Գլխավոր / Դատարան / Մահացած կնոջ ամուսինը ստորագրության դիմաց ազատ է արձակվել

Մահացած կնոջ ամուսինը ստորագրության դիմաց ազատ է արձակվել

Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում օգոստոսի 3-ին մահացած 34-ամյա Մ․ Աղաջանյանի ամուսնու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքից մեկ օր անց՝ օգոստոսի 4-ին, Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով): Ամուսնուն ձերբակալել էր։ Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության մեջ, սակայն, Աղաջանյանի ամուսնուն մեղսագրված հոդվածը փոխված է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, նշված է Քննչականի այսօրվա հաղորդագրության մեջ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով (Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ վարույթն իրականացնող մարմնին տրամադրված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսանում սուր սրտանոթային անբավարարությունը», — նշված է Քննչականի հայտարարության մեջ։

Քննությունը պարզել է, որ ամուսնու հետ համատեղ բնակվելու ընթացքում կինը պարբերաբար ենթարկվել է բռնության ամուսնու կողմից։ Հերթական բռնությունը գործադրվել է 2017 թվականի հուլիսի 16-ին՝ իրենց բնակարանում, որից հետո կինը բնակության է տեղափոխվել իր հայրական տուն։

Նշենք, որ դեպքի օրը մահացածի հարազատները դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին ասել են, թե կինը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սակայն, Աղաջանյանի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։