Home / Դատարան / Ինքնաբացարկի պահանջ․ «Սասնա ծռերի» գործով դատավորը մեղադրանքի կողմից է հանդես գալիս

Ինքնաբացարկի պահանջ․ «Սասնա ծռերի» գործով դատավորը մեղադրանքի կողմից է հանդես գալիս

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստն այսօր մեկնարկել է դատավոր դատավոր Արտուշ Գաբրիելյանին բացարկ հայտնելու միջնորդությամբ։ Միջնորդությունը ներկայացրել է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ իրենց վստահորդները միայն այդ միջնորդություն անելն են հանձնարարել՝ անձամբ զրկված լինելով նիստին ներկա լինելու իրավունքից։ Այսօր դատական դահլիճ են բերվել 18 ամբաստանյալներից միայն Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը։ Նախորդ նիստին դատավորը մյուս ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել։

Դատավոր Արտուշ Գաբրիելյան

«Սասնա ծռերի» պաշտպանները հայտարարել են, որ դատավորն ինքը պետք է ինքնաբացարկ հայտներ՝ առանց միջնորդության սպասելու, քանի որ չի կարողացել ապահովել ամբաստանյելների անվտանգությունը դատարանի դահլիճում։

«Դուք այն դատավորն եք, ում օրոք բռնություն է գործադրվել անձանց նկատմամբ դատարանի դահլիճում»,֊ ասել է Լուսինե Սահակյանը։

«Սասնա ծռերի» մյուս 14 անդամների գործով հունիսի 28-ին կայացած նիստից հետո ոստիկանները դատարանի շենքում ծեծի են ենթարկել ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Արայիկ Խանդոյանին, Սմբատ Բարսեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին։

«Մեզ մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ դատավորը հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ, որպես դատավարության մասնակից, և ոչ թե արդարադատության իրականացնող անձ»,֊ այսօր միջնորդության պատճառներին անդրադառնալով՝ հավելել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը։

«Պաշտպանական կողմը գտնում է, որ դուք ի վիճակի չեք այս դատավարությունը վարելու։ Ակնհայտ երևում է, որ մեղադրող կողմն է այս դատավարությունը վարում։ Մեղադրողները ցանկացած պահի կարող են թողնել, նիստերի դահլիճից գնան, բայց դուք ներս եք մտնում, նայում եք՝ որ պաշտպանը նիստերի դահլիճում չէ, որ նրա նկատմամբ սանկցիա կիրառեք», ֊ իր հերթին, ասել է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նաև նշել է, որ դատավորը ցուցաբերել է անձնական վատ վերաբերմունք փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ՝ հրապարակելով փաստաբանին ուղղված նրա պաշտպանյալ Արեգ Կյուրեղյանի գրությունը, ինչը փաստաբանական գաղտնիքի խախտում է։ Ըստ Վարոսյանի՝ լուրջ խնդիր է նաև, որ դատավորը որպես ֆիզիկական անձ դիմել է Փաստաբանների պալատ՝ Ղարագյոզյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Նշենք, որ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն փոխանցեր Ղարագյոզյանին, որում նշված էր, թե ինչ ռազմավարություն պիտի որդեգրի պաշտպանը դատական նիստերի ընթացքում։ Դատավորի ներկայությամբ թուղթը Կյուրեղյանի ձեռքից խլել էր ոստիկանը, ապա մեղադրյալին հեռացրել էին դահլիճից և ծեծի ենթարկել։

Միջնորդությունը ներկայացվելուց հետո դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ այն քննարկելու համար։