Գլխավոր / Դատարան / Անդրեաս Ղուկասյանին առաջադրվել են «Սասնա ծռերի» անդամների մեղադրանքները

Անդրեաս Ղուկասյանին առաջադրվել են «Սասնա ծռերի» անդամների մեղադրանքները

2016 թվականի հուլիսի 26-ին «Սասնա ծռերին» աջակցություն հայտնելու ակցիայից մինչ օրս կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանի գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։

Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ հուլիսի 26-ին ձերբակալվել էր 8 անձ, բոլորը, բացի Անդրեաս Ղուկասյանից, ազատ են արձակվել գրավի դիմաց, իսկ Ղուկասյանի խափանման միջոցը չի փոխվում։

«Ոչ միայն չեն ազատում, այլև Ղուկասյանի գործը մյուսներից առանձնացվել է։ Ձերբակալման պահից ընդհուպ մինչև 2017 թվականի ապրիլ, առաջադրված էր զանգվածային անկարգությունների մասով մեղադրանք։ Անմիջապես ԱԺ ընտրություններից հետո մեղադրանքը խստացվել է՝ հիմա դատարան ուղարկված մեղադրական եզրակացությամբ Անդրեաս Ղուկասյանին նույն մեղադրանք է առաջադրված ինչ «Սասնա ծռերին»»,֊ ասել է պաշտպանը։

Այսպես, Անդրեաս Ղուկասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով։

Ղուկասյանին ավելացվել են նաև հետևյալ հանցագործությունների կատարման փորձի մեղադրանքները՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը; Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, պատանդ վերցնելը։

Մեժլումյանը պնդում է, որ առաջադրված մեղադրանքներով գործը դատարան ուղարկելը անհիմն է, քանի որ նախաքննության ընթացքում դրանք հերքվել են ապացույցներով՝ տեսանյութերով, վկաների՝ այդ թվում 5 լրագրողների ցուցմունքներով։

Քննիչները, ըստ Մեժլումյանի, բազմիցս կոպտորեն խախտել են Ղուկասյանի պաշտպանության իրավունքը, մասնավորապես, մերժելով Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունները ակցիային ականատես վկաներին հարցաքննելու մասին։ Այն մեղադրանքը, թե իբր Ղուկասյանը կոչ է արել մարդկանց քարեր վերցնել և փորձել ներխուժել ՊՊԾ գունդ, հիմնված է միայն մի վկայի ասածների վրա, որը նախկինում դատված է եղել և հաշվառված է հոգեբուժական հաստատություններում, ուստի, ըստ պաշտպանի, խոցելի և կառավարելի կարգավիճակում է։