Home / Հայաստան / Օդերևութաբանն այլևս չի ուրախանում Ստամբուլի ջրհեղեղով. նա բացատրել է «անձնական ենթատեքստը»

Օդերևութաբանն այլևս չի ուրախանում Ստամբուլի ջրհեղեղով. նա բացատրել է «անձնական ենթատեքստը»

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում «հետ է կանգնել» երեկվա գրառումից: 

«Սիրելի ժողովուրդ, լրատվամիջոցներն ինձ պարզապես ճիշտ չեն հասկացել, քանի որ
չգիտեին իմ գրառման անձնական ենթատեքստը…

Ասածս այն է, որ աղետները սահմաններ, ազգ ու կրոն չեն ճանաչում, արհավիրքի առաջ բոլորը հավասար են, ու աղետը կարող է պատուհասել բոլորին: Աղետի դեպքում չկա ուրիշի ցավ, այն համամարդկային է, և աղետի վերացմանը բոլորն են ներգրավվում…», – այսօր գրել է Գագիկ Սուրենյանն այն բանից հետո, երբ Epress.am-ը երեկ ներկայացրել էր, թե ինչպես է չինովնիկն ուրախանում Ստամբուլի ջրհեղեղով:

Սուրենյանն իր էջում տեղադրել էր ջրի տակ հայտնված մարդկանց լուսանկարներ՝ գրելով. «Ժամեր առաջ Ստամբուլում ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել։ ՀԳ․ տարոսը Բաքվին»:

Նրա հրապարակումը մի քանի ժամվա ընթացքում հավաքել էր հազարավոր հավանություններ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից: Epress.am-ն անդրադարձել էր գրառմանը, որից ժամեր անց  Սուրենյանը հեռացրել էր իր գրառումը, իսկ այսօր բացատրել երեկվա գրածի «անձնական ենթատեքստը»: