Home / Եկեղեցի / Առաքելական եկեղեցու արտոնյալ դիրքը Հայաստանում նպաստում է խտրականությանը

Առաքելական եկեղեցու արտոնյալ դիրքը Հայաստանում նպաստում է խտրականությանը

Հայաստանում քրիստոնեական փոքրամասնական կրոնական խմբերն ունեն պաշտամունքի ազատության իրավունք, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշել են, որ կարիք են զգացել իրենց հավատքին դավանել աննկատ: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի հրապարակած 2016թ․ կրոնական ազատությունների մասին զեկույցում։

Զեկույցի հեղինակներն ընդգծել են մի շարք խնդիրներ և անդրադարձել են 2016 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մի քանի միջադեպերի։ Մասնավորապես, նշվել է, որ Վանաձոր քաղաքի ավագանու անդամ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացնող Արկադի Փելեշյանն իր մի խումբ աջակիցների հետ մուտք էր գործել Վանաձորի Ավետարանական եկեղեցի և դաժան ծեծի ենթարկել Վանաձորի Ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին:

Քննչական կոմիտեն քննություն էր սկսել պարզելու՝ արդյոք Փելեշյանին կարող է պաշտոնապես մեղադրանք ներկայացվել ծեծի ենթարկելու համար: Հովիվ Գրիգորյանի հրապարակային հայտարարությունների համաձայն, հարձակումը կիրակնօրյա պատարագի ընթացքում Փելեշյանի քաղաքական կուսակցության քարոզչական նյութերի բաժանումը թույլ չտալու պատճառով էր: Հոկտեմբերի 5-ին protestant.am կայքը, որը Ավետարանական հավատքի քրիստոնյաների մեդիա նախաձեռնություն է, հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ դատապարտելով հարձակումն ու նշելով, որ դա «անպատժելիության, ավետարանական հավատքի քրիստոնյաների հանդեպ լրատվամիջոցներում տարածվող ատելության խոսքի ու անհանդուրժողականության» արդյունքն է: Նոյեմբերի 8-ին Քննչական կոմիտեն կարճեց գործը, այն բանից հետո, երբ Փելեշյանը հրապարակավ ներողություն խնդրեց հարձակման համար, և Գրիգորյանն ու Փելեշյանը հաշտվեցին:

Որոշ փոքրամասնական քրիստոնյա խմբեր տարվա ընթացքում հաղորդել են, որ ունեցել են պաշտամունքի ազատություն, եթե դա արել են աննկատ կերպով՝ սահմանափակվելով միայն իրենց շինություններով ու համայնքով: Նրանք նշել են, որ իրենց տիրույթներից դուրս գալու փորձերը կամ դավանափոխության ճանապարհով անդամների թիվն ավելացնելու ջանքերը կարող էին խնդիրներ առաջացնել: Արդյունքում, ինչպես նշում էին այդ խմբերը, նրանք աննկատ են գործել ու ինքնագրաքննություն են իրականացրել:

«Եհովայի վկաները հայտնում էին, որ իրենք շարունակել են իրավական ճանապարհով հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը ու փորձել են երկխոսություն վարել կառավարության հետ: Նրանք հաղորդում էին, որ հրապարակային հոգևոր գործունեության ժամանակ ոստիկանության կողմից ավելի լավ պաշտպանություն է ապահովվել և իրենց անդամների հանդեպ պետական կառույցների կողմից ավելի լավ վերաբերմունք է դրսևորվել: Կրոնական խմբերի մեծ մասը սակայն նշում էին, որ իրենց խնդիրները փորձել են ոչ պաշտոնական կերպով լուծել՝ խուսափելու հնարավոր հետագա խնդիրների:

Ավետարանական քրիստոնյաների խմբերը հայտնում էին, որ իրենք հրաժարվել են բանտարկյալներին հոգևոր հովվի այցելության համար դիմումներ ներկայացնելուց, չնայած բանտարկյալների խնդրանքներին, քանի որ բանտերի վարչակազմի կողմից վերջին մի քանի տարիներին այդ խնդրանքները մշտապես մերժվել են:

Ըստ մի շարք կրոնական խմբերի՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչները շարունակել են խոչընդոտել կրոնական խմբերին պատկանող հողատարածքներում պաշտամունքային շինությունների հետ կապված կառուցապատման կամ ճարտարապետա-շինարարական նախագծման թույլտվությունների ձեռք բերման ջանքերին:

Մի քանի փոքրամասնական դավանական խմբեր շարունակում էին հաղորդել, որ տեղական ինքնակառավարման մարմինները պաշտամունքի վայրերի կառուցելու շինարարական թույլտվությունը տվել են միայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդների ոչ պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո: Որոշ կրոնական խմբեր փաստում էին, որ շինարարական թույլտվություններ ստանալու հարցում ավելի հեշտ է եղել, երբ դիմում է ներկայացվել անհատի կողմից կամ եթե դիմումում որպես նպատակ հիշատակվել է շինության որևէ այլ տիպ և ոչ թե պաշտամունքային կառույց: Մի շարք այլ խմբեր հաղորդում էին, որ պաշտամունքի վայրի համար նոր շենքեր կառուցելու փոխարեն իրենք ձեռք են բերել գոյություն ունեցող շինություններ և վերանորոգել դրանք՝ ծառայեցնելու այդ նպատակին:

Եզդիական խմբի հաղորդման համաձայն՝ Ջրաշեն համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները մերժել են համայնքի հրապարակում եզդի առաջնորդին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկը: Եզդիական խմբի համաձայն, գրավոր մերժում չի ներկայացվել, սակայն մերժման պատճառը ապագայում այդ նույն հրապարակում Հայաստանյայց առաքելական եկեղեցի կառուցելու հնարավորությունն է և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ցանկությունը, որ իրենց եկեղեցու մոտակայքում չլինի կրոնական խորհրդանիշներ պարունակող եզդիական հուշարձան», ֊ նշել են զեկույցի հեղինակները:

ԱՄՆ Պետդեպն ընդգծում է, որ Հայաստանում գործող իրավապաշտպան ակտիվիստները շարունակել են մտահոգություն հայտնել առ այն, որ կառավարության կողմից Հայաստանյայց առաքելական եկեղեցին ինտեգրվում է հանրակրթական համակարգի մեջ, և Հայաստանյայց առաքելական եկեղեցուն թույլատրվում է դպրոցներում տարածել այնպիսի նյութեր, որոնց հռետորաբանությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հարելը նույնացվում է ազգային ինքնության հետ:

«Ըստ տարբեր կրոնական խմբերի ու ՀԿ-ների, որոնք հանդես են գալիս կրոնական հանդուրժողականության դիրքերից, կառավարության հռետորաբանությունը, որով Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետևորդ լինելը նույնացվում է ազգային ինքնության հետ, շարունակել է նպաստել Հայաստանյայց առաքելական եկեղեցուց զատ մնացած կրոնական կազմակերպությունների հանդեպ խտրականությանը:

Ազգային փոքրամասնություններին առնչվող կրոնական խմբերը, օրինակ՝ առաքելական ասորիները, շարունակել են հաղորդել, որ ավելի լավ հարաբերություններ ունեն պետական հաստատությունների հետ, քան այն փոքրամասնական կրոնական խմբերը, որոնց հարողները էթնիկ հայեր են», ֊ ընդգծում է զեկույցը:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: