Home / Դատարան / Տուժած անասնապահը ՍԴ նախադեպային որոշումներն է ուղարկել Վճռաբեկ՝ խնդրելով արդար վճիռ կայացնել

Տուժած անասնապահը ՍԴ նախադեպային որոշումներն է ուղարկել Վճռաբեկ՝ խնդրելով արդար վճիռ կայացնել

Ավտովթարի հետևանքով 35 ոչխարներ կորցրած  և որևէ փոխհատուցում  չստացած անասնապահ, ազգությամբ եզդի Զադա Բրոյանը բաց նամակով դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝  նշելով  Սահմանադրական դատարանի նոր որոշումները,  որոնք նախադեպային  են իր գործի համար։

Տուժած  գյուղացին խնդրում է  Մկրտումյանի  աջակցությունն  իր գործով  արդարությունը  վերականգնելու    հարցում, քանի որ  «էլ  ուժ  չունեմ  պայքարելու  իմ գործով  տիրող  անարդարության  դեմ»:

«Կարծում եմ, որ օրենքի  առաջ բոլորս  ենք  հավասար, անկախ նրանից, որ ես ազգային փոքրամասնության  ներկայացուցիչ  եմ», – գրում է Արմավիրի մարզի  Նոր Արտագերս գյուղի բնակիչ Բրոյանը։

Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քննիչների պահվածքը նաև ազգային հողի վրա անհանդուրժողականության հետ է կապում։

Քրեական գործը,  որի մասին գրում է անասնապահը,  վերաբերում է 2014  թվականի հունվարի 9-ին տեղի ունեցած ավտովթարին։  Հարևան գյուղի՝ Արտամետի գյուղապետի ամուսնինը՝ Տոնական Ղազարյանը, մեքենայով վրաերթի էր ենթարկել ոչխարներին, ինչի հեևանքով դրանք սատկել էին։ Քննիչները քրեական գործը կարճել էին՝ նշելով, որ Ղազարյանը մեղավոր չէ՝  մառախուղ էր, նա հոտը չէր տեսել։ Բրոյանը, իր հերթին, պնդում է, որ մառախուղ չի եղել:

Քրեական գործը կարճելու որոշումը 4 անգամ բեկանվել է դատարանների կողմից, և 4 անգամ  նախաքննությունը վերսկսվել է, բայց բոլոր դեպքերում քննիչները կրկին կարճել են գործը, որից հետո տուժող կողմը դարձյալ ստիպված է եղել դիմել դատարան։

Քննչական մարմինը վերջին անգամ  գործը կարճելուց նույնիսկ չի տեղեկացրել տուժող կողմին՝  Զադա Բրոյանին: Այսպիսով՝ նա զրկված է եղել միջնորդություններ և այլ դատավարական պաշտպանության քայլեր անելու  իրավունքից։ Նման գործողությունները մեկ այլ գործով նախաքննության խախտում են ճանաչվել Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումներից մեկով։

«ՀՀ  սահմանադրական դատարանը   30.05.2017թ.  որոշմամբ արձանագրել  է,   որ   գործի վարույթը   կարճելու  միջոցով  նախաքննությունն ավարտելիս  տուժողի  կամ  օրենսգրքի  262-րդ   հոդվածի  1-ին  մասով (Քննիչի գործողությունները քրեական գործով վարույթը կարճելուց և քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո)  սահմանված  դատարավարության մյուս  մասնակիցների`  գործի նյութերին ծանոթանալու  իրավունքն իրացվում է մինչև  գործի վարույթը կարճելու  և  քրեական  հետապնդումը դադարեցնելու  մասին  որոշումը  կայացնելը, այն  է`  նախաքննության    ավարտին  նախորդող ժամանակահատվածում:

ՀՀ սահմանադրական դատարանը  արձանագրել  է  նաև, որ  գործի վարույթը   կարճելու միջոցով  նախաքննությունն ավարտելիս  տուժողին կամ  ՀՀ  քրեկան դատավարության  օրենսգրքի  262-րդ  հոդվածի 1-ին  մասով  սահմանված  դատարավարության մյուս  մասնակիցներին` գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքների  պարզաբանելու   պարտականությունը   կատարվում է  մինչև    գործի վարույթը կարճելու  և  քրեական  հետապնդումը դադարեցնելու  մասին  որոշում կայացնելը, այն է`  նախաքննության    ավարտին  նախորդող ժամանակահատվածում», – Վճռաբեկ նախագահին ուղղված նամակում գրում է Զադա Բրոյանը։