Home / Շուկա / Ինչպես քաղաքապետի հայտարարությունն ամայացրեց «Ֆիրդուսի» տոնավաճառը

Ինչպես քաղաքապետի հայտարարությունն ամայացրեց «Ֆիրդուսի» տոնավաճառը

Երևանի կենտրոնում գտնվող «Ֆիրդուս»-ի շուկայի առևտրականներն անորոշ վիճակում են։ Նրանք չգիտեն, թե երբ են իրենց վերջնականապես վտարելու շուկայի տարածքից։ Շուկայում լուրեր են պտտվում, որ մինչև սեպտեմբեր, այնուամենայնիվ, այն լրիվ դատարկվելու է։ Չնայած տոնավաճառը դեռևս գործում է, սակայն առևտրականների խոսքով՝ շուկայի փակվելու մասին քաղաքապետարանի հայտարարությունից հետո, նվազել է առանց այն էլ սակավ հաճախորդների թիվը, քանի որ նրանց մեծ մասը մտածում է, որ շուկան այլևս չի գործում։ Epress.am-ի լրագրողն այսօր շրջել է շուկայի տարածքում, զրուցել մտահոգ առևտրականների և շուկայի տնօրեններից մեկի՝ Ռուբեն Ալոյանի հետ։

Մոտ 20 տարի գործող «Ֆիրդուս»-ի տոնավաճառի փակվելու մասին խոսակցությունները սկսվել էին տարիներ առաջ, սակայն դրանք հատկապես ակտիվացան այս տարվա հունիսի սկզբին, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ առևտրականները պետք է լքեն շուկայի տարածքը 1 շաբաթվա ընթացքում։ Քաղաքապետարանը խոստացել էր, որ 200 աշխատակիցներին էլ «կտեղավորեն» այլ առևտրի շուկաներում, մասնավորապես, գործարար Խաչատուր Սուքիասյանի հիմնած «Երևան» տոնավաճառում։ Այդ որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել առևտրականների շրջանում, որոնք ցույցեր էին արել և խնդրել ժամանակ տրամադրել տեղափոխվելու համար։

Կեսօրին արդեն գրեթե դատարկ շուկայում նստած առևտրականները, իրենց խոսքով, արդեն համակերպվել են քաղաքի տեսքը «գեղեկացնելու» համար շուկայի փակելու և տեղափոխվելու մտքի հետ, սակայն ոչ բոլորին է պարզ, թե իրենք ինչ են անելու հետագայում։

«Ֆիրդուս»-ի տոնավաճառն ամենահարմար տեղում է գտնվում, նշում են նրանք, մետրոյի երկու կանգառների արանքում։ Առևտրականներից յուրաքանչյուրն ունի իր հաճախորդը, իսկ տեղափոխվել այլ տոնավաճառ առևտրականների համար նշանակում է զրկվել օրվա հացից։ Տոնավաճառի աշխատողները նշում են՝ եթե հարմար պայմաններով տեղ չգտնեն իրենք ինքնարժեքով կվաճառեն վարկի գումարներով ձեռքբերված իրենց ապրանքները և կարտագաղթեն։

Քաղաքի ամենամեծ տոնավաճառներից մեկում՝ «Մալաթիայում», «ֆիրդուսցիներին» տեղեր են առաջարկում, սակայն այնպիսի տեղեր, որոնք անկյունային են, և այդ հատվածներով քիչ այցելուներ են անցնում։ Բացի դրանից, այնտեղ իրենք ավելի շատ գումար պետք է վճարեն մեկ քառակուսի մետրի համար։ «Երևան» տոնավաճառում էլ, նրանց խոսքով, հաճախորդներ գրեթե չկան։

Ֆիրդուսիի շուկայում կոշիկի առևտուր անող ամուսինները, որոնք նաև տուն ունեն շուկայի տարածքում, պատմել են, որ դեռևս հունվարին, երբ շուկայի փակվելու մասին խոսակցություններ չկային, որոշ առևտրականներ տեղափոխվել էին «Երևան» տոնավաճառ, սակայն այժմ վերադարձել են։

«Տեսան, որ այնտեղ ընդհանրապես շարժ չկա, առևտուր չկա, հետ եկան։ Բացի դրանից, եթե դու վերցնում ես մի 10 քառակուսի տարածք, որը պետք է կահավորես, ծախսես մոտ 300 հազար դրամ, բայց եթե դու չհարմարվես, դուրս գաս, էդ կահավորումը, դարակները չես կարող հետդ տանել», – պատմել է մեր զրուցակիցը։

Շուկայի տնօրեններից մեկը՝ Ռուբեն Ալոյանը, մեզ հետ զրույցում պատմել է, որ իր մոտից արդեն մոտ 10 առևտրական հեռացել է՝ «գլխի ճարը տեսնի»։

Նա պատմել է, որ շուկան բաժանված է երեք ՍՊԸ-ների միջև, որի ամենամեծ չափաբաժինն իրենն է։ Առևտրականները որոշ գումար մուծում են իրենց, որոշ գումար էլ՝ այն տանտիրոջը, որի բակում առևտրականներն ապրանք են վաճառում։

Շուկայի փակվելու հետ կապված էլ նա նշել է, որ իրականում ոչ մեկն էլ չի ուզում գնալ, բայց «ոչինչ չես կարող անել»։

Քաղաքապետարանը շուկայի փակվելու հայտարարության հետ մեկտեղ նախագիծ էր ներկայացրել, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում՝ շատրվաններ, փոքրիկ հրապարակ, առևտրի կենտրոններ։

Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում գտնվող տների բնակիչների խոսքով՝ իրենց հետ ոչ ոք դեռ չի խոսել՝ տների ճակատագրի հետ կապված։ Նրանք նշում են՝ եթե նույն տարածքում լավ պայմաններով բնակարաններ առաջարկեն, բնակիչները պատրաստ են հանձնել իրենց տները։