Home / Դատարան / Աշակերտը կորցրել է աչքը․ դատարանը բավարարվել է պետության օգտին ուսուցչից գումար բռնագանձելով

Աշակերտը կորցրել է աչքը․ դատարանը բավարարվել է պետության օգտին ուսուցչից գումար բռնագանձելով

«Կախիչը էնպես կտամ, կմտնես պատի մեջ»․ Սևան քաղաքի ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը 2014 թվականին դասասենյակում սպառնացել էր ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանին, կախիչը հրել է նրա ուղղությամբ՝ վնասելով աշակերտի աչքը։ Միջադեպի հետևանքով Խաչատրյանն աչքը կորցրել է։ Չնայած երեխայի պնդմանը, որ ուսուցիչը դա դիտավորյալ է արել, հայաստանյան դատական ատյանները տեղի ունեցածը համարել էին անզգուշություն և ուսուցչուհուց, ի նպաստ պետության, գանձել 200 հազար դրամ։ Մարդու իրավունքերի եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ Epress.am-ը զրուցել է տուժողի շահերի պաշտպան Անի Չատինյանի հետ։

2014 թվականի դեկտեմբերի 9-ին՝ դասի ընթացքում, տուժողի իրավահաջորդի խոսքով, աշակերտը մրսել է, ապա առանց ուսուցչի թույլտվության փորձել է աննկատ մոտենալ երկաթյա կախիչին՝ վերարկուն վերցնելու համար։ Ուսուցիչը նկատել է, շարժվել է աշակերտի ուղղությամբ, իսկ Խաչատրյանը թաքնվել է կախիչի հետևում։ Հասմիկ Մարգարյանը կախիչը հրել է աշակերտի ուղղությամբ և կախիչի հարվածի հետևանքով Խաչատրյանը կորցրել է ձախ աչքը:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականին Հասմիկ Մարգարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու մեջ և ի նպաստ պետությանը տուգանել 200 հազար դրամով։

«Տուժողի ներկայացրած հանգամանքները վկայում են, որ դեպքը կատարվել է դիտավորյալ։ Եվ տուգանել ընդամենը 200 հազար դրամ, դա աբսուրդի հասնող երևույթ է։ Երեխան ողջ կյանքում աչք չի ունենա», – մեզ հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Վերջինս նշել է, որ կազմակերպությունն աշակերտի շահերի պաշտպանության սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ առաջին ատյանի դատարանն արդեն որոշումն ընդունել էր, և դրա համար չի կարող ասել, թե ինչն է դեր խաղացել նման մեղմ վճիռ կայացնելու համար։

Հայցվոր կողմը որպես հասցված նյութական վնաս 16․400․000 դրամ բռնագանձելու պահանջ էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր դատարանի կողմից։ Նույն 2016-ին Վերաքննիչ դատարանը վնասի փոխհատուցման մասով գործը կրկին ուղարկել է առաջին ատյանի դատարան, և քննությունը շարունակվում է միչն օրս։ Ուսուցչի գործողությունների հետ կապված Վերաքննիչն առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր անփոփոխ։

Տուժող կողմի պնդմամբ՝ գործի քննությունն ամբողջական չի եղել. դպրոցի ղեկավարության որևէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ ուսուցչին նշանակված 200.000 դրամ տուգանքն էլ համարժեք չէ նրա կատարած արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին: Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով, և մերժել տուժող կողմի բոլոր միջնորդությունները: Դա հաշվի առնելով՝ Չատինյանը դիմել է Վճռաբեկ դատարանը, որը, սակայն, վերադարձրել է բողոքը՝ առանց քննության ենթարկելու։

«Վճռաբեկ դատարանը Հայաստանում հայեցողական դատարան է, ոչ բոլոր տեսակի գործերն են վարույթ ընդունվում», -նշել է փաստաբանը։

Տուժող կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այդ գանգատով տուժողներն անդրադարձել են այն հանգամանքին, որ ուսուցչի գործողությունների արդյունքում Մեսրոպը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ցավ է զգացել: Ծնողների և համադասարանցիների պնդմամբ՝ առաջադիմությամբ աչքի ընկնող, կենսուրախ տղան այժմ իրեն ճնշված է զգում, կատարվածը վերապրելու վախից դպրոց այլևս չի ուզում հաճախել:

Բացի դրանից, ՄԻԵԴ ուղարկված գանգատում նշվել է, որ քննության առարկա չի դարձել անչափահասների դասասենյակում երկաթյա կախիչի առկայությունը, որն ինքնին վտանգ է ներկայացնում: Պետությունը, ի դեմս դպրոցի ղեկավարության, պատասխանատվություն վերցնելով անչափահաս երեխաների համար, չի կանխատեսել երկաթյա կախիչի հնարավոր վտանգը: