Home / Բանտ / Քաղաքացին՝ «զոն նայողների» և «օբշակի» դեմ․ ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ

Քաղաքացին՝ «զոն նայողների» և «օբշակի» դեմ․ ակցիա ՄԻՊ գրասենյակի մոտ

«Ես ակցիայի համար ընտրել եմ 12։30-14։00-ի սահմանները, երբ ՄԻՊ գրասենյակի աշխատողներն ընդմիջման են գնում և ցայտուն կերպով կտեսնեն, որ իրենք բարեկեցիկ պայմաններում են աշխատում, իսկ քաղաքացին հողին հավասար պայմաններում է իրենց համեմատ գտնվում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ, գործարար Վարդգես Գասպարին, որը պառկած ակցիա է անցկացրել ՄԻՊ գրասենյակի դռների առաջ։

Ակցիայի դրդապատճառը, Գասպարիի խոսքով, «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանի հացադուլում գտնվելն է: Իսկ ավելի լայն առումով՝ ակտիվիստը ցանկացել է կալանավայրերի կառավարման համակարգի դեմ իր բողոքն արտահայտել։

«Կալանավայրերը ղեկավարում են «զոն նայողները» և ոչ թե բանտի ադմինիտրացիան։ Եվ դրա համար էլ քրեական օրենքներ են այնտեղ իշխում՝ «օբշակի մուծում»՝ 50 000-80 000 դրամ, թմրանյութերի շրջանառություն և այլն», – նշել է Գասպարին։ ՄԻՊ գրասենյակից Գասպարին ակնկալում է, որ այդ մարմինը գոնե նվազագույն կերպով կներկայացնի, թե իրականում ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում։ Նրա խոսքով՝ ՄԻՊ զեկույցներում իր կողմից բարձրաձայնված հարցերը ներկայացվում են «շատ սվաղված»․ «ՄԻՊ գրասենյակի աշխատողներն աշխատում են չինովնիկների նման»։

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ գրասենյակի աշխատակից Հրաչյա Պալյանը նշել է, որ իրենք տեղյակ են Գասպարիի կողմից բարձրացված խնդիրներից և իրենց լիազորությունների չափով փորձում են դրանք վեր հանել։ Նա նշել է, որ այսօր իրենց ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպելու են նաև հացադուլի մեջ գտնվող Վարդան Գերավետյանին։ Այն դիտարկմանը, թե Գասպարին նշում է, որ ՄԻՊ աշխատակիցները թեկուզ և այցելում են ՔԿՀ-ներ, սակայն իրենց զեկույցներում հավուր պատշաճի չեն անդրադառնում բանտերի վիճակին, Պալյանը պատասխանել է․ «Դա իր սյուբեկտիվ կարծիքն է, բայց ուզում եմ նշել, որ որևէ հարցի վերաբերյալ ընթացակարգ սկսելուց առաջ անհարժեշտ է ներկայացնել կոնկրետ որևէ փաստ, որը պետք է դիտարկվի որոշակի իրավական կարգավորումների շրջանակում, այնուհետև գնահատական տրվի՝ արդյոք նման պնդումները գոյություն ունեն, թե ոչ»։

Epress.am-ի լրագրողը ՄԻՊ աշխատակցին ներկայացրել է կոնկրետ դեպք, երբ Գասպարին բարձրաձայնում էր, որ իր նախկին խցակից Մխիթար Սարգսյանին 2016 թվականի մարտի 1-ին սպանել են բանտում։ Ըստ պաշտոնական վարկածի, Մխիթար Սարգսյանը ինքնասպանություն է գործել ազատվելուց երկու օր առաջ։ Ինժեները բանտից դուրս գալուց հետո ասել էր, որ Մխիթար Սարգսյանին սպանել են իրեն «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգելու համար։ Ամուսնու ինքնասպանության վարկածին չէր հավատում նաև նրա կինը։

Պալյանը նշել է, որ ինքը դեպքը կոնկրետ չի հիշում, բայց եթե նման բողոք եղել է, իրենք պարտավոր են այն ուսումնասիրել։