Գլխավոր / Բանտ / «Սասնա ծռեր»-ի դատից հիվանդանոց տեղափոխված ամբաստանյալին կրկին բանտ են տարել

«Սասնա ծռեր»-ի դատից հիվանդանոց տեղափոխված ամբաստանյալին կրկին բանտ են տարել

«Սասնա ծռեր»-ի գործով անցնող Խաչատուր Գիչյանին երեկ՝ հուլիսի 12-ի երեկոյան հիվանդանոցից կրկին տեղափոխել են բանտ՝ «Նուբարաշեն»՝ պատճառաբանելով, որ նրա վիճակը լավ է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա հանրային պաշտպան Աննա Ջուվանովան։

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով երեկվա դատական նիստը դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաձգել էր, քանի որ ամբաստանյալ Գիչյանի առողջական վիճակը վատացել էր և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Դատավորը տեղեկացրել էր դատարանում ներկաներին, որ Գիչյանի սիրտը ստենտավորված է, և նա 10 օր շարունակ չի խմել իր դեղերը, դրանից էլ նրա մոտ սրացումներ են առաջացել։

Այսօր Epress.am-ի հետ զրույցում Ջուվանովան հայտնել է, որ ինքն անձամբ չի հանդիպել Գիչյանին և չգիտի՝ արդյոք նա սկսել է ընդունել նշանակված դեղերը։

Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանին է պատկանել բեռնատարը, որով «Սասնա ծռերը» ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք։ Նա մեղադրվում է 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն հանցակցելը։