Գլխավոր / Բանտ / Ինչու Վերաքննիչը բանտ ուղարկեց աղմկահարույց սպանության գործով արդարացված երիտասարդին

Ինչու Վերաքննիչը բանտ ուղարկեց աղմկահարույց սպանության գործով արդարացված երիտասարդին

Վերաքննիչ դատարանը 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով անցնող վանաձորցի Կարեն Կունգորցևին դատապարտել է 7 տարվա ազատազրկման առանց որևէ կոնկրետ ապացույցի։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Կարեն Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Դատավորների եռյակը՝ Մանուշակ Պետրոսյան, Մհեր Արղամյանյան, Մխիթար Պապոյան, անտեսեցին այն հանգամանքը, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը արդարացրել էր Կարեն Կունգորցևին՝ նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից։

Դատավորները չդատապարտեցին վանաձորցի երիտասարդին այն մեղադրանքով, որն առաջադրվել էր ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ սպանության փորձ։

Կունգորցևը դատապարտվեց, Պապիկյանի խոսքով, գործի հետ կապ չունեցող հոդվածով՝ անձին դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելը, որն առաջացարել է մահ։

«Վերաքննիչ դատարանի այս երեք դատավորների կազմը, ըստ էության, հեղինակազրկեց, ապտակեց ՀՀ գլխավոր դատախազությանը։ Դատախազները 3 տարի պնդում էին, անհնարն անում էին, որպեսզի Կունգորցևին կարողանան դատեն սպանության կամ սպանության փորձի հոդվածով։ Վերաքննիչ դատարանը, հոդվածը փոխելով, դատախազությանը ասեց՝ դուք մոլորված եք… Էսքան ժամանակ հարկատուների հաշվին փող եք ստացել, բայց էնքան մոլորված եք, որ հոդվածն եք սխալ ընտրել», ֊ ասել է Պապիկյանը։

Փաստաբանը նշել է, որ Վերաքննիչ դատարանի նման վճռի պատճառներից մեկը միջազգային հանրության արձագանքն է։ Մասնավորապես, Պապիկյանն ընդգծել է, որ այս տարվա մարտին ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում նշված է եղել Կունգորցևի դեպքի մասին։

«Այդ զեկույցի մեջ նշված փաստերը չէին կարող անտարբեր թողնել մեր իշխանություններին։

Որովհետև այնտեղ կար նշում առ այն, որ, ըստ շրջանառվող լուրերի, սպանություն կատարող անձը, ԱԱԾ աշխատակցի բարեկամն է։ Բնականաբար, դա չէր կարող մեր իշխանություններին անտարբեր թողնել։

Օրենքից դուրս շարժառիթները նրանք էին, որ ցույց տան միջազգային կառույցներին կամ կազմակերպություններին, ովքեր իրենց զեկույցներում անդրադառնում են դրան, որ սա ձեզ չվերաբերվող խնդիր է, մենք խնդիրը տեսել ենք այսպես և լուծել ենք, հետևաբար ձեր զեկույցներում տպվածը չի համապատասխանում իրականությանը։ Այս վճռով միանգամից լուծել են հենց այդ հարցը։ Եվս մեկ շարժառիթ էր, որ իրական հանցագործին պետք էր թաքցնել և դա արեցին։ Իրական հանցագործին բացահայտելու ճանապարհը փակել էր պետք, և դա արվեց։ Հիմա տուժողի իրավահաջորդի համար բոլոր ճանապարհները իրավական ճանապարհով փակվեցին այլևս», ֊ նշել է Պապիկյանը։

Նա ընդգծել է, որ հենց սպանված Դավիթ Հովակիմյանի հայրը և նրա փաստաբան Արմինե Ֆանյանը Վերաքննիչ դատարանում էլ համոզմունք են հայտնել, որ սպանողը Կարեն Կունգորցևը չէ, սակայն դա չի ազդել դատավորների վրա։

Պապիկյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, իսկ Հայաստանում անհաջողության հասնելու դեպքում՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Խախտումների առումով գործն այնպիսին է, որ Եվրոպական դատարանի համար սա ամենաթեթև գործը կարող է լինել, որ իրենք հատկապես վերջին տարիներին քննել են», ֊ ենթադրել է Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․