Home / Բնապահպանություն / Գլխավոր դատախազից խնդրում են պարզել՝ արդյոք բնապահպանների դեմ արշավը կազմակերպել է Սյունիքի մարզպետը

Գլխավոր դատախազից խնդրում են պարզել՝ արդյոք բնապահպանների դեմ արշավը կազմակերպել է Սյունիքի մարզպետը

Բնապահպան Արթուր Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մասնավորապես, խնդրելով պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչությունը հասարակական կազմակերպությունների և անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման և տարածման հետ:

Հաղորդման մեջ Գրիգորյանը նշում է, որ 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակով փորձ է արվել վարկաբեկել «Էկոլուր» և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպան Ինգա Զառաֆյանին և իրեն: Նա ենթադրում է, որ դա կարող է կազմկերպված և ֆինանսավորված լինել մարզպետ Հակոբյանի կողմից և իրականացվել է վերջինիս հետ փոխկապակցված սուբյեկտների միջոցով:

Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է իր վարկածն ապացուցող հետևյալ հանգամանքները.

Փաստ 1.

2016թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած քննարկման ընթացքում մարզպետ Հակոբյանը խոսել է «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին՝ նշելով, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցներն ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաև «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով:

Հակոբյանը, ով մինչև մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն և նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մանավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնդրամին:

Ներկայացված փաստի հիման վրա անհրաժեշտ է քրեաիրավական գնահատական տալ մարզպետի և մասնավոր առևտրային ընկերության ֆինանսական միջոցները տնօրինող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի գործառույթները համատեղելու ընթացքում իրականացված ֆինանսական գործարքների օրինականությունը և այդ ընթացքում պաշտոնեական լիազորություններն անցնելով գույքային վնաս պատճառելու փաստերին: Մասնավորապես, ի՞նչ հետևանքներ են առաջացել երկու հիմնադրամների միջև ոչ բանկային ֆինանսական փոխանցումներ կատարելու դեպքում, կամ ի՞նչ իրավական հիմքերով են իրականացվել մարզպետի նշած գործարքները և ի՞նչ չափի հնարավոր գույքային վնաս է պատճառվել պետությանը կամ կազմակերպություններին դրա հետևանքով:

Հաշվի առնելով, որ իր տարեվերջյան հաշվետվության ընթացքում մարզպետ Հակոբյանը մի քանի անգամ մատնանշում  է իր կնոջ կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության գործունեության մասին, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք մարզպետ Հակոբյանը չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամի» ֆինանսական միջոցները անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար օգտագործելու նպատակով: Կից ներկայացվող նյութերից հետևում է, որ այդ միջոցները կարող էին ուղղակի դիտավորությամբ օգտագործվել այլ կազմակերպությունների և անձանց դեմ՝ վերջիններիս վարկաբեկող հոլովակների պատրաստման և տարածման, համակարգչային (հաքերային) հանցագործությունների կատարման համար՝ ելնելով անօրինական խմբային շահերից և կոռուպցիոն բնույթի այլ նպատակններից:

Փաստ 2.

2017թ. ապրիլի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել Բազմաշահառու խմբի (այսուհետ՝ ԲՇԽ)  քաղաքացիական հասարակության խմբակցության նիստ, որի ընթացքում «Հասարակության ձայն» (Civil Voice) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է փաստաթղթերի պատճեններ, որոնց համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը մոտ 200 միլիոն դրամ է փոխանցել Կապան քաղաքում գործող մի քանի հասարակական կամակերպությունների՝ իր գործունեության համար հանրային աջակցություն ապահովելու նպատակով: Տրամադրված պատճենների զննությունից առաջանում են կասկածներ, որ դրանք կարող են կեղծված լինել: Մինչ օրս չեն ներկայացվել տրամադրված պատճենների բնօրինակները:

Ներկայացված փաստաթղթերից մեկում նշված է 81 միլիոն դրամի փոխանցման մասին, որի մասին նշված է նաև 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում տեղադրված անիմացիոն հոլովակում:

Նկարագրված փաստական հանգամանքները ստեղծում են հիմքեր ուրվագծելու անձանց շրջանակը, որոնց մասնակցությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողությունների միջոցով կարող է բացահայտվել հասարակական կազմակերպություններին և անհատ անձանց վարկաբեկող հոլովակի ստեղծմանը մասնակցած սուբյեկտներին և դրանում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ֆինանսական, կազմակերպչական և այլ ներգրավվածությունը՝ իր լիազորություններն անցնելով:

Փաստ 3.

Նույն նիստի ընթացքում Արթուր Համբարձումյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Կապանում գործող հասարակական միավորումներին ուղղված ֆինանսական փոխանցումների վերաբերյալ փաստաթղթերն իրեն է տրամադրել «Հասարակության ձայն» հասարակական կազմակերպության գործընկեր «Հանրային դիվանագիտություն» (Paradiplomacy) հասարակական կազմակերպությունը (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրվել է):

ՀՀ արդարադատության նախարարության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով 2017թ. մարտի 24-ից սկսած  «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզբեթ Պետրոսյանն է: 2017թ. ապրիլի 5-ին թարմացված տվյալների համաձայն՝ նույն ընկերության վեբ-կայքի համար որպես ադմինիստրատիվ և տեխնիկական կոնտակտ է նշված տիկին Պետրոսյանը: Մինչ ապրիլի 5-ի փոփոխությունը «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության վեբ-կայքի ադմինիստրատիվ և տխնիկական կոնտակտ էր նշված «Հասարակության ձայն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը, ինչը վկայում է այս երկու հասարակական միավորումների գործառնական փոխկապակցվածության մասին:

Նշված փաստաթղթերը Էլիզաբեթ Պետրոսյանին կարող էր տրամադրել միայն գործարքի երկու կողերից մեկը: Կան հիմնավոր կասկածներ պնդելու, որ մարզպետ Հակոբյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, կատարել է մարզպետի լիազորությունների հետ անհամատեղելի արարք՝ իր հետ փոխկապակցված անձանց միջոցով հաշվեհարդար տեսնելով հասարակական-բնպահպանական գործունեությամբ զբաղված անհատների և կազմակերպությունների հետ: Նշված արարքը էական վնաս է պատճառել հասարակական կազմակերպություններին և պետությանը: Նախ, քաղաքացիական հասարակության գործունեությանը վարչական մարմնի միջամտության պատճառով անհնարին է դառնում ԱՃԹՆ-ին անդամակցելու՝ Հայաստանի հետագա հնարավորությունը, և Հայաստանը զրկվում է այդ նախաձեռնությանը անդամակցելու պայմանով միջազգային ֆինանսական աջակցությունից: Երկրորդ, մարզպետի հետ փոխկապակցված այլ սուբյեկտների ձեռքով նպատակամղված վարկաբեկվում են մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններն ու հանրային գործունեությամբ զբաղվող անձիք՝ էական վնաս պատճառելով վերջիներիս հեղինակությանը:

«Ամփոփելով նշված փաստական հանգամանքները՝ գտնում եմ, որ հանցագործության մասին ներկայացված հաղորդման շրջանակներում անհրաժեշտ է պարզել Սյունիքի մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի կապը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և դրան կից բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» շրջանակներում իրականացված ֆինանսական գործարքների հետ: Պարզել անձնական և խմբային շահերից ելնելով՝ վերը նշված հիմնադրամների միջոցների օգտագործման հնարավոր փաստերը՝ իր կնոջ կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների և անձանց միջոցով:

Թվարկված գործողությունները անհամատեղելի են մարզպետի պաշտոնեական լիազորությունների հետ և առաջացրել են հանրային սուր լարվածություն: Ելնելով գործի դրվագներից՝ խնդրում եմ հաղորդման քննությունն ուղարկել ըստ ենթակայության: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել գործի վարույթի համար կարևոր լրացուցիչ նյութեր», – նշել է Գրիգորյանը: