Home / Կանանց իրավունքներ / 2017 թվականի ընթացքում Հայաստանում 4 կին է սպանվել

2017 թվականի ընթացքում Հայաստանում 4 կին է սպանվել

Այս տարվա ընթացքում Հայաստանում արդեն սպանվել է 4 կին, 2016 թվականի ողջ տարվա կտրվածքով ` 11 կին։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Հասարակություն առանց բռնության» կազմակերպության անդամ Լիդա Մինասյանը։

Տարիներ շարունակ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները հարց են բարձրացնում, որ Հայաստանը պարտավոր է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք, որը կունենա պաշտպանիչ, կանխարգելիչ և աջակցություն տրամադրելու կոմպոնենտ։

«Այն հիմքը, որով պնդում եմ, որ պետությունն ունի ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու պարտավորություն, սահմանվում է, ինչպես կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներով, այնպես էլ պետության հանձնարարականներով, և նաև Եվրամիության կողմից ստացած ֆինանսավորման շրջանակներով, որոնցով էլ պետությունը ինքն է ստանձնել այդ պարտավորությունը ընդունել օրենքը», – նշել է Լիդա Մինասյանը։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է օրենքի մասին ավելի շատ իրազեկի հանրությանը։

«Կանանց իրավունքների կենտրոն»-ի ներկայացուցիչ Քրիստինա Պետրոսյանը ներկայացրել է, որ միայն 2016 թվականին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն 5000 ահազանգ է ստացել կանանց նկատմամբ բռնության հետ կապված։ Կոնկրետ «Կանանց իրավունքների կենտրոն»-ին մինչև 2017 թվականի հունիսի 30-ը եղել է 773 ընտանեկան բռնության ահազանգ։

Քննարկման մասնակից, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի անդամ Անահիտ Սիմոնյանն անդրադառձել է 2015 թվականին նախկին փեսայի կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի մոր սպանության գործով դատարավության ընթացքին։ Սիմոնյանն արձանագրել է, որ դռնբաց նիստն իրականում «այքան էլ դռնբաց չէ», քանի որ թափանցիկ, ձայնամեկուսիչ ապակյա պատը հաճախ թույլ չի տալիս լսել` ինչ է կատարվում ապակուց այն կողմ։

Այժմ վկաների հարցաքննման փուլն է, և Սիմոնյանի դիտարկմամբ՝ ոստիկանության աշխատակիցների վկայությունից արդեն իսկ պարզ է դառնում, որ նրանք կարող էին կանխարգելել սպանությունը։

Լիդա Սիմոնյանը տեղեկացրել է 2016 թվականին սպանված Նարինե Դանիելյանի գործի դատավարական ընթացքի մասին։ Ի տարբերություն Մանսուրյանի դեպքի՝ Դանիելյանը ոստիկանություն չէր դիմել, չնայած ամուսնու կողմից նախկինում կատարված սպանության փորձերին։

«Գործը քննում են առանց հաշվի առնելու կնոջ նկատմամբ պարբերաբար կատարված բռնության հանգամանքը, երեխաները մեղմացուցիչ հանգամանք են, կարծես, ուզում համարել։ Բացի դրանից՝ ամուսինը փորձում էր կնոջ բարոյականությունը հարցականի տակ դնել։ Բայց դեռ չգիտենք՝ ինչպին կլինի պատիժը»։