Գլխավոր / Կրթություն / Դպրոցից դուրս․ հայաստանյան հանրակրթության հետընթացը

Դպրոցից դուրս․ հայաստանյան հանրակրթության հետընթացը

Ինչո՞ւ են շրջանավարտները և ուսանողները ցածր արդյունք ցուցաբերում, ի՞նչ մակարդակում է Հայաստանում հանրակրթությունը, արդյոք տարբեր առարկաներից միջազգային օլիմպիադաներում հայաստանյան աշակերտների գրանցված բարձր ցուցանիշներն արտացոլում են Հայաստանի կրթական համակարգի ամբողջական պատկերը, ի՞նչ խնդիրներ է իր հետ բերում Արարատյան բակալավրիատը։ Այս հարցերի մասին Epress.am-ը զրուցել է սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանի հետ։

Հայաստանում կրթությունը շարունակաբար հետընթաց է ապրում

— Վերջին շրջանում լրատվամիջոցներում և սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է այն, որ այս տարի շատ քիչ է բուհ ընդունվողների թիվը, ինչպես նաև աշակերտներն դպրոցի ավարտական քննություններին ցածր գնահատականներ են ստանում։ Ինչի՞ հետ եք դա կապում, որո՞նք են հիմնական պատճառները։

Ոլորտում մենք մի քանի մակարդակում փոխկապակցված խնդիրներ ունենք․ առաջինը, իհարկե, դեմոգրաֆիական խնդիրն է, որը միայն արտագաղթով չի պայմանավորված։ Այն կապված է նաև, օրինակ, ծնելիության ցածր մակարդակի հետ։ Այսինքն՝ բացի նրանից, որ գնում են, նաև քիչ էլ ծնվում են։ Հետևաբար նվազում է ավագ դպրոցի և բուհ գնացող երեխաների թիվը։ Խնդիրը բազմաշերտ է, բայց կարևոր է նշել նաև փողի խնդիրը:

Այնպիսի հասարակությունում, ինչպիսին մերն է, փողի հասարակությունում, կրթությունդ շարունակելու որոշումը մի քանի տեսանկյունից պայմանավորված է փողով։

Արդյոք ունես ֆինանսական միջոցներ դպրոցից բուհ անցնելուն պատրաստվելու համար, ունես արդյոք այդ միջոցները բուհում սովորելու համար և ինչ ես ակնկալում կրթությանդ ավարտին, արդյոք այդ ժամանակն ու ֆինանսները արդարացված են լինելու: Կան աշխատաշուկայում հայտնվելու ավելի քիչ ծախսատար ու ավելի արագ տարբերակներ՝ կարճաժամկետ կուրսեր, քոլեջներ, ոչ ֆորմալ կրթության հազարավոր տարածված ձևեր: Հետևաբար մի մեծ խումբ որոշում է այն աշխատանքի ակնկալիքը, որ ունի, իրացնել բուհական համակարգից դուրս կրթություն ստանալով: Իսկ այն հատվածը, որ բուհական կրթություն ստանալը դիտում է իբրև ապագայի միակ հիմք, ավելի հակված է այդ փողն ու ժամանակը ծախսել այնտեղ, որտեղ այդ կրթությունն ավելի իմաստալից է համարում, այս սկզբունքով օրինակ, մարդիկ պատրաստ են վճարել ավելին, բայց սովորել նույն մասնագիտությունը ոչ թե ասենք ԵՊՀ-ում, այլ Ամերիկյան համալսարանում:

Մի քանի հանգամանք, թե ինչու է շրջանավարտների և դիմորդների գնահատականները ցածր․ 1-ինն այն է, որ մեզ մոտ՝ Հայաստանում, պարտադիր դարձավ 12 ֊ամյա կրթությունը։ Առաջ դու կարող էիր 8-րդ դասարանից կրթությունդ ավարտել ու գնալ․ դա կարող էր համարվել հանրակրթության ավարտը։ Հիմա օրենքով սահմանված պարտադիր նվազագույն հանրակրթության ավարտը 12֊րդ դասարանն է։ Սա նշանակում է, որ եթե այն ժամանակ աշակերտներին մի կերպ բերում էին 8-րդ դասարան, որ գոնե մի ատեստատ տան ու դուրս գան դպրոցից, հիմա այդ ամբողջ խումբը, որոնք ինչ-ինչ պատճառներով հետաքրքրված չեն սովորելով կամ ցածր առաջադիմություն են ցուցաբերում, միևնույն է մնում է դպրոցում։ Բնականաբար դա ազդում է կրթական պրոցեսի և ավարտական քննության արդյունքների վրա։ Կրթական ցածր արդյունքները որոշ ուղղություններով ցույց են տալիս նաև ավելի երկարաժամկետ կտրվածքում այդ ուղղությունները չկարևորելու միտումը. ինչու պետք է սովորեմ այն առարկաները, որոնք պետք չեն հետագա մասնագիտությանս համար: Էսպես ձևավորվում է աշակերտի տեսանկյունից պարտադիր, բայց անիմաստ առարկաների մի շարք:

Բացի դա, ցածր արդյունքները նոր բան չեն։ Ես մի քիչ զարմացել եմ, որ հիմա է այդ մասով աղմուկ բարձրացել։ Ասեմ՝ ինչու։ Մեր դպրոցները մասնակցում են տարբեր միջազգային հետազոտությունների։ Օրինակ՝ կա հեղինակավոր մի հետազոտություն, որը կոչվում է TIMSS, և պարբերաբար անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների շրջանում մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից։ Հետազոտության ժամանակ կամայական դպրոց կարող է հայտնվել ընտրանքում, թեստերը բոլոր մասնակից երկրների համար նույնն են, դրանք թարգմանվում են։

Այդ հետազոտությունների ժամանակ մեր դպրոցականները շատ ցածր արդյունքներ են գրանցել․ Հայաստանը մոտ 180 երկրների շարքում ստորին հորիզոնականներում է։ Սա խոսում է մեր հանրակրթության ցածր մակարդակի մասին առնվազն այդ առարկաների գծով դեռևս մի քանի տարի առաջ։

Եթե այս փաստը զուգադրենք միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած արդյունքների հետ, որտեղից մեր երեխաները հետ են գալիս՝ բարձր տեղեր նվաճած, ապա կհասկանանք, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, կրթությունն անհավասար վիճակում է։ Այսինքն՝ դու ունես միջինում մի աշակերտ, որը 8-րդ դասարանում չի կարող քարտեզ կարդալ՝ ցույց տալ, թե որն է լեռը, բայց միևնույն ժամանակ դու նրա կողքին դնում ես ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով հետ եկող երեխաներին, որոնք հիմնականում մի քանի դպրոցներից են։ Այսինքն՝ ունենք կրթության էլիտարիզացում, երբ աշակերտների մեծ մասը վատ կրթություն են ստանում։

Կրթության էլիտարիզացումը

֊ Արդյո՞ք Արարատյան բակալավրիատը կրթության էլիտարիզացիայի օրինակ է։ Ծրագրի ծանոթագրության մեջ նշված է, որ այն նախատեսված գերազանցության ձգտող աշակերտների համար։

֊ Այս ծրագիրը փորձ է ստեղծել հայալեզու կրթական ծրագիր ավագ դպրոցի մակարդակում, որը, լինելով հայալեզու, միաժամանակ համադրելի կլինի միջազգայն չափանիշների հետ։ Մի կողմից կարելի է մտածել, որ սա պետք է խթանի կրթության որակը։ Բայց հատկանշական է, որ այստեղ սովորելու համար նրանց պետք են բարձր առաջադիմությամբ երեխաներ։ Սա շարունակում է այն մոտեցումը, որ ունենք Հայաստանում լավը համարվող դպրոցներում, եթե դիտարկենք այդ դպրոցների ընդունելության ընթացակարգը, ապա կտեսնենք՝ նրանց մոտեցումը մեկն է՝ ընտրողական։ Վերցնել այն աշակերտներին, որոնք, իրենց կարծիքով, լավն են ու ջանք ներդնել նրանց վրա։ Արարատյան բակալավրիատը նույնպես նման մի բան է։ Սա դառնում է պետական քաղաքականություն՝ դու ընտրում ես՝ ում հետ աշխատել, իսկ ինչ է լինում մյուսների հետ քեզ իրականում չի հետաքրքրում։ Որովհետև իրականում ընտրելով առավել «լավերին» և աշխատելով նրանց հետ՝ մենք ոչ թե մյուսներին ուղղորդում ենք հետևել այդ լավերին և դառնալ այդպիսին, այլ ընդամենը ավելի զգալի դարձնում տարբերությունը:

Վտանգավոր է, որ պետական ծրագիրը խորացնում է անհավասարությունը։

Իհարկե կասեն՝ տեսլականը այն է, որ բոլորն էլ լինեն այնտեղ՝ լավ սովորողների շարքում, սակայն հասկանում ենք, որ դա անորոշ հեռանկար է ու գրեթե իրագործելի չէ։ Իսկ պրակտիկան այն է, որ դու ստեղծում ես մի իրավիճակ, երբ տարբեր տիպի կրթություններ են ձևավորվում։

Հետո մենք փորձ ենք անելու ցույց տալ, որ այդ ծրագրի արդյունքներն ու ցուցանիշները լավն են, բայց չենք խոսելու այն մյուս մեծ խմբի մասին, որը դուրս է մնալու ծրագրից ու որոնց տարբերությունը ծրագրում ընդգրկվածների հետ գնալով մեծանալու է։

Ու չմոռանանք, որ մինչև Արարատյան բակալավրիատի հռչակումը մենք ունենք, լավ թե վատ, ավագ դպրոցների ցանց, այդ ցանցի ստեղծման ուղղությամբ զգալի ներդրումներ և ջանքեր են իրականացվել, ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրն ու հայեցակարգը եթե ամբողջությամբ ու լիարժեք իրականացվեն, ապա Արարատյան բակալավրիատը բովանդակությամբ կկրկներ այն:

Մարզերի և Երևանի միջև անջրպետը մեծանում է

֊ Եվս մեկ խնդիր է մարզերում և Երևանում, գյուղական և քաղաքային համայնքներում կրթության տարբերության մեծացումը։ Բազմաթիվ՝ հատկապես փոքր գյուղական համայնքներում մշտապես զգացվում է ուսուցիչների պակասը։

֊ Այդ խնդիրը կա, բայց այս պահին չկա ինչ-որ ընդհանուր համակարգված քաղաքականություն, որը կոչված կլինի բարձրացնել կրթության որակը գյուղական համայնքներում։ Դա լուրջ խնդիր է։ Կան առանձին նախաձեռնություններ: Օրինակ՝ հռչակվեց, որ տեսադասեր են անելու, ինչ-որ լավ դպրոցները պետք է պարբերաբար մարզի դպրոցների հետ կազմակերպեն դասեր։ Իհարկե, հնչում է, սակայն պետք է հաշվի առնել այդ տեսադասերի համար տեխնիկական համապատասխան միջոցների առկայությունը, կապդ պետք է լավը լինի, պետք է տեխնիկական համապատասխան մասնագետ, ուսուցիչ, որ բավարար ՏՀՏ հմտություններ ունենա, մանկավարժական մոտեցում և մեթոդաբանություն, որ դասը իսկապես ստացվի, ոչ թե դառնա հերթական թիվ արված գործերի համար։ Այսինքն՝ եթե մենք հայտարարում ենք, որ շաբաթը մեկ տեսադասեր են անելու և ապահովում ենք հավասար հնարավորություններ, դա մի բան է, որ ավելի շատ հռչակված է, քան արվելու է։

Հարկավոր են համակարգային լուծումներ, պետք է բարձրանա կրթության ընդհանուր որակը։

Դա պետք է ընդհանուր առմամբ զուգակցված լինի գյուղական համայնքների ընդհանուր զարգացման հայեցակարգի հետ, քանի որ կրթությունն այնտեղ առանձին մի բան չէ։

Ինչ ապագա ունի հանրակրթությունը Հայաստանում

֊ Ո՞րն է հայաստանյան դպրոցի հիմնական խնդիրը, արդյոք մոտ ապագայում կարող ենք որոշակի զարգացում ապահովել։

֊ Մեր դպրոցները հիմնականում տալիս են հումանիտար կրթություն։ Օրինակ՝ 12-ամյա դպրոցական ծրագիրը հնարավորություն է տալիս աշակերտներին ինչ-որ առարկաներ ընդհանրապես չուսումնասիրել, հետևաբար պարզ է՝ գիտելիք այդ մասով չկա։

Եթե հիմա նայեք դպրոցական ծրագիրը, այնտեղ երեխաները ավագ դպրոցում հնարավորություն ունեն ընտրել բնագիտական առարկաներից միայն կոնկրետ առարկա, այդ նշանակում է, որ դու կարող ես, օրինակ, ամբողջ վերջին տարվա ընթացքում չանցնել քիմիա կամ կենսաբանություն։

Նույն Արարատյան բակալավրիատը շեշտը դնում է հումանիտար ուսուցման վրա։ Բակալավրիատի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ ստանդարտ և խորացված։ Խորացվածում ներառված են տարբեր մոդուլներ, որոնք նույնպես լինում են պարտադիր և կամընտրական։ Պարտադիր խորացված մոդելները երկուսն են՝ անգլերենը և հայագիտությունը։ Մյուս խորացված մոդուլներից ընտրության հնարավորություն է տրվում:

Կարելի էր ենթադրել, որ եթե մենք խոսում ենք ավելի որակյալ կրթություն տալու մասին, այդ կրթությունը իր բնույթով մեծամասամբ հումանիտար չպիտի լինի, քանի որ հումանիտարը ֆունդամենտալ կրթություն չէ։

Հանրակրթության ներկայիս բովանդակությունը նվազեցնում է հույսը, որ կրթության ոլորտում կարող ենք համակարգային փոփոխություններ ակնկալել՝ հատկապես եթե դիտարկենք այն նախաձեռնությունները, որոնք եղել են վերջին տարիներին։ Այդ նախաձեռնությունները բովանդակային առումով ավելի խճճել են դպրոցը: Դպրոցներում ներմուծվել են շախմատի, ազգային երգ ու պարի (առայժմ փորձնական), եկեղեցու պատմության դասերը, և որևէ միտում չկա, որ այդ առարկաների ծավալը կնվազեցվի, որովհետև հերթի են կանգնած ևս մի շարք դեռևս փորձնական առարկաներ՝ քրիստոնեական դաստիարակություն ։ Ինձ թվում է՝ իրավիճակը բարելավելու հնարավոր ճանապարհը դպրոցից դուրս կրթություն կազմակերպելն է։