Գլխավոր / Բանտ / «Սասնա ծռեր»-ի անդամը մինչև 30 օր հացադուլ կանի

«Սասնա ծռեր»-ի անդամը մինչև 30 օր հացադուլ կանի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը պատրաստվում է մինչև 30 օր շարունակել հուլիսի 21-ին հայտարարած հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է վերջինիս քույրը՝ Աստղիկ Գերավետյանը։ Այսօր նա հանդիպել է եղբորը։

«Իրեն լավ է զգում, ամեն ինչ նորմալ է», — ասել է զրուցակիցը։ Նրա տեղեկություններով՝ ևս 2 հոգի հացադուլավոր կա Գերավետյանի խցում։

Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով այլ կալանավորների շրջանում «Սասնա ծռերի» հանդեպ ատելության քարոզից պաշտպանելու համար իրեն առանձին բանտախուց տեղափոխել։ Գերավետյանը բանտից հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց կալանավորումից հետո շրջանառության մեջ է դրվել միտքը, իբր իշխանություններն ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում՝ այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների և մյուս կալանավորված անձանց միջև։ Բացի դա՝ հաճախակի են դարձել խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները․ «Ինչն ապագայում հանգեցնելու է լարվածության և չի բացառվում՝ նաև բախումների։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր և չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված, առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով»:

Վարդան Գերավետյանը՝ մինչև խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելը, 9 տարի խաղաղ պայքար է տարել Երևանի քաղաքային իշխանությունների, Կառավարության դեմ, որոնց որոշման համաձայն, ինքը 25 այլ սեփականատերերի հետ 2007 թվականին զրկվել էր իր բնակարանի նկատմամբ իրավունքներից։

Կառավարության 2007 թվականի որոշմամբ՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել էին բացառիկ հանրային գերակա շահ և որոշում էր ընդունվել դրանք քանդել՝ տարածքը հանձնելով գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը, որն էլ պետք է փոխհատուցում տա բնակիչներին։ Գերավետյանը և մի քանի տասնյակ այլ բնակիչներ փոխհատուցման շուրջ ընկերության հետ չեն պայմանավորվել: Գերավետյանն ակտիվ էր շենքերը պահպանելու համար մղվող պայքարում, դատական նիստերի էր մասնակցում և բողոքի երթեր նախաձեռնում։ Շենքերի պահպանման խաղաղ պայքարը այդպես էլ հաջողություն չունեցավ։ Քաղաքապետարանը չանսաց բնակիչներին, դատարանները վճիռներ կայացրեցին՝ ի օգուտ «Լոքալ դեվելոփերզ» ընկերությանը: