Գլխավոր / Բանտ / «Սասնա ծռերի» անդամը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռերի» անդամը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռերի» անդամ Վարդան Գերավետյանը դադարեցրել է մոտ 20 օր տևած հացադուլը։ Այս մասին իր ֆեյսբուքայն էջում գրել է նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը։

Վերջինս տեղադրել է նաև Գերավետյանի ուղերձը․ «Մեր նպատակն էր բարձրաձայնել և իրազեկել մեր ժողովրդին այս պահին առկա մեր կողմից ներկայացված խնդիրների մասին։ Հացադուլի դադարեցումը չի նշանակում պայքարից հրաժարվել, մենք աչալուրջ հետևումն ենք երկրում կատարվող իրադարձություններին և միշտ պատրաստ ենք լինել մեր բազմաչարչար, կեղեքվող հայ ժողովրդի կողքին»։

Գերավետյանը հացադուլ էր հայտարարել՝պահանջելով խմբի անդամների և այլ քաղբանտարկյալներին առանձնացնել մյուս կալանավորներից։ Նա բանտից հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց կալանավորումից հետո շրջանառության մեջ է դրվել միտքը, իբր իշխանություններն ուզում էին համաներում հայտարարել, սակայն «Սասնա ծռերի» պատճառով չեն իրականացնում՝ այդպիսով փորձելով թշնամանք սերմանել «Սասնա ծռերի» անդամների և մյուս կալանավորված անձանց միջև։ Բացի դա՝ հաճախակի են դարձել խուզարկությունները հատկապես այն խցերում, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբի անդամները․ «Ինչն ապագայում հանգեցնելու է լարվածության և չի բացառվում՝ նաև բախումների։ Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գործողությունները արվում են միտումնավոր և չակերտավոր արդարադատության ճիրաններում հայտնված, առանց այն էլ ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող կալանավորված անձանց դժգոհությունը առաջացնելու նպատակով»: