Գլխավոր / Բանակ / Զինվորն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են․ պնդում են հարազատները․ ՀՔԱՎ

Զինվորն ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են․ պնդում են հարազատները․ ՀՔԱՎ

«Նուբարաշեն» զորամասի զինծառայող Վարդան Մելքոնյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են։ Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ զրույցում ասել են մահացածի հարազատները։ Նրանք կարծում են, որ տղային սպանել են կախելու միջոցով կամ սպանել են և հետո կախել ծառից:

Լուսանկարը՝ News.am-ի

Հարազատների տեղեկություններով՝ դեպքի նախորդ օրը՝ հուլիսի 22-ին, նա մեկ օրով արձակուրդ է ստացել և ընկերների հետ գնացել Երևան զբոսնելու: Դեպքի օրը, սովորության համաձայն, զանգահարել է մորը: Հեռախոսին պատասխանել է քույրը՝ ասելով, որ քիչ հետո մայրը կզանգահարի: Երեկոյան 23։00-00։00 սահմաններում մայրը զանգել է տղային, սակայն տղան չի պատասխանել, քիչ հետո Մելքոնյանը հետ է զանգել, մայրը հարցրել է, թե ինչու չի քնում այդ ուշ ժամին, տղան ասել է, որ շոգ է՝ չի կարողանում։ Մոտավորապես մինչև 00։40 խոսել է մոր և քրոջ հետ, ապա ասել, որ գնում է քնելու, որ վաղն էլ գնա եկեղեցի մոմ վառելու։ Դրանից հետո Վարդանը զանգահարել է Վանաձորի ընկերներից մեկին և 20000 դրամ խնդրել, ընկերոջ հարցին, թե ինչի համար է ուզում այդ գումարը, Վարդանն ասել է, որ ուզում է գալ Վանաձոր։ Ընկերն ասել է, որ այդ պահին իր մոտ չկա գումար, բայց երբ ինքը գա Վանաձոր՝ անհրաժեշտ գումարը կտա։ Քիչ հետո ընկերը հետ է զանգահարել՝ պարզելու նրա Վանաձոր գալու նպատակը, սակայն չի կարողացել կապվել նրա հետ։ Առավոտյան նրա դին հայտնաբերել են զորամասի մոտ գտնվող՝ ծառից իր գոտիով կախված վիճակում։

ՀՔԱՎ գրասենյակի հետ զրույցում մահացածի հարազատներից մեկը հայտնել է, որ դիակի զննությանը ներկա են գտնվել և բռնության հետքեր չեն նկատել, բացի որոշ քերծվածքների, որոնք առկա են եղել բազուկների վրա:

«Միակ կասկածը Վարդանի ունեցած խոսակցությունն է զինծառայակիցներից մեկի հետ, որը հայտնի է դարձել հարազատներին և դա կարող էր նման իրավիճակի պատճառ հանդիսանալ: Ըստ հարազատների` այն, ինչ կատարվել է, կատարվել է զորամասի շրջանակներում, որևէ արտաքին գործոն չի եղել», — գրում է կազմակերպությունը։

Ինչպես հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակն, ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մահվան գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Գործի շրջանակներում ձերբակալվել է մահացածի ծառայակիցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը):