Home / Առողջապահություն / Մայրը 3 տարի պայքարում է որդու սպանությունը բացահայտելու համար

Մայրը 3 տարի պայքարում է որդու սպանությունը բացահայտելու համար

25-ամյա գյումրեցի Արտյոմ Ադանալյանի սպանությունից անցել է մոտ 3 տարի։ Գյումրու ոստիկանությունը և շտապ օգնությունն ուշացած էին հասել դեպքի վայր, նախաքննական մարմինը գործը պարտակել էր, սպանության մեղավորները լքել են Հայաստանը կամ նրանց մի մասը մեղադրյալից «դարձել է» վկա, դատարանը՝ «վճիռը ձեռքին», ուզում է արագ գործը փակել։ Մահացածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, այլևս չհավատալով պետական մարմիններին, հուլիսի 10-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել՝ լրագրողների օգնությամբ բարձրաձայնելու խնդիրը և դրանով ազդելու դատաքննության ընթացքի վրա։ Ասուլիսից հետո Epress.am-ի հետ զրույցում նա մանրամասն խոսել է գործի մասին։

Ռուզաննա Ադանալյան

Սպանությունը պատվիրված և ծրագրված էր․ սպանության՝ մոր վարկածը

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 22:15-ին, Գյումրիում՝ Ադանալյանների տանը, ճաշկերույթ է եղել։ Դրա ժամանակ Արտյոմ Ադանալյանը դիտողություն է արել իր հորը՝ Ավետիքին, դրան էլ միջամտել է սպանության այժմ միակ մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանը՝ երիտասարդին անվանելով «Արտյոմիկ»։ Վերջինս էլ նրան է անվանել «Արթուրիկ»։ Կռիվ է սկսվել, որի ժամանակ էլ Մարտիրոսյանը դանակով հարվածել է Արտյոմ Ադանալյանին։ Քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Այն, որ միմյանց «իկ»-ով դիմելու համար կարող էր վիճաբանություն սկսվել, Ռուզաննա Ադանալյանը համարում է աբսուրդ։

«Սպանության մոտիվը հորինված է։ Սա դիտավորությամբ կազմակերպված սպանություն է», – ասում է մայրը՝ ընդգծելով, որ թերի գործող իրավապահ համակարգի փոխարեն իր սեփական հետազոտության միջոցով փորձում է վերականգնել սպանության իրական շարժառիթները։

Ըստ Ռուզաննա Ադանալյանի՝ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, սակայն, մեղայականով ոստիկանություն է ներկայացել միայն խնջույքի մասնակիցներից մեկը, իսկ մյուսները ներգրավվել են որպես վկաներ: Նրանց մի մասն էլ ներկայումս մեկնել են երկրից:

Այդ օրը կինը որդու հետ վերջին անգամ խոսել է 17։10֊ին, երբ վերջինս փողոցում է եղել։ Արտյոմն ասել էր, որ ջերմություն ունի, սակայն հայրը կանչում է տուն․ ինչ-որ մարդիկ են տանը հավաքված։

«Հորդորել եմ՝ չգնա, սակայն երևի շատ են ստիպել, գնացել է», -պատմում է մայրը։ Կինը կասկածներ ունի, որ այդ օրն իրենց տանը դիտավորյալ վիճաբանություն է կազմակերպվել և ամուսնուն օգտագործելով են Արտյոմին տուն կանչել։

«Կազմակերպման սխեման դեռ չգիտեմ, բայց դա դիտավորությամբ կազմակերպված սպանություն է։ Ու հենց ինձ վնասելու համար է եղել, ես չեմ կարող շատ բացել փակագծերը գործին չվնասելու համար։ Սակայն կա նախապատմություն, կա անձ, որը թշնամանքով է լցված իմ հանդեպ։ Դա մի կին է, և գուցե նրա մատը խառն է այդ գործում», -ասել է Ադանալյանը։ Նրա խոսքով՝ այս գործի հետևում կանգնած են փողատեր և պաշտոնավոր անձինք․ «Կա մեկը, ում ձեռնտու էր տղայիս սպանությունը»։

Դեպքից օրեր առաջ, պատմում է մայրը, իրենց հարևաններից մեկի՝ Հովհաննես Թոփչյանի ավտոտնակում մեծ վիճաբանություն է եղել, որին մասնակցել է նաև Ավետիք Ադանալյանը․ «Կարծում եմ, որ դա նախափորձն է եղել, երևի մտածել են, որ տղայիս հոր շուրջ եթե ինչ-որ բաներ ստեղծեն, նա կկանչի տղայիս ու հանգիստ նրան կներքաշեն դրա մեջ»։

Կնոջ խոսքով՝ ամուսինն ունեցել է հակումներ ալկոհոլի և թմրանյութերի հանդեպ։ Հենց հոր թույլ տեղը, նման վարքագիծը օգտագործելով՝ փորձել են անել ծրագրված սպանությունը։

Մեղավորները կա՛մ հեռանում են Հայաստանից, կա՛մ դառնում վկաներ

Խնջույքին, կնոջ տեղեկություններով, ներկա են եղել 13 հոգի, այդ թվում՝ տուժողը և մեղադրյալը։ Չնայած կինը չի բացառում, որ այլ մարդիկ նույնպես եղած լինեն այդ հավաքին։ Որպես վկա են ներգրավվել սակայն միայն 8 հոգի, 3 հոգի չեն ներգրավվել։

Վկաներից յուրաքանչյուրի գործողությունները, կնոջ խոսքով, մինչև հիմա իրավական գնահատական չեն ստացել․ «Բոլորը կազմակերպված ձևով մի քանի հարցի են պատասխանել, և մի մասը հեռացել է Հայաստանից»։

Դեպքից անմիջապես հետո սպանության մեջ մեղադրվող Մարտիրոսյանը դիմել էր փախուստի, Քննչական կոմիտեն հետախուզում էր հայտարարել և 9 օր անց նա պաշտպանի հետ միասին ներկայացել էր դատարան։

Ռուզաննա Ադանալյանը պնդում է՝ իր որդու միայն Արթուր Մարտիրոսյանը չի սպանել։ Սպանության մասնակից է եղել նաև վերջինիս մոտ ընկերը, իրենց հարևան Հովհաննես Թոփչյանը, որը ներկա է եղել խնջույքին, սակայն նախաքննական մարմինը չի անդրադարձել դրան։

Կասկածը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դեպքից մի քանի օր հետո Թոփչյանը մեկնել է Հայաստանից։ Միայն կնոջ հորդորներից հետո՝ ամիսներ անց, երբ Թոփչյանը բացակայում էր երկրից, խուզարկել են նրա բնակարանը և հագուստներ են վերցրել։ Դրանց վրա հայտնաբերվել են դեպքի օրը ներկաներից մի քանիսի հագուստների մանրաթելեր։

Արտյոմ Ադանալյան

Հետագայում, սակայն, քննիչը հայտարարել է, որ, բացի Ռուզաննա Ադանալյանի ցուցմունքից, ապացույցներ չկան Թոփչյանի դեմ։ Արդեն դատական փուլում կինը դիմել է դատարան՝ պահանջելով Թոփչյանին նույնպես հրավիրել՝ վկայություն տալու։ Կնոջ խոսքով՝ դատարանն ուղղորդել է դիմել դատախազություն, այնտեղից էլ ասել են՝ դիմեք դատարան։ Եվ այդպես էլ Թոփչյանին չեն հարցաքննել։

Սպանվածի հայրն ասում է, որ սպանության պահին տանը չի եղել։ Վկաները, սակայն, ընդգծում են, որ նա եղել է դեպքի վայրում, փորձել է հանդարտեցնել Մարտիրոսյանին։

Նախաքննությունը՝ կոպիտ խախտումներով

Ռուզաննա Ադանալյանը նշում է հիմնական խախտումները․

– Քննիչը դեպքի վայրի զննությամբ 36 տեղում արձանագրել է արյան հետքեր, սակայն միայն 4 տեղից է վերցվել արյան նմուշ։

– Դեպքի վայրում առկա լրագրասեղանի ռետինե ծածկոցն ամբողջությամբ պատված է եղել արյան բազմաթիվ հետքերով, այն առգրավվել է, սակայն փորձաքննության չի ենթարկվել։

– Արտյոմ Ադանալյանի դին եղել է մաքուր, լվացված վիճակում։ Դիակի լողացված լինելու մասին ոչ քննիչը, ոչ էլ դատաբժիշկը չեն նշել: Ոչ մի վկայի ոչ մի հարց չի տրվել և գործով չի պարզաբանվել, ի վերջո, ով կամ ինչու է լողացրել Արտյոմ Ադանալյանին:

– Դեպքի վայրից կինը հայտնաբերել է «պիպետկա»։ Միայն նրա համառ ջանքերից հետո այն ուղարկվել է փորձաքննության և դրա մեջ գտել են հաշիշի և մարիխուանայի հետքեր։ Չնայած որ կինը դեպքից մի քանի օր անց է ասել, որ ստուգեն վկաներին, սպանությունից միայն ամիսներ հետո են վկաներին ստուգել և արձանագրել, որ նրանց մարմնում չի հայտնաբերվել թմրանյութ։ Կինն այն կարծիքին է, որ հատուկ չեն ստուգել վկաներին, որպեսզի հետքերը վերանան։ Դեպքից հետո բնակարան մտած ծանոթները հետագայում Ռուզաննային ասել են, որ տանը տուփերով պիպետկաներ են գտել։

– Վկաները նախաքննության փուլում տվել են հակասական ցուցմունքներ, սակայն դրա վրա ուշադրություն չի դարձվել։

– Քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները: Կինը հարց է բարձրացրել, թե ինչու դրանք չեն եղել։ Դատաբժիշկն ասել է, որ իրենք ֆոտոլուսանկարիչ չունեն, ունեն սանիտար, ով սիրողական լուսանկարներ է անում, սակայն նա այդ օրն այնտեղ չի եղել։

– Արտյոմ Ադանալյանը, ըստ պաշտոնական վարկածի, դանակի 2 վնասվածք է ստացել։ Ակնհայտ երևացել է, որ վնասվածքները երկու տարբեր դանակներով են հասցվել։ Մայրը նշում է, որ դա էլ հիմք է տալիս կասկածելու, թե սպանողը մեկը է։

– Բացակայում է սպանության գործիքը կամ գործիքները։

Նշենք, որ դեպքից երկու ամիս անց հիմնովին քանդվել է այն տնակը, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Այնտեղ վարձով ապրում էր Ադանալյանների ընտանիքը։ Կինը համոզված է, որ տունը քանդել են՝ հետքերը լիովին մաքրելու համար։ Նա նշում է, որ տունը լավ վիճակում էր և անտրամաբական էր այն քանդելը։ Երբ կինը տանտիրոջը հարցրել է, թե ինչու ես քանդել տունը, վերջինս պատասխանել է․ «Դե եսիմ, քանդեցի»։

Մեկ րոպե շուտ բերեին, կփրկվեր․ ուշացած շտապ օգնություն

Շտապ օգնությունը ուշ է հասել դեպքի վայր։ Ուշանալուց զատ շտապ օգնությունը հասել և գրանցել է Արտյոմի բիոլոգիական մահը։ Կինը պատմում է, որ որդու ընկերներից մեկը հայտնել է, որ երբ ինքը տուն է մտել և տեսել է Արտյոմին, նա դեռ շնչում էր․ «Այդ դեպքում, մինչև դա ինչո՞ւ շտապ օգնության աշխատողները չեն տեղափոխել նրան հիվանդանոց»։

Երբ ընկերը տեսել է, որ բժիշկներն օգնություն չեն ցուցաբերում, մեքենա է վերցրել և տարել հիվանադանոց։ Ըստ պաշտոնական վարկածի՝ «Գյումրի» ԲԿ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։ Կնոջ խոսքով՝ իրենց տնից մինչև հիվանդանոց մեքենայով 1 րոպե ճանապարհ է։

Կինն ընդգծում է, որ որդուն հիվանդանոցում շնչառական ապարատ են միացրել, ինչը նույնպես ապացուցում է, որ շտապ օգնության բժիշկը սխալվել է՝ արձանագրելով նրա մահը։

«Դիակի հանդեպ նման գործողություն անու՞մ են․․․Ինձ հիվանդանոցում ասացին, եթե 1-2 րոպե առաջ հասցնեին, կփրկվեր ձեր տղան», – ասում է կինը։