Home / Բանտ / Հերթով մտնել են սենյակ, դաժանորեն ծեծել Խանդոյանին․ բանտում բուժօգնություն չեն տրամադրել

Հերթով մտնել են սենյակ, դաժանորեն ծեծել Խանդոյանին․ բանտում բուժօգնություն չեն տրամադրել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանին այսօր այցելել է իր պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը, որից հետո լրագրողներին պատմել է ոստիկանների կողմից իր պաշտպանյալին ծեծելու և խոշտանգելու մասին։

«Դատարանի սենյակներից մեկում Խանդոյանին մոտ 15 մարդ դաժան ծեծի են ենթարկել։ Քանի որ սենյակը փոքր է եղել, հերթով են մտել, ծեծել։ Պատճառն այն է եղել, որ երբ Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին ծեծելով բերել են, չեմ ուզենա այս բառը ասեմ՝ տշելով, Արայիկ Խանդոյանը ասել է՝ ի՞նչ եք անում»,֊ ասել է Պապիկյանը։

Փաստաբանը դիմել է քրեակատարողական հիմնարկի պետին՝ միջնորդելով բժշկական օգնություն տրամադրել Խանդոյանին։

«Դրա կարիքը անհապաղ կա։ Ոչինչ չի արվել։ Դեղորայք չի տրամադրվել։ Միայն ճնշումն են չափել»,֊ ասել է Պապիկյանը։

Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում ծեծվել են «Սասնա ծռերի» ևս մի քանի անդամներ՝ Արեգ Կյուրեղյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը։

«Դա այն տարածքն է, որը գտնվում է դատավորի իրավասության սահմաններում։ Այդ անձինք դատարան են տարվել դատավորի (Արտուշ Գաբրիելյան֊խմբ,) պահանջով, և դատավորը պարտավոր էր ապահովել նրանց անվտանգությունը։ Այդ դատավորը այլևս չի կարող [շարունակել դատավարությունը], պիտի համարձակություն ունենա ինքնաբացարկ հայտնի»,֊ ասել է Արայիկ Պապիկյանը։

Ուղեկցող ոստիկանները «Սասնա ծռերին» սկսել էին քաշքշել դեռ դատական նիստի ընթացքում։ Ըստ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի՝ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Կյուրեղյանը փորձել է իր պաշտպանին գրություն փոխանցել։ Ոստիկանները Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին քաշքշելով դուրս են տարել դատարանի դահլիճից։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի սաստել ոստիկանների պահվածքը, ընդամենը հետաձգել է նիստը։

Արայիկ Պապիկյանն ասել է, որ իրենք դեռ չեն որոշել՝ կդիմեն արդյոք ՀՀ դատախազություն քրեական գործ հարուցելու պահանջով։ Նա ընդգծել է, որ ԶԼՄ֊ները երեկվանից գրում են խոշտանգումների մասին, և եթե Դատախազությունը ցանկանա, քրեական գործ կհարուցի։

«Եթե ունենային համարձակություն քրեական գործ հարուցել, ապա արդեն պետք է դա արած լինեին»,֊ ասել է Պապիկյանը։

Դատախազությունից Epress.am-ի հարցին՝ արդյոք դեպքի առնչությամբ նյութեր են նախապարտաստվում, չեն պատասխանել՝ խոստանալով այդ մասին տեղեկություն տալ երեկոյան։

Ոստիկանների կողմից ծեծված «Սասնա ծռերի» անդամների առողջական վիճակի մասին հարցին՝ Քրեակատարողական վարչությունից ևս հրաժարվել պատասխանել ՝ասելով միայն, որ Վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը խորհրդակցության է։