Home / Շուկա / «Ֆիրդուս»-ի տոնավաճառը գաղտագողի եկել են քանդելու, պատմում են բնակիչները

«Ֆիրդուս»-ի տոնավաճառը գաղտագողի եկել են քանդելու, պատմում են բնակիչները

Երևանի կենտրոնում գտնվող «Ֆիրդուս»-ի տոնավաճառի տաղավարներն այսօր վաղ առավոտվանից սկսել են ապամոնտաժել Քաղաքապետարանի աշխատակիցները։ Epress.am-ի հետ զրույցում շուկայի աշխատակիցներից մեկը՝ Էմման, պատմել է, որ այս պահին ոչ մի աշխատանք չի կատարվում, քանի որ տոնավաճառում աշխատողները և հարակից տարածքի բնակիչները փակել են շուկա մուտք գործող էքսկավատորների ճանապարհը։

Բնակիչները պնդում են՝ իրենց համար անսպասելի էր, որ առավոտյան «գաղտնագողի կգան շուկան ապամոնտաժելու»։ Քաղաքապետարանի աշխատակիցների խոսքով, սակայն, արդեն լրացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված 2-ամսյա ժամկետը, որի ընթացքում շուկայի առևտրականները պետք է լքեին տարածքը։

Լրագրողների հետ զրույցում տոնավաճառի տարածքում գտնվող տների բնակիչները նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակն են կարդացել՝ խնդրելով, որ իրենց բնակարաններ տան նույն վայրում, ինչը հետագայում կբացառի դատական վեճերը։ Նրանք խնդրել են նաև չդադարեցնել տոնավաճառի աշխատանքը մինչ տնտեսվարողները նոր առևտրային տարածքներ կունենան։

Նշենք, որ «Ֆիրդուս»-ի տոնավաճառի փակվելու մասին խոսակցությունները սկսվել էին տարիներ առաջ, սակայն դրանք հատկապես ակտիվացան այս տարվա հունիսի սկզբին, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ առևտրականները պետք է լքեն շուկայի տարածքը 1 շաբաթվա ընթացքում։ Քաղաքապետարանը խոստացել էր, որ 200 աշխատակիցներին էլ «կտեղավորեն» այլ առևտրի շուկաներում, մասնավորապես, գործարար Խաչատուր Սուքիասյանի հիմնած «Երևան» տոնավաճառում։ Այդ որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել առևտրականների շրջանում, որոնք ցույցեր էին արել  և խնդրել ժամանակ տրամադրել տեղափոխվելու համար։

Քաղաքապետարանը շուկայի փակվելու հայտարարության հետ մեկտեղ նախագիծ էր ներկայացրել, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում՝ շատրվաններ, փոքրիկ հրապարակ, առևտրի կենտրոններ։

Առևտրականները չեն ուզում տեղափոխվեն, քանի որ, նրանց խոսքով, շուկայի դիրքը շատ հարմար է, իրենք ունեն իրենց հաճախորդները, բացի դրանից՝ նոր տոնավաճառներում տեղերը թանկ են և առևտուրը պասիվ է։

Ավելի վաղ՝ Epress.am-ի հետ զրույցում, առևտրականները նշել էին, որ իրենք արդեն համակերպվել են շուկան լքելու մտքի հետ, սակայն ոչ բոլորն են դեռ նոր տարածքներ գտել, դրա քաղաքապետարանից ժամանակ են խնդրում մինչև տարվա վերջ։ Առևտրականների համար հատկապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են ամենաեկամտաբերը, քանի որ այդ ժամանակ են վաճառվում դպրոցականների և ուսանողների համար բերված շորերը, և զրկվել այդ շրջանի առևտրից, նշանակում է՝ «ողջ տարվա չարչարանքը գցել ջուրը»։