Home / Բանտ / Պատժախցում գտնվող Գևորգ Սաֆարյանին առանց իր համաձայնության հանրային պաշտպան տվեցին

Պատժախցում գտնվող Գևորգ Սաֆարյանին առանց իր համաձայնության հանրային պաշտպան տվեցին

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ պատժախցից Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է բերվել Գևորգ Սաֆարյանը։ Առանց վերջինիս համաձայնության՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրա պաշտպան Տիգրան Եգորյանի փոխարեն ներգրավվել է հանրային պաշտպան Աննա Ջուվանովային։ Epress.am-ի հետ զրույցում Սաֆարյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը նշել է, որ եթե այս նիստից հետո Սաֆարյանին կրկին տեղափոխեն «Նուբարաշեն»-ի հիմնական շենք, ապա նրա նկատմամբ երկրի նախագահի մակարդակով վրեժ են ուզում լուծել։

Դատական նիստն այսօր ընթացել է միայն մեկ մեղադրյալի՝ Հովհաննես Պետրոսյանի ներկայությամբ։ Մյուս մեղադրյալները, այդ թվում Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը, նախորդ դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դատարանի դահլիճից, դատավորի խոսքով՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով։ Մասնավորապես, նրանք դատարանի առջև ոտքի չէին կանգնել։

Ամբաստանյալների պաշտպաններին գործում ներգրավելու ժամանակ Սաֆարյանը մի կարճ ժամանակով այսօր բերվել է դատարանի դահլիճ։ Դատավոր Գրիգորյանը պարզաբանել է՝ քանի որ նրա պաշտպան Տիգրան Եգորյանը երեք և ավել անգամ բացակայել է նիստերից, ապա հանրային պաշտպան պետք է ներգրավվի։ Չնայած Սաֆարյանը նշել է, որ չի հրաժարվում իր պաշտպանից, այնուամենայնիվ, դատարանը որոշել է ներգրավվել հանրային պաշտպան Աննա Ջուվանովային:

Սաֆարյանին դահլիճ բերելուց առաջ Ջուվանովան ընդգրկվել էր որպես մեկ այլ ամբաստանյալի՝ Գալուստ Գրիգորյանի պաշտպան, քանի որ վերջինիս հանրային պաշտպանի աշխատանքային պայմանագիրն ավարտվել էր։ Գրիգորյանը նշել էր՝ ինքը Ջուվանովայի դեմ ոչինչ չունի, սակայն հրաժարվում է նրանից, քանի որ իրեն պաշտպան հարկավոր չէ։ Տաթևիկ Գրիգորյանն իր որոշումը, այնուամենայնիվ, կայացրել է՝ չլսելով ամբաստանյալին։

Այդ որոշումից հետո Ջուվանովան հեռացել էր պաշտպանի համար նախատեսված տեղից՝ նշելով, որ ինքը չի պատրաստվում ամբաստանյալի դեմ լինելու պարագայում որպես նրա պաշտպան ներգրավվել, քանի որ այդ դեպքում իր ներկայությունը կլինի ձևական։ Փաստաբանը նշել էր, որ ինքը հեռանում է ոչ թե դատարանի դահլիճից, այլ անցնում է ապակուց այն կողմ՝ ունկնդիրների շարքը։ Չնայած դրան՝ Տաթևիկ Գրիգորյանը նրա դեմ դատական սանկցիա է կիրառել՝ առանց դատարանի թույլտվության իր տեղը լքելու համար։

Epress.am-ը հետաքրքրվել է Սաֆարյանի փաստաբաններից Տիգրան Հայրապետյանից՝ արդյոք այսօր դատարանի դահլիճ բերված Սաֆարյանին կրկին տեղափոխելու են պատժախուց։ Փաստաբանը նշել է, որ այսօր լրանում է Սաֆարայանի՝ պատժախցում մնալու վերջին օրը և իրենց համար դեռ պարզ չի՝ արդյոք նրան կրկին կտեղափոխեն այն խուցը, որտեղ Սաֆարյանը հրաժարվում էր մնալ։ Հայրապետյանը նշել է, որ եթե պարզվի՝ Սաֆարյանին տանում են այդ խուց, ուրեմն «դա նշանակում է, որ նախագահը, վարչապետը, նախագահող դատավորը և մյուս պատասխանատու անձիք Սաֆարյանից վրեժ են լուծում»։

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժախցից հուլիսի 11-ին 10-օրյա «պատժից» հետո ցանկացել էին տեղափոխել Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնաշենք, որտեղ դեռևս ամիսներ առաջ Սաֆարյանը լուրջ խնդիրներ էր ունեցել քրեական հեղինակությունների հետ։ Այն ժամանակ խնդիրների պատճառով Սաֆարյանին տեղափոխել էին բանտի այլ մասնաշենք։ Երբ  Սաֆարյանն ընդդիմացել է կրկին հետ գնալ կենտրոնական մասնաշենք, նրան տեղափոխել էին պատժախուց։