Home / Բանակ / Սպանված կուրսանտի հայրը դժգոհ է ԶԼՄ֊ների սենսացիոն վերնագրերից

Սպանված կուրսանտի հայրը դժգոհ է ԶԼՄ֊ների սենսացիոն վերնագրերից

2,5 տարի առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով 2017 թվականի հունիսի 19-ի դատավարությունից հետո լրատվամիջոցները ողողվեցին վերնագրերով, ըստ որի՝ կուրսանտը դեպքի օրը սենյակակիցներին ասել է. «Վաղը 90 տոկոսով այստեղ չեմ լինելու»։

Արկադի Բարսեղյան

Դատավարության ժամանակ վկա Արշակ Մարտիրոսյանը նշել էր, որ դեպքից մեկ օր առաջ, երբ իրենք տոնական համերգից հետո ավտոբուսով վերադարձել են ինստիտուտ, ինքն ու Հայկազ Բարսեղյանը վիճաբանել են։ Հետո Հայկազը եկել է իր սենյակ՝ խնդիրը պարզելու համար, սակայն ինքն ասել է՝ թող մնա հաջորդ օրը, իսկ Բարսեղյանը, ըստ վկայի ցուցմունքի, ասել էր․ «Վաղը 90 տոկոսով այստեղ չեմ լինի»։ Դատարանում հարցաքննության ժամանակ, սպանվածի հոր՝ Արկադի Բարսեղյանի խոսքով, իր փաստաբանը ճշտող հարց էր ուղղել, թե գուցե Հայկազն այդպես է ասել, որ Արշակն ասի իր ասելիքը։

Վկան պատասխանել է, թե «երևի տենց էլ եղել է»։

Մահացած կուրսանտի հայրը դժգոհ է, որ որոշ լրատվամիջոցներ հենց այդ արտահայտությունն են վերնագիր ընտրել․ «Դրանով հասարակության մեջ կարող է ստեղծվել այն տպավորությունը, որ որդիս իրոք ինքնասպան է եղել, ինչպես ցանկացել են ցույց տալ գործով 4 ամբաստանյալները։ Սակայն Հայկազի սպանությունը դաժանորեն պլանավորված էր։ Եթե սենսացիա էին ուզում գրել, թող գրեին, որ Հայկազ Բարսեղյանը չի ասել որ 90 տոկոսով վաղը այստեղ չեմ լինելու, այլ մյուս կուրսանտներին են ստիպել, որ այդպես ասեն», – ասել է Արկադի Բարսեղյանը։

Վերջինս նշել է, որ որդու ինքնասպանության վարկածն առաջ է քաշել ամբաստանյալներից մեկի՝ Գնել Թևոսյանի հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը, որն այն ժամանակ ռազմական ինստիտուտի հրամանատարի տեղակալն էր։ Հենց նա է դեպքից անմիջապես հետո ստիպել մյուս կուրսանտներին, որ ասեն՝ Հայկազը ինքնասպանություն է գործել։ Բարսեղյանը հիշել է ևս մեկ դեպք, երբ նախաքննական ցուցմունքում կուրսանտներից մեկը՝ Գևորգ անունով, գրել էր, որ Բարսեղյանի սենյակակիցներից Նորիկ Օհանջանյանին դեպքից անմիջապես հետո հարցրել է, թե շշուկներ են պտտվում իբր Հայկազը դեպքից մեկ օր առաջ հանել է շորերը և ասել՝ ում պետք է վերցրեք։ Նորիկը նշել է, որ իրենց ասել են, որ այդպես ասեն։ Ով է եղել այդ հրամանի հեղինակը, կուրսանտը չէր ասել։

Արկադի Բարսեղյանը համոզված է, որ ասողը եղել է հենց Զարմիկ Մարկոսյանը։

Կուրսանտի հայրը դժգոհություն է հայտնել նաև մոտ 2 տարի ձգձգվող դատական նիստերի հետ կապված․ «Էնքան ձգձգեցին, որ կարևոր վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, Ռուսաստան է մեկնել արտագնա աշխատանքի»։

Գործով անցնող 12 վկաներ դեռևս պետք է հարցաքննվեն։ Կուրսանտի հայրը հույս ունի, որ գոնե այս տարվա վերջին դատավարությունը կավարտվի։

Հայկազ Բարսեղյանի գործի մասին մանրամասն՝ այստեղ։