Գլխավոր / ԼԳԲՏ+ / «Ոսկե ծիրան»-ի կողմից ԼԳԲՏ թեմայով ֆիլմերն արգելելու ֆոնին Սերժ Սարգսյանը խոսում է մարդասիրությունից

«Ոսկե ծիրան»-ի կողմից ԼԳԲՏ թեմայով ֆիլմերն արգելելու ֆոնին Սերժ Սարգսյանը խոսում է մարդասիրությունից

««Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող և մունետիկ», — այս խոսքերով է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին։

Միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ, սակայն հետագայում Կինեմատոգրաֆիստների միությունը, որտեղ պետք է ներկայացվեր ծրագիրը, հրաժարվել դրանց ցուցադրությունից։ Կինոփառատոնի ղեկավարությունը որոշել էր ամբողջովին հանել արտամրցութային ծրագիրը (37 ֆիլմ)։ Մի շարք անհատներ և կազմակերպություններ քննադատել էին տեղի ունեցածը՝ անվանելով դա բացահայտ գրաքննություն։

«Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից:

Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում», — մասնավորապես, ասված է Սարգսյանի ուղերձում։

Ավելի վաղ փառատոնի հյուր, թուրք պրոդյուսեր, հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագահ Չիղդեմ Մաթերը սոլիդարություն էր հայտնել փառատոնի ծրագրից հանված ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերի հեղինակների հետ։

«Մեր երկրներում այս կինոփառատոնները պարզապես կինոփառատոններ չեն։ Այս փառատոնները մենք օգտագործում ենք մեր խոսքի ազատության իրավունքն ամրագրելու համար։ Մեր ֆիլմերը գործիքներ են, որոնցով խոսում ենք աշխարհի հետ: Այդ պատճառով ֆիլմ արտադրողների համայնքը պետք է պատասխանատու լինի և բարձրաձայնի այս խնդրի մասին, որպեսզի բոլոր ֆիլմերի խոսքի ազատությունը հարգվի: Ես կարծում եմ՝ փառատոնին չի կարելի մենակ թողնել, քանի որ մենք գիտենք ճնշումը եղել է դրսից: Դրա համար ոչ թե դեմ պետք է լինենք փառատոնին, այլ դրա հետ լինենք, ու հնարավորություն ստեղծենք ֆիլմերի ցուցադրության համար», — ասել է նա:

Epress.am֊ի հարցմանն ի պատասխան, Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրել էր, որ Մայր Աթոռը հորդորել է «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավարությանը 2017 թվականի ծրագրից հանել ԼԳԲՏ անձանց մասին 2 ֆիլմերը։ Ըստ նրա՝ հասարակությանն այդ ֆիլմերը պետք չէին․ «Մեր հասարակությունը կարիք չունի նման քարոզչության: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատի և քրիստոնեական արժեհամակարգի կրող է, և, բնական է, որ, ինչպես և Եկեղեցին, չի կարող կողմ լինել նման աստվածամերժ երևույթի և դրա նմանօրինակ գովազդման։ Ցավոք, վերջին օրերին այս հարցում իրենց դիրքորոշմամբ ու «ազատամտությամբ» աչքի ընկած կառույցներն իրենց իսկ քայլերով իրականում անհանդուրժողականություն և ատելություն են սերմանում այս ախտով տառապող անձանց նկատմամբ: Սա մեզ համար անընկալելի է»։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սերժ Սարգսյանը «չի նկատում» Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ դրսևորվող խտրականությունը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով այլ երկրներում ԼԳԲՏ անձանց խնդիրներին։ 2016 թվականի հունիսի 12-ին 29-ամյա Օմար Մատինը հարձակում էր գործել ամերիկյան Օռլանդո քաղաքի գեյ֊ակումբի վրա, պատանդներ վերցրել, ապա կրակահերթեր արձակել, որի հետևանքով զոհվել էր 50, վիրավորվել՝ 53 մարդ։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային։

Դրանից 4 տարի առաջ Սարգսյանի կուսակից, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արդարացրել էր Երևանի կենտրոնում գտնվող DIY բարի պայթեցումն ազգայնականների կողմից, մինչդեռ Սերժ Սարգսյանը երբևէ այդ խնդրին չէր անդրադարձել։