Home / Բանտ / Դատապարտյալն ահազանգել է՝ իրեն սպառնացել է բանտի ղեկավարությունը

Դատապարտյալն ահազանգել է՝ իրեն սպառնացել է բանտի ղեկավարությունը

«Արմավիր» ՔԿՀ֊ի ղեկավարությունը բանտի 11 աշխատակիցների միջոցով սպառնացել է դատապարտյալ Արմեն Շամիրյանը։ Այս մասին վերջինս հունիսի 21-ին հեռախոսազանգով հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին։

«Փոխանցում են պետի բառերը. եթե շարունակես դիմումներ գրել, բողոքել, քո համար վատ հետևանքներ կլինեն», – ասել է դատապարտյալը: Նա նաև տեղեկացրել է, որ տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերն արձանագրել են ՔԿՀ աշխատակիցների այցն իր խուց:

Տեղի ունեցածի ուղղությամբ ծառայողական քննություն իրականցնելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգն ստանալու հաջորդ օրն իսկ գրությամբ դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն:

Նախարարության Քրեակատարողական վարչությունը գրությանն արձագանքել է ավելի քան 1 ամիս անց։ Հուլիսի 25-ին իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել են, որ դատապարտյալի հետ ՔԿՀ աշխատակիցների հանդիպումը պայմանավորված է եղել նրա դրսևորած վարքագծով:

Համաձայն Քրեակատրողական վարչության պատասխանի, Շամիրյանը հրաժարվել է զբոսանքից հետո վերադառնալ խուց, ինչից հետո էլ դատապարտյալին «բացատրվել է, որ քրեակատարողական ծառայողների պահանջները չկատարելու և խուց չվերադառնալու դեպքում արարքը կարող է դիտվել որպես ներքին կանոնակարգի պահանջների խախտում, որի արդյունքում կարող է ենթարկվել կարգապահական տույժի»:

Դրանից հետո, համաձայն պաշտոնական մարմնի, դատապարտյալը ցանկություն է հայտնել խուց վերադառնալ և «քրեակատարողական ծառայողների կողմից ուղեկցվել է խուց»:

«Թե ինչ է տեղի ունեցել խուց ուղեկցելուց հետո, Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը չի մանրամասնել: Սրանով անուղղակի կերպով հերքել է դատապարտյալ Շամիրյանին սպառնալու հանգամանքը, բայց և չի անդրադարձել նրա նկարագրած դեպքին», ֊ տարածած հաղորդագրության մեջ եզրակացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: