Բանտ / Դատարանի նկուղում ծեծել են «Սասնա ծռերի» 4 անդամների

Դատարանի նկուղում ծեծել են «Սասնա ծռերի» 4 անդամների

«Սասնա ծռեր» խմբի գործով երեկվա դատական նիստից հետո Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում ծեծի են ենթարկվել խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանին, Արայիկ Խանդոյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին։ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն երեկ երեկոյան տեսակցել է իր պաշտպանյալին և գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Արայիկ Խանդոյանը պատմեց, որ իրեն ծեծի են ենթարկել դատարանի նկուղում, մի խումբ ոստիկաններ, հարվածներ են հասցրել գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Գլխացավ ուներ և աչքը կարմրած էր, իսկ երկու ոստքերի վրա կար արյունազեղումներ», -գրել է Ղարագյոզյանը։ Վերջինս Azatutyan.am-ի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալի խոսքով՝ ոստիկանները դատարանի նկուղում, իրենից բացի, ծեծի են ենթարկել Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:

Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը Hetq.am-ի հետ զրույցում պատմել է իր պաշտպանյալի վիճակի մասին․ «Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու, ըստ իր խոսքերի, ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավել հարվածներ է ստացել, և այդ ամենն արձանագրվել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բժշկի կողմից, սակայն Արեգն արձանագրությունը չի ստորագրել»։

«Սասնա ծռերի» անդամների նկատմամբ բռնությունը սկսել էր դեռ երեկվա դատի ժամանակ, երբ Արեգ Կյուրեղյանը փորձել է գրություն փոխանցել իր մյուս փաստաբանին՝ Արա Ղարագյոզյանին: Կյուրեղյանը պահանջել է, որպեսզի թուղթը վերադարձնեն, սակայն ոստիկաները չեն վերադարձրել:

«Ասել են՝ չենք վերադարձնում, լավ ենք անում, ապա Արեգը պահանջել է կամ վերադարձնել թուղթը, կամ իրեն դահլիճից հանել, հետո իրեն դահլիճից հանել են ու անմիջապես սկսել հարվածել»,- կայքի հետ զրույցում պատմել է Շուշանյանը: