Home / Ազգային ժողով / «Սևանում հավելյալ ջուր չկա՛». ԱԺ-ի դիմաց պահանջում են փրկել լիճը

«Սևանում հավելյալ ջուր չկա՛». ԱԺ-ի դիմաց պահանջում են փրկել լիճը

Սևանա լիճն ամայացումից և ճահճացումից փրկելու համար «S.O.S Սևան» նախաձեռնության անդամներն այսօր ակցիա են անցկացրել Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով չընդունել Կառավարության նախագիծը՝ օրենքում փոփոխություն կատարելու և Սևանից տարեկան հավելյալ 100 մլն խորանարդ ջուր վերցնելու:

«Սևանին չի կարելի վերաբերվել որպես լողավազանի, և երբ ուզել, ինչքան ջուր ուզել վերցնել Սևանից: Քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ բնապահպանական աղետների, որոնք, ըստ էության, չեն հասկանում Կառավարությունում կամ չհասկանալու են տալիս», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից,  բնապահպան Լևոն Գալստյանը:

Նշենք, որ Կառավարությունը նախատեսում է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3՝ այսինքն օրենքով սահմանվածից 100 մլն խորանարդ մետր ավել։ Կառավարությունն իր որոշման մեջ նշել է, որ ջրի բացթողման 170 մլն խորանարդ մետր չափաքանակը մինչև 270 մլն դարձնելը կխնայի էլեկտրաէներգիա, քանի որ այդ ծավալի ջուրն առանց պոմպակայանների գործադրման ինքնահոսի կգնա՝ ջրելու Արարատյան դաշտավայրի երեք համայնքների հողերը: Բացի դա, մեծ քանակի ջրի հոսքը հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին, սակայն այն այնուամենայնիվ քննարկման է դրվել ԱԺ-ում:

Գալստյանի կարծիքով՝ իրականում ավել ջուր վերցնելու համար չկա ոչ մի լուրջ գիտական վերլուծություն. «Ուղղակի կատարվում են պահի տակ որոշումներ կամ ինչ որ շրջանակների  ցանկությունները բավարարող որոշումներ»:

Անդրադառնալով համայնքների հողերի ոռոգման հարցին՝ Գալստյանը նշել է, որ Արարատյան դաշտում ջրաքանակը չի բավարարում, քանի որ պետության կառավարիչների անփույթ և հանցագործ գործունեության արդյունքում ձկնաբուծարանների զարգացումը բերել  է արտեզյան ավազանի ոչնչացմանը, և մարդիկ զրկվել են  ինքնահոս ոռոգման հնարավորությունից:

«Ու այդ հանցագործությունը չպատժվեց, դրա մասին չի խոսվում ու Սևանից ջուր վերցնելը հիմնավորվում է գյուղացիներին ջրով ապահովելով», -ասել է բնապահպանը:

Տարիներ շարունակ Սևանի ջրի մակարդակը չի բարձրանում, և ակտիվ խոսվում է այն մասին, որ դա ձեռնտու է ափամերձ տարածքում տներ և հանգստի օբյեկտներ ունեցող պաշտոնյաներին:

«Ջուրը հասել է շատ լուրջ օբյեկտների: Կառավարության անփույթ գործունեության արդյունքում ափերը և մնացած տարածքները պետք է նախապատրաստվեին ջրի բարձրացմանը: Պետք է չթույլատրվեր 1906 մետր նիշից ներքև կառույցներ կառուցել: Անփութություն է արվել, հիմա, քանի որ ֆինանանսական  միջոցները չեն ուզում ծախսեն դրանք վերացնելու համար, ամեն կերպ արդեն 5 տարի շարունակ տարբեր եղանակներով արգելակում են  Սևանի բարձրացումը», – նշել է Գալստյանը:

2001 թվականից Սևանի մակարդակը  մոտ 3,5 մետր բարձրացել էր և Սևանի ջուրը սկսել է ինքնավերականգնվել: Այսինքն՝ որակը սկսվել էր փոխվել դեպի դրականը, թթվածնի մակարդակը բարձրացել էր: Սակայն, Գալստյանի խոսքով, 2011 թվականից ջրի մակարդակն այլևս չի բարձրացվում, և սկսել են առաջանալ կապտականաչ ջրիմուռներ, ափամերձ տարածքները սկսել են ճահճանալ, լճի ջուրը դարձել է ոչ թափանցիկ, ջրի որակը սկսել է վատանալ և շատ ձկնատեսակներ չեն կարողանում բազմանալ: