Գլխավոր / Կանանց իրավունքներ / Ազգայնականների դեմ Թբիլիսիում դուրս եկան կանայք

Ազգայնականների դեմ Թբիլիսիում դուրս եկան կանայք

Թբիլիսիի էթնիկ բազմազան պատմական թաղամասերից մեկը վերածվել է փոքրամասնությունների իրավունքների շուրջ մշակութային պայքարի կռվադաշտի․ չորս օրվա ընթացքում թաղամասի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում անցկացվել է երկու ցույց՝ մեկը ծայրահեղ ազգայնականների կողմից, մյուսը՝ ընդդեմ նրանց, գրում է Eurasianet.org կայքը։

Հոդվածն անգլերենից թարգմանաբար՝ ստորև․

Վանկարկելով «Կանանց անհնազանդությունը մեկնարկում է»՝ հարյուրավոր կանայք հուլիսի 19֊ին երթ են իրականացրել պողոտայում՝ ընդդեմ կնատյացության, ռասիզմի ու նախորդ շաբաթ տեղի ունեցած «Վրացիների երթի» ընթացքում ենթադրաբար ծագած խմբակային բռնաբարության սպառնալիքի։ Իր հերթին, նախորդ շաբաթ անցկացված ցույցի թիրախում հիմնականում Մերձավոր Արևելքից մահմեդականների ներգաղթն էր։

«Մենք հավաքվել ենք դատապարտելու, այսպես կոչված, «Վրացիների երթի» մասնակիցների չափազանց մտահոգիչ վերաբերմունքը կանանց հանդեպ, ինչպես նաև՝ մեր աջակցությունը հայտնելու Վրաստանում բնակվող օտարերկրացիներին»,֊ ասել է երթի մասնակից, լեզվաբան ու վրացեների ուսուցիչ Ռուսիկո Ամիրեյիբին։

«Ես սատարում եմ ոչ միայն օրինական, այլև՝ անօրինական ներգաղթյալներին, որոնք Վրաստանում ապաստան կամ ավելի լավ կյանք են փնտրում, ու այստեղ ապրում են խաղաղ կերպով՝ առանց հանցագործություններ կատարելու։ Հանցագործությունն ազգություն չունի, ու դրան արձագանքելու պատասխանատվությունը կրում է կառավարությունը, այլ ոչ՝ ինչ֊որ կատաղի ամբոխ»,֊ հավելել է նա։

Հուլիսի 14֊ին տեղի ունեցած «Վրացիների երթի» առաջնորդները հայտարարել էին Հնդկաստանից ու իսլամական երկրներից ժամանած անձանց կողմից անչափահասների դեմ ենթադրյալ սեռական ոտնձգությունների մասին։

Այն բանից հետո, երբ Վրաստանի համալսարանի դասախոս Տատիա Դոլիձեն ծայրահեղականների երթը որակեց որպես քսենոֆոբ, հավաքի կազմակերպիչներից մեկը՝ 57֊ամյա դերասան ու երգիչ Գիա Կորկոտաշվիլին «Ֆեյսբուքում» պատասխանեց, որ Դոլիձեն «պետք է ք*նվի»։

«Ես շատ ծեր եմ խմբակային բաների համար, հետևաբար դա թողնում են ձեզ, տղաներ»,֊ իր հետևորդներին դիմել էր Կորկոտաշվիլին։ Դերասանի կոչի հետքերով իրավապահներն արդեն հետաքննություն են սկսել։

Ըստ Կանանց համերաշխության երթի մասնակիցների՝ ծայրահեղ ազգայնականների մեկնաբանությունները վկայում են Վրաստանում առկա ավելի լայն խնդրի մասին։

«Մենք ցանկանում են հասարակությանը հասկացնել, որ այս ֆաշիստները, որոնք պնդում են, թե պաշտպանում են Վրաստանի մշակույթը, իրականում կանանց վիրավորելու ու ենթարկեցնելու իրենց արտոնությունից բացի, ոչինչ չեն պաշտպանում», ֊ ասել է ազատ մամուլի ու կանանց իրավունքների ակտիվիստ Նինիա Կակաբաձեն։

Կորկոտաշվիլին հետագայում փորձել է իր մեկնաբանություններն արդարացնել որպես «տղամարդկանց առանձնազրույց»՝ պնդելով, որ թեև բառերը կոպիտ էին ընտրված, սակայն իրենցից իրական սպառնալիք չէին ներկայացնում։

«Սա անձնական զրույց էր երկու անձանց միջև, իսկ կանայք այժմ բառերից են կառչում՝ ասելով, որ իրենց մարմինները պաշտպանված չեն և ինչ֊որ մեկը մտադիր է իրենց բոլորին խմբակային բռնաբարության ենթարկել։ Կերազեիք, որ ինչ֊որ մեկը ձեր վերաբերյալ նման մտադրություններ ունենար»,֊ ասել է Կորկոտաշվիլին վրաստանյան հեռուստաալիքներից մեկի եթերից։

Կանանց իրավունքների ակտիվիստները, իրենց հերթին, ասում են, որ տվյալ մեկնաբանություններն արտացոլում են Վրաստանի հայրիշխանական հասարակության խնդիրները։

«Սրանք տղամարդիկ են, որոնք խնջույքների ժամանակ կանանց համար կենացներ են խմում, բայց նրանց տեսնում են միայն որպես սեռական ու վերարտադրողական առարկաներ, որոնց կարող են ցանկության դեպքում թե՛ ֆիզիկապես, թե՛ խոսքերով պատժել»,֊ մեկնաբանել է Կակաբաձեն։ Մերձավոր Արևելքից ու ասիական երկրներից ներգաղթյալների հանդեպ վերաբերմունքը, հավելել է նա, ծագում է նույն արական գերակայության զգացումից։

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի լրագրող Սալոմե Ասատիանին համոզված է, որ ազգայնականության ու մաչիզմի աճը մեծ հաշվով վրաստանցի տղամարկանց ինքնահաստատվելու փորձի հետևանք է․ «Նրանք զգում են, որ չեն համապատասխանում հաջողության ժամանակակից չափանիշներին․ նրանք չեն տիրապետում անգլերենին, ի վիճակի չեն գումար վաստակել, հետևաբար, այս «մենք ենք իրական տղամարդիկ» դիմակը միայն [այդ իրողությանը] կոմպենսացնելու ու արձագանքելու միջոց է»։

Թաղամասի՝ հուլիսի 14֊ի երթին մասնակցած բնակիչներից ոմանք կանանց երթի ժամանակ փորձում էին իրենց առանձնել ազգայնականներից։ Նանա անունով մի տարեց կին, մասնավորապես, ասել է․ «Այդ սարսափելի խոսքերը, որ նրանք ասացին այդ փոքրիկ աղջկա [Դոլիձեի] հասցեին, ամոթալի են։ Ես ուրախ եմ, որ այս մարդիկ դուրս են եկել ընդդեմ այդ անկիրթ տղամարդկանց․ սա նրանց լավ դաս կլինի»։

Նանան, այնուամենայնիվ, նաև պաշտպանել է ազգայնականների երթին մասնակցելու իր որոշումը։ Ըստ նրա՝ ինքը, բազմաթիվ վրացիների նման, վտանգված է զգում թաղամասում և ընդհանրապես Վրաստանում արաբների, իրանցիների ու թուրքերի աճող ներկայությունից։ «Մեր տեսակը վերացման եզրին է»,֊ ասել է նա՝ նկատի ունենալով էթնիկ վրացիներին։ «Նայիր այս շաուրմաներին ու մնացած նման բաներին, տղաս։ Այս տղամարդիկ իրենց խալաթներով ու ոտքից գլուխ ծածկված կանայք․․․ 20 տարի հետո այստեղ ոչ մի վրացու չես տեսնի»։

Կանանց համերաշխության երթի մասնակիցները, սակայն, պնդում են, որ էթնիկ բռնության ու արական շովինիզմի դրսևորումները երբեք անպատասխան չեն թողնի։ «Ես հույս չունեմ, որ մոտ ապագայում փոփոխություն կլինի, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գործընթացը արագացնենք»,֊ ասել է Կակաբաձեն։