Home / Բնապահպանություն / Կառավարությունը խոստանում է՝ Դեբեդի վրա կառուցվող հէկ֊ը կլինի անվտանգ

Կառավարությունը խոստանում է՝ Դեբեդի վրա կառուցվող հէկ֊ը կլինի անվտանգ

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից Լոռու մարզում՝ Դեբեդ գետի վրա, 76 մեգավատ հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագիրը։ Նախնական գնահատականներով՝ ներդրումները կազմելու են շուրջ 150 մլն դոլար։ Epress.am-ի հետ զրույցում բնապահպան Լևոն Գալստյանը նշել է, որ եթե հէկ-ը կառուցվի բոլոր բնապահպանական նորմերի պահպանմամբ, ապա դա ավելի նպատակահարմար է, քան այն դեպքերում, երբ հէկ-երը կառուցվում են փոքր և միջին գետերի վրա։ Բնապահպանը պատճառաբանել է, որ հատկապես չորային սեզոնի ժամանակ հէկ-երն ամբողջությամբ ջրազրկում են փոքր գետերը։

Ներկայացված ծրագրի հիմնավորումներում նախարարությունը նշել է, որ ներկայումս էներգետիկ նպատակներով խոշոր գետերից մնում են չօգտագործված Դեբեդն իր Ձորագետ վտակով և Արաքսը: Բացի դրանից, ծրագրի իրականացումը «թույլ կտա օգտագործել առկա ջրային ներուժը» և հնարավորություն կընձեռի «Լոռու մարզում նոր աշխատատեղերի ստեղծման համար»։

«Շնող» հէկ-ը կառուցվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ համատեղ։ Այս նախագիծը ակումբի առաջին խոշոր ծրագիրն է։ Համաձայն պաշտոնական հիմնավորման, «Շնող» հէկ-ը բնապահպանական տեսանկյունից լինելու է հնարավորինս անվտանգ:

Նշենք, որ ըստ տրամադրված լիցենզիաների 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում 39 փոքր հէկ֊եր:

Տարիներ շարունակ բնապահպանների, փոքր հէկ-երի մոտ գտնվող համայնքների բնակիչները ահազանգներ են հնչեցրել դրանց օգտագործման հետևանքով գետերի ջրազրկման հետ կապված։

Մասնավորապես, 2016 թվականին «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հրապարակել է Արագածոտնի մարզի անջուր մնացած Գեղարոտ գետի մասին տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ «Արագած 1» փոքր հէկն ամբողջությամբ վերցրել է գետի ջուրը և ուղղել դեպի իր խողովակները:

Նույն մարզի բնակիչները, որոնք օգտնվում են Ամբերդի գետի ջրից, 2016 թվականի հունիս ամսվա ընթացքում ջրազրկված են եղել։ Ջրազրկման պատճառը Ամբերդի վերին հոսանքում կառուցված հիդրոէլեկտրակայաններն են, որոնք առավոտից գիշեր արդեն 5-6 տարի ամռան սկզբից զրկում են համայնքներին խմելու և ոռոգման ջրից։ Համայնքի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ էին անցկացրել և փակել Երևան-Գյումրի մայրուղին, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հէկ֊երը պատկանում են ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ Մելս Չիլինգարյանին։

Հէկերի պատճառով աղետալի վիճակում է գտնվում նաև Լոռու մարզի Մարց գետը։ Դեբեդի վտակ Մարց գետի վրա կառուցված երկու ՓՀԷԿ՝ «Մարցիգետ-2» և «Մարցիգետ-1» շահագործման արդյունքում գետը մոտ 11 կմ երկարությամբ հատվածում հոսում է ոչ թե իր բնական հունով, այլ խողովակների միջով։ Սակավաջուր շրջանում, իսկ դա կազմում է տարվա մեջ գրեթե 8 ամիս, Մարց գետն ըստ էության վերանում է՝ իր ողջ կենսաբազմազանության հետ միասին։