Home / Բնապահպանություն / Լոռիում ճանապարհը կառուցում են, աղբը թափում գետը․ ահազանգ բնապահպանից

Լոռիում ճանապարհը կառուցում են, աղբը թափում գետը․ ահազանգ բնապահպանից

Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կառուցման աշխատանքների հետևանքով առաջացած շինարարական աղբը, որը իրենից ներկայացնում է լեռնային ժայռերի խոշոր բեկորներ, թափվում է ճանապարհի եզրի անտառային տարածքի հատվածում և Դեբեդ գետի հունը։ Դրա հետևանքով գետի հունը նեղացել է՝ տեղ-տեղ հասնելով 2-3 մետրի։ Այս մասին ահազանգում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։

«Շինարարական աշխատանքները կատարվում են օրենքի խախտումով։ Տեղեր կան, որ գետի հունը նեղացել, դարձել է առու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սանասարյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագրի մեջ պետք է նշվի՝ որտեղ է թափվելու շինարարական աղբը։

Թե ինչու են շինարարական թափոնները թափվում ոչ թե հատուկ նախապատրաստված տեղում, այլ հենց շինհրապարակի մոտակայքում, Սանասարյանն իր ենթադրությունն ունի։ Ըստ բնապահպանի՝ թափոններն այլ վայր տեղափոխելու համար պետք են հատուկ մեքենաներ, դրանց համար անհրաժեշտ է վառելիք։ Մոտիկ տեղում շինարարական աղբը թափելը «հեշտացնում է» գործը։ Սանասարյանի տեղեկություններով՝ 5 ընկերություն է զբաղվում շինարարական աշխատանքներով։

Դեբեդի հունի նեղացումը մի շարք բնապահպանական խնդիրներ կարող է առաջացնել․ «Նախ գետի հունն աղտոտելն օրենքի խախտում է, բացի դրանից՝ ձնհալ և սելավներ են լինում, և ժայռաբեկորների նման կուտակումներից առաջացած պատնեշը մի օր կարող է պայթել և ավերածություններ տեղի կունենա»։

Բանպահպանները դիմել են «Հայանտառ» ընկերությանը, որը պետք է չափաբանական աշխատանքներ կատարի և գնահատի, թե որքան տարածք է արդյունաբերական թափոններով աղտոտված, ինչպես նաև աղտոտված յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ինչքան տուգանք է սահմանվում։

Բնապահպանի խոսքով՝ միջազգային փորձը նախատեսում է, որ տարածքը արդյունաբերական, շինարարական թափոններով աղտոտելու դեպքում մեծ տուգանք է վճարվում։ Նա նշել է, որ Հայաստանի դեպքում այդ գումարը կարող է հասնել մինչև 100 միլոն դրամի։

Epress.am-ը հետաքրքրվել է Բնապահպանության նախարարությունից՝ արդյոք տեղյակ են խնդրի մասին և ինչ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ։ Նախարարությունից մեզ պատասխանել են, որ տեղյակ են ահազանգի մասին և այժմ ուսումնասիրում են դեպքը։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ դեռևս չենք կարողացել կապ հաստատել և խնդրի վերաբերյալ նրանց պարզաբանումները ստանալ։

Բացի բնապահպանական խնդիրներից՝ Սանասարյանն այն կարծիքն է հայտնել, որ շինարարությունը շատ դանդաղ տեմպերով է ընթանում․ «Չկա այն աշխատանքային ծավալը, որը պետք է արվեր միջպետական ճանապարհը կառուցելու համար»։

Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է՝ հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհը: Մ6 Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է Լոռու և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)՝ շարունակվելով մինչև Բագրատաշենի սահմանակետ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներն իրականացնել շուրջ 32 ամիս: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական ներդրումային բանկը և Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև նախատեսված է ՀՀ կառավարության համաֆինանսավորում: Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 51 մլն եվրո գումարի չափով վարկ։ Ասիական զարգացման բանկը տրամադրելու է 44 միլիոն 37 հազար եվրո գումարի չափով վարկ։