Գլխավոր / Բանակ / Ապրիլյան քառօրյայի ժամանակ ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին ուղարկել բանակ․ nt.am

Ապրիլյան քառօրյայի ժամանակ ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին ուղարկել բանակ․ nt.am

Ապրիլյան քառօրյա պատերազմում 18 անհետ կորած զինվորների թվում եղած Գրիգոր Հարությունյանի մայրը հրաժարվում է երկրորդ որդուն, ով նաև կնոջ միակ խնամատարն է, ուղարկել բանակ, գրում է nt.am-ը:

Ինչպես կայքի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է մայրը` Անահիտ Հարությունյանը, մինչև հուլիսի 31-ին իր որդուն՝ Սերյոժա Հարությունյանին բանակ զորակոչելը, ինքը դիմել էր Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ` որդուն ծառայությունից ազատելու խնդրանքով:

«Զինկոմիսարիատից ինձ կանչեցին, պահանջեցին որոշ փաստաթղթեր այն մասին, որ վերջին տասը տարիների ընթացքում իմ խնամատարները եղել են երկու որդիներս` Գրիգորը և Սերյոժան, իսկ Գրիգորի մահից հետո իմ խնամքով զբաղվում է միայն Սերյոժան: Նաև փաստաթղթեր եմ ներկայացրել առաջին ամուսնուցս ունեցած երկու երեխաներիս` Հասմիկի և Արամի, ինձանից հեռու ապրելու մասին»,- պատմել է Հարությունյանը` շեշտելով, որ ինքն առողջական խնդիրներ ունի արյան բարձր ճնշման հետ կապված:

Նա անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` նոտարի և համատիրության կողմից հաստատված և կնքված, ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ, որտեղից էլ դրանք ուղարկվել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ:

Հարությունյանն ընդգծում է, որ փաստաթղթերը Գլխավոր շտաբ են ուղարկվել մարտի 27-ին, իսկ չորս օր անց` մարտի 31-ին, Գլխավոր Շտաբի պետ Մովսես Հակոբյանը զեկուցագիր է ուղարկել` պարզաբանելով, որ օրենքի սահմաններում Սերյոժա Հարությունյանը չի կարող ազատվել ծառայությունից, սակայն հնարավոր է նույն փաստաթղթերի հիման վրա տարկետում ձևակերպել:

«Մեր զինկոմիսարիատը բոլոր փաստաթղթերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարան, որը չմերժեց, և ինձ բոլորը վստահեցրեցին, որ տարկետում է լինելու: Որոշ ժամանակ անց զանգահարեցի զինկոմիսարիատ, հարցրեցի, թե Սերյոժայի փաստաթղթերից պատասխան կա, պարոն Մամիկոնյանն ինձ ասաց, որ հանգիստ լինեմ և սպասեմ, մինչև հուլիսյան զորակոչն ավարտվի, որից հետո պատասխանը կգա»,- պատմել է մայրը։

Նրա խոսքով, սակայն, երեկ՝ հուլիսի 31-ին, անսպասելի կերպով զինկոմիսարիատից զանգահարել են իրեն և տեղեկացրել, որ ՀՀ Պաշտպանության նախարարը չի հաստատել Սերյոժա Հարությունյանին տարկետում տալու դիմումը, հետևաբար վերջինիս զորակոչելու են Արարատի զորամաս:

Անակնկալի եկած կինը երեկ գնացել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ և դիմում է գրել` հրաժարվելով որդուն ուղարկել բանակ:

«Պաշտպանության նախարարը պետք է ընդառաջ գնա և որդուս ազատի ծառայությունից` հաշվի առնելով այն, որ նա միակողմանի ծնողազուրկ է, ապրում ենք սոցիալապես անապահով պայմաններում, ապրիլյան քառօրյայում խոշտանգված զինվորի եղբայր է և հիվանդ մոր միակ խնամատարը: Միայն դիակիս վրայով Սերյոժայիս կտանեն բանակ»,-կայքի հետ զրույցում ասել է մայրը։ Նա նաև հիշեցրել է Պաշտպանության նախարարին, որ վերջինս հրապարակայնորեն հայտարարել է, թե ՀՀ ՊՆ-ը մշտապես գտնվելու է զոհված զինծառայողների ընտանիքների կողքին: